Ermenihaber. Մարտի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իսպանացի իր գործընկերոջ՝ Ժոզե Մանուել Ալբարեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակում է մնալ առաջնահերթություն և այդ մասին Ալբարեսի հետ հանդիպման ընթացքում ևս նշել է:
«Եվս մեկ անգամ ասել եմ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն այնքան կարևոր է, որ այն չի կարող թողնվել որոշ երկրների արտասովոր քաղաքական օրակարգերին»,-հայտարարել է Ֆիդանը:
Թուրք նախարարը նշել է նաև, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ կան, որոնք մշտապես անկեղծորեն աջակցում են Թուրքիային եվրաանդամակցության հարցում և դրանցից մեկն էլ Իսպանիան է:
Կարդացեք նաև
Բացի այդ անդրադառնալով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացման և խորացման գործընթացում երկուստեք շահերին և օգուտներին՝ Ֆիդանն ասել է.
«Մասնավորապես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցում համապարփակ քննարկումներ չեն եղել, թե ինչ կարելի է անել: Անհրաժեշտ է, որ այս քննարկումները սկսվեն, իսկ եթե այդ առողջ քննարկումները չլինեն երկու կողմերն էլ կարող են չտեսնել այն փոխադարձ լուրջ շահը, որը հնարավոր էր ունենալ»:
Ապա նաև հավելել, որ Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոպայում և ԵՄ-ի անդամակցության գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում:
«Այս հարցում կամքի ցուցաբերելու մասին հայտարարությունները, որոնց սպասում է Թուրքիան, ԵՄ-ի անդամ առանցքային երկրներից են հնչում: Նմանատիպ քաղաքական կամք կար 2004-ից 2005-ին, որը սակայն ավելի ուշ քայքայվեց ու հետզհետե վերացավ։ Եվ մենք տեսանք, որ Թուրքիայի առնչությամբ ԵՄ-ում լիովին այլ քաղաքական միտք և տրամադրվածություն ձևավորվեց»,- պարզաբանել է Ֆիդանը: