Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պատկերացնո՞ւմ եք, մեզ պատերազմով սպառնում է ոչ թե Ալիեւը կամ Էրդողանը, մեզ պատերազմով սպառնում է ՀՀ դե յուրե ղեկավար Նիկոլ Փաշինյանը»

Մարտ 21,2024 16:19

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով Տավուշի 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի ցանկության մասին՝ նշեց, որ հիմա Տավուշում պատերազմ է հասունանում:

«Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղեր գնաց մարդկանց ասելու, որ կամ խելոք կհամաձայնեք հանձնել այդ տարածքները՝ բնակավայրերը, գյուղերը, որոնք Հայաստանի անվտանգության գոտին են, կամ շաբաթվա վերջում Ադրբեջանը պատերազմ է սկսելու: Հայտարարեց, որ Թուրքիան էլ հարձակվելու է Արմավիրից: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի 48 ժամվա ընթացքում եթե մենք չհանձնենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից այդ բնակավայրերը, Ադրբեջանը սկսելու է պատերազմ:

Դուք պատկերացնո՞ւմ եք, մեզ պատերազմով սպառնում է ոչ թե Ալիեւը կամ Էրդողանը, մեզ պատերազմով սպառնում է Հայաստանի Հանրապետության դե յուրե ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վաղն էլ ասելու է. Իջեւանը պիտի տանք, որովհետեւ վտանգի տակ է Երեւանը, Ալավերդին պիտի տանք, Նոյեմբերյանը, Վանաձորը, արդեն Արմավիրն էլ պիտի տանք:

Ես տեղյակ եմ, որ հիմա Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում ինքնապաշտպանական ջոկատներ են ձեւավորվում: Պատկերացնո՞ւմ եք, սեփական հայրենիքը, սեփական սահմանը, սեփական հողը մարդիկ պաշտպանում են իրականում Նիկոլից: Որովհետեւ պաշտպանել Ալիեւից, նշանակում է պաշտպանել նույն Հայաստանի իշխանությունից, որն ասում է՝ մենք բանակ չունենք: Այսպիսի բան աշխարհում չկա, որ երկրի ղեկավարը ասի ես բանակին արգելել եմ պաշտպանել մեր հայրենիքը: Եվ հայրենիքը պաշտպանելու ֆունկցիան իրենց վրա վերցնեն Տավուշի բնակիչները»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ արձանագրեց, որ հիմա մենակ թողնել տավուշցիներին ուղղակի դավաճանություն է: «Հայաստանից ամեն մի տարածք հանձնվելով՝ հանձնվում է մեզանից յուրաքանչյուրի տունը: Հիմա կոչեր են հնչում. «Տավուշցիներ, ոտքի ելեք»: Վաղն էլ ասելու են. «Գյումրեցիներ, ոտքի ելեք»: Այսօր հանձնվում են Տավուշի գյուղերը, վաղը հանձնվելու են Արարատի գյուղերը, մյուս օրը՝ Լոռու գյուղերը»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031