Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը հանրային ռադիոյի տնօրենի հոդվածի կապակցությամբ

Մարտ 21,2024 16:04

ԶԼՄների ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ հանրային ռադիոյի տնօրենի հոդվածի կապակցությամբ 

Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի՝ ռադիոյի կայքում 2024թ․ փետրվարի 5-ին հրապարակված «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության եւ օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածի, ինչպես նաեւ  դրա առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհրդի 2024թ. փետրվարի 13-ին տարածած հայտարարության վերաբերյալ ՀՀԽ ներկայացրած դիմումի կապակցությամբ։

Ա ՓԱՍՏԵՐ 

  1. Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ) կայքի «Հասարակություն» բաժնում 2024թ․ փետրվարի 5-ին հրապարակված հոդվածում ՀՀՌ գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն անդրադարձել է ռադիոյի եթերում հունվարի 31-ին թողարկված «Անվտանգային միջավայր» հաղորդմանը, որի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Հոդվածի հեղինակը, մասնավորապես, նկարագրելով հաղորդման բովանդակությունը եւ գնահատական տալով հաղորդավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքին, կարծիք է հայտնել, որ «տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր», «հաղորդման որակը շատ ավելի լավը պետք է լիներ», եւ որ «այսուհետ այդ հաղորդումը ուրիշ մարդ կվարի»։ Հոդվածում Խումարյանը նաեւ իր անհամաձայնությունն է հայտնել հաղորդման ընթացքում Հայաստանի անվտանգությանը եւ դրան առնչվող ինքնության խնդիրների հետ կապված՝ վարչապետ Փաշինյանի հայտնած դիրքորոշման հետ։ Հանրային ռադիոյի տնօրենի հոդվածը լսարանի կողմից լայն արձագանք է ստացել՝ դառնալով սոցցանցերի հայկական հատվածի ակտիվ քննարկման առարկա, այդ թվում իր՝ Խումարյանի մասնակցությամբ։
  1. Հոդվածի հրապարակման հաջորդ օրը՝ փետրվարի 6-ին, Գ․ Խումարյանի գործատու հանդիսացող Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն տարածեց՝ տարակուսանք հայտնելով հանրային լրատվամիջոցի՝ Հանրային ռադիոյի կայքի «այսպիսի կամայական օգտագործման» կապակցությամբ։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը «առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը եւ պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու եւ առավելագույն արձագանք ապահովելու համար»։ «Ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու եւ ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է», – մասնավորապես, ասվում է ՀՀԽ հայտարարության մեջ։
  1. Փետրվարի 13-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկայի Դիտորդ մարմին՝ առաջարկելով քննության առնել «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունները, Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը եւ փորձագիտական կարծիք հայտնել դրանց վերաբերյալ։
  1. Ստանալով ՀՀԽ դիմումը՝ Դիտորդ մարմինը կապ է հաստատել Խորհրդի նախագահի եւ անդամների, ինչպես նաեւ Գարեգին Խումարյանի հետ, նրանցից ստացել լրացուցիչ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ։
  1. ՀԽԽ անդամներն իրենց պարզաբանումներում, մասնավորապես, շեշտել են, որ խնդրահարույց են համարում ոչ այնքան Խումարյանի հոդվածի բովանդակային մասը, որքան հոդվածը Հանրային ռադիոյի կայքում հրապարակելը՝ դա համարելով պաշտոնական էթիկայի, ինչպես նաեւ բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենսդրության (ֆիդուցիար պարտականությունների) խախտում։ ՀՀԽ անդամները նշել են նաեւ, որ լրագրող Բարեղամ Ղուկասյանի աշխատանքի մասին հոդվածում հնչեցրած հրապարակային կշտամբանքը եւս չի պատշաճում աշխատանքային էթիկայի նորմերին։
  1. ԴՄ-ին տված պարզաբանումներում Գարեգին Խումարյանը նշել է, որ երկրի քաղաքականությանը վերաբերող հարցերում իր եւ Հանրային ռադիոյի քաղաքական դիրքորոշումը քաղաքական դիրքորոշման բացակայությունն է՝ «քաղաքական ստերիլությունը»։ Նա հայտնել է, որ հանրային հարաբերություններում առաջնորդվում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով եւ այլ օրենսդրական ակտերով, որոնք չեն արգելում իրեն, որպես լրագրող եւ որպես ՀՀՌ տնօրեն, Ռադիոյի եթերում հեռարձակված հաղորդումների որակին վերաբերող իր կարծիքը հոդվածի միջոցով արտահայտել Հանրային ռադիոյի կայքում։ Ինչ վերաբերում է լրագրող Բարեղամ Ղուկասյանի հետ աշխատանքային հարաբերություններին, ապա, ըստ Խումարյանի, նրա հետ որեւէ կոնֆլիկտ չկա, իսկ վարչապետի հետ հարցազրույցի որակին առնչվող իր գնահատականը լրագրողին պարսավելու նպատակ չի ունեցել։ Խումարյանի համոզմամբ` այս պատմության մեջ պարսավանքի արժանի մեկ մարդ կա, եւ այդ մարդը հենց ինքն է՝ որպես ռադիոկայանի տնօրեն։
  1. Դիտորդ մարմինը փորձել է պարզաբանումներ ստանալ նաեւ Բարեղամ Ղուկասյանից, որը հրաժարվել է թեմայի շուրջ մեկնաբանություն տալ։ Հաշվի առնելով, որ Ղուկասյանը վեճի անմիջական կողմ չէ, ԴՄ-ն ընդունելի է համարել շարունակել հարցի քննարկումը՝ առանց լրագրողի պարզաբանումների։
  2. Դիտորդ մարմնի անդամ, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը չի մասնակցել այս վեճի քննությանն ու փորձագիտական կարծիքի կազմմանը եւ ԴՄ առաջարկով միայն լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել որպես ՀՀԽ նախագահ։

Բ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

  1. ՀՀ Սահմանադրություն

Հոդված 42.2. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը: 

  1. «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենք

Հոդված 22. 5. Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի եւ դավանանքի, ինչպես նաեւ ստեղծագործական ազատությունը: 

  1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

Հոդված 90. 1. …Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը)… իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով Ընկերության շահերից, իրականացնեն իրենց իրավունքները եւ Ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն բարեխիղճ ու ողջամիտ կերպով, խուսափեն անձնական եւ Ընկերության շահերի միջեւ իրական եւ հնարավոր բախումներից (ֆիդուցիար պարտականություն): 

  1. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են՝

1.4. Փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել կարծիքներից, վերլուծություններից եւ մեկնաբանություններից,

1.5. Վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա։

3.5 Սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները եւ հետեւել դրանց պահպանմանը:

3.5.2․ Եթե սոցիալական ցանցում կատարված որեւէ գրառում կարող է կասկածի տակ դնել մասնագիտական օբյեկտիվությունն ու բարեխղճությունը, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ այն հրապարակելուց։

6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։

6.4. Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

  1. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի աշխատակարգ

3.5. ԴՄ-ում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն կամ շահերի բախում ունեցող ԴՄ անդամը պարտավոր է քննարկումից առաջ այդ մասին տեղեկացնել ԴՄ համակարգողին՝ հրաժարվելով տվյալ նիստին մասնակցելուց:

4.10. ԴՄ-ն քննության է առնում տեղեկատվության ոլորտում պաշտոնապես գործունեություն իրականացնողների մասնակցությամբ տեղեկատվական վեճերը եւ ըստ անհրաժեշտության հանդես է գալիս հայտարարությամբ կամ պատրաստում եւ հրապարակում է փորձագիտական կարծիք։

Գ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով բողոքի հետ առնչվող նյութերը եւ ստանալով կողմերի պարզաբանումները, արձանագրում է, որ

  • Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի եւ տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող եւ հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների եւ պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին եւ Էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը։

Հետեւաբար, «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության եւ օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը հիմք չի տալիս Դիտորդ մարմնին՝ արձանագրելու Հայաստանի լրատվամիջոցերի եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում։

  • Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները նույնպես չեն արգելում գործադիր տնօրենին հանդես գալ հոդվածով։
  • Գարեգին Խումարյանը ՀՀՌ եթերում հեռարձակված հաղորդման որակի վերաբերյալ իր կարծիքը հրապարակել է Հանրային ռադիոյի կայքի «Հասարակություն» բաժնում, այլ ոչ թե մասնագիտական խնդիրներին նվիրված՝ տնօրենի սյունակում կամ համապատասխան որեւէ այլ բաժնում։ Այս փաստը կարող է հանրության կողմից ընկալվել որպես խնդրո առարկա հարցազրույցում քննարկված խնդիրների վերաբերյալ ռադիոկայանի, ի դեմս իր տնօրենի, քաղաքական կողմնորոշման դրսեւորում: Նման ընկալումից խուսափելու համար շահեկան կլիներ, որ Հանրային ռադիոյի բովանդակությանն առնչվող հոդվածները հրապարակվեին հատուկ սյունակի միջոցով։ Կարեւոր է Հանրային հեռարձակողի արտադրանքի շուրջ երկխոսությունը լսարանի հետ կիսվելու համար (ինչպես ընդունված է առաջադեմ միջազգային պրակտիկայում) համապատասխան խորագրեր կամ ձեւաչափեր նախատեսել, որոնք կտարանջատվեին այլ թեմաներին վերաբերող հրապարակումներից։
  • Ինչ վերաբերում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով ընկերության տնօրենի համար նախատեսված ֆիդուցիար պարտականություններին, ապա, Դիտորդ մարմնի գնահատմամբ, դրանք չեն կարող ուղղակիորեն կիրառվել՝ առանց հանրային հեռարձակողի առանձնահատկություններն արտացոլող լրացուցիչ կարգավորումների։ Այս առումով կարեւոր է նշել, որ այդպիսի (այդ թվում՝ ներքին) կարգավորումները կնպաստեին խորհուրդ-գործադիր տնօրեն-լրագրող հարաբերությունների, ինչպես նաեւ կարեւորագույն թեմաների լուսաբանման, հատուկ նշանակություն ունեցող հաղորդումների, այդ թվում՝ պետության ղեկավարի հետ հարցազրույցների պատրաստման կանոնների հստակեցմանը։ Այդպիսի կանոնները ձեւավորում են նաեւ ավանդույթներ, որոնք, անկախ կադրերից, որոշակի չափով ապահովագրում են վեճերից կամ հուշում դրանց արդյունավետ հաղթահարման ճանապարհները։
  • Հանրային հեռարձակողի խորհրդի փետրվարի 6-ի հայտարարության մեջ օգտագործված ձեւակերպումները («առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ») համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը։ Դիտորդ մարմինը կրկին շեշտում է նման կարգի խնդիրները ներքին կանոնակարգերի միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով կոնկրետ այս դեպքում Գ․ Խումարյանի հոդվածի առաջացրած հանրային հետաքրքրությունը՝ ՀՀԽ-ն կարող էր հայտարարություն տարածել՝ կիրառելով ավելի զուսպ եւ գործնական ձեւակերպումներ՝ առանց մեղադրական նոտաների։
  • Թեեւ Գարեգին Խումարյանը պնդում է, որ վարչապետի հետ հարցազրույցի որակին առնչվող իր գնահատականը հաղորդավար Բարեղամ Ղուկասյանին պարսավելու նպատակ չի ունեցել, եւ իր վրա է վերցնում պատասխանատվությունը, այդուհանդերձ, իր հոդվածում տեղ գտած որոշ արտահայտություններ («տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր», «այսուհետ այդ հաղորդումը ուրիշ մարդ կվարի» եւ այլն) մեծ հավանականությամբ ազդում են լրագրողի համբավի վրա։ Նույնիսկ նրա աշխատանքի մասին Հանրային ռադիոյի տնօրենի քննադատական գնահատականի պարագայում, ցանկալի կլիներ, որ դրանք մնային ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային ռադիոյի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր եւ հետագայում առաջնորդվել դրանով։
  • Առաջադեմ միջազգային պրակտիկայում կիրառվում են նաեւ սոցիալական ցանցերում աշխատակիցների վարքագծի նորմեր։ Հայաստանի հանրային հեռարձակողը նույնպես մշակել է համապատասխան կանոններ, սակայն դրանց ոչ հետեւողական կիրառումը կարող է ռիսկեր ստեղծել լրատվամիջոցի հեղինակության համար։
  • ԴՄ-ն հույս է հայտնում, որ միջադեպը եւ սույն փորձագիտական կարծիքը առիթ կդառնան Հանրային հեռարձակողի ներքին կարգավորումների մշակման եւ կիրառման համար։

Ընդունվել է 2024 թ. մարտի 20-ին,

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

 Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԳԱԼԱ» ՀԸ գործադիր տնօրեն

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Իրավաբան

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ

Ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ 

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին  80-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին,  վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների՝ 2023 թվականի հունիսի 25-ի ընդհանուր ժողովում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031