Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք ԵՄ շարունակական և առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. Խանդանյան

Մարտ 21,2024 16:27

Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում:

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ մեր վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները զգալիորեն բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ տեմպի առումով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին` այս առումով Հայաստանի կառավարության ջանքերն ու ձգտումները գնահատելու, ինչպես նաեւ մեր ժողովրդավարությանն ու անկախությանն անսասան աջակցելու համար:

Եվրոպական երկարաժամկետ քաղաքացիական մոնիտորինգի առաքելության տեղակայումը Հայաստանում ոչ միայն ամրապնդում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, այլեւ ընդլայնում է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ես լավատես եմ, որ շուտով որոշում կկայացվի նաեւ Եվրոպական խաղաղության գործիքի հասանելիության վերաբերյալ:

Մենք նաեւ ձգտում ենք հնարավորինս շուտ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը եւ հավատարիմ ենք մնում CEPA-ի շրջանակում աշխատանքի մեր մասի իրականացմանը, ինչպես նաեւ հաղորդակցության, էներգետիկ եւ այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Հայաստանը նաեւ ակնկալում է Եվրոպական միության շարունակական եւ առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս կապակցությամբ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս խորհրդարանի կողմից մարտի 13-ին ընդունված բանաձեւի համար, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությանը: Այս բանաձեւը ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների զարգացող դինամիկան եւ դրական տեղաշարժերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի ու բանակցությունների սկզբունքները:

Այս բանաձեւի 16-րդ հոդվածը հստակ ձեւակերպում է այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն կարգավորման եւ ապագա խաղաղության համաձայնագրի հիմքում:

Իմ գործընկերն արդեն խոսել է այդ սկզբունքների մասին: Ես պարզապես ուզում եմ ավելացնել, որ այդ սկզբունքները համաձայնեցվել եւ հաստատվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին երկու տարիների բանակցությունների ընթացքում: Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառությունները հարաբերությունների շուտափույթ կարգավորման այս հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին եւ խոչընդոտել խաղաղ գործընթացի առաջընթացին:

Չափազանց կարեւոր է ընդգծել, որ Ալմաթիի հռչակագրում ամրագրված սկզբունքներին հավատարմությունն առարկայական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար նշանակություն ունի Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

https://www.youtube.com/watch?v=pbdOAVfjgDk

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031