Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի գործով մեղադրյալ Էմմա Սարգսյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել. պատրաստ է վճարել 3 միլիոն 600 հազար դրամ տուգանքը

Մարտ 21,2024 16:55

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի դիմումի քննությունը:

Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազի պահանջն ամբողջությամբ․ ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս (1 տարի 11 ամիս կալանքի հաշվանցմամբ), կազմակերպել, մասնակցել հավաքների, այլ հանրային միջոցառումների ու փոխել բնակության վայրը:

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի համար 1 տարի 11 ամիս եւ 4 օր պատժաչափ էր պահանջել: Հանրային մեղադրողը դատարանին միջնորդեց, որպեսզի Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառվի 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։ Սա ամենախիստ պատժաչափն է, որը նախատեսված է Չալաբյանին մեղսագրվող արարքի համար։ Նման պատժամիջոց կիրառելու համար դատախազը նկատի է ունենում նաեւ այն հանգամանքը, որ նախաքննության եւ դատաքննության փուլում Ավետիք Չալաբյանն, ընդհանուր առմամբ 3ամիս եղել է կալանավորված. կալանքի յուրաքանչյուր օրը հաշվվում է 2 օր։

Ինքը՝ Ավետիք Չալաբյանը համարում է, որ մեղադրանքն ունի բացառապես քաղաքական տրամաբանություն եւ հիմք:

Հիշեցնենք նաեւ, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Դատարանը, նախ լսեց գործով մեղադրյալ Էմմա Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը՝ վերջինիս մասով առաջին ատյանի դատարանի վճիռը ուժի մեջ մտած համարելու եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին: Էմմա Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել եւ դատարանում հայտարարեց, որ իբրեւ երաշխիք, իր պաշտպանյալը պատրաստ է դեպոզիտային հաշվին վճարել դատարանի սահմանած տուգանքը՝ 3 միլիոն 600 հազար դրամը, խափանման միջոցի փոփոխության համար:

Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգեց՝ մինչեւ համապատասխան հաշվին գումարի փոխանցումը: Նախագահող դատավոր Նիկողոսյանը նաեւ չբացառեց, որ միջնորդությունը կբավարարվի՝ դեպոզիտային հաշվին համապատասխան գումարի առկայության պարագայում:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031