Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահարկվում է, որ Հայաստանն իր տարածքն է զիջում, իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչ մերն է, մերն է, ոչինչ չենք զիջում»

Մարտ 21,2024 15:26

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացում չկան համաձայնեցված քարտեզներ եւ հարցին՝ ռիսկային չէ՞ այդ պարագայում գործընթաց սկսել Տավուշի մարզում, ասաց․ «Չխճճվելու եւ չխճճելու համար կարեւոր է ֆիքսել հետեւյալ սկզբունքը՝ այն, ինչ գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, Հայաստանի Հանրապետությանն է, եւ որեւէ մեկը չի պատրաստվում եւ չի կարող հանձնել որեւէ հողակտոր։ Ինչը, որ դուրս է գտնվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից, ուրեմն դուրս է գտնվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից»։

Արթուր Հովհաննիսյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է չհամաձայնեցված քարտեզներով գնալ սահմանազատման եւ սահմանագծման, վարչապետն ինքն էլ, խոսելով քարտեզների մասին, ասաց, որ տարբեր թվականների քարտեզներ գոյություն ունեն, տարբեր թվականների իրավական հիմքեր ու որոշումներ, որոնցով ձեւավորվել են խորհրդային Հայաստանի սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրով հիմա պետք է դառնան մեր պետական սահմանները։ Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովում հասցեագրվում են այս հարցերը, եւ առաջ ենք շարժվում՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք գոյություն ունեն։ Ռիսկեր միշտ էլ գոյություն ունեն, մենք չենք ասում, որ ոչ ռիսկային ճանապարհով ենք շարժվում։ Մենք հենց այդ մարտահրավերները լուծելու համար ենք այս ճանապարհով առաջ շարժվում»։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց․ «Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում։ Կան բազմաթիվ քարտեզներ, եւ քարտեզներն իրենք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում։ Հիմա այս դեմարկացիայի հետ կապված խնդիրը՝ պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում, բայց հատվածական։ Բայց այս ընթացքում թեման այնքան քարտեզը չէ, ինչքան շահարկելը, որ Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի, Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչ մերն է, մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն՝ այն, ինչ մենք գիտենք, միջազգայնորեն ճանաչված սահմանագծման արդյունքում դա պետք է ընդունի նաեւ հակառակ կողմը։ Եթե գնում են խաղաղության, միակողմանի չպետք է լինի, հակառակ կողմը նույնպես պետք է ձգտի խաղաղության»։

Հարցին, թե Բերքաբերի հողերը կվերադարձվե՞ն Հայաստանին, Քոչարյանը պատասխանեց․ «Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ որն է մերը, որն է իրենցը, պետք է հիմքում ինչ-որ իրավական փաստաթուղթ ունենանք կա այն քարտեզը, որի հիմքում դրված են իրավական մեխանիզմները, որով ձեւավորվել են այս վիճահարույց տարածքները։ Վիճահարույց էլ չէ, մենք ասում ենք՝ միլիմետրի ճշտությամբ գիտենք, որ դա մերն է, նրանք էլ ասում են՝ մերն է։ Բայց հիմա եկեք տեսնենք՝ որն է մերը, որն է իրենցը։ Սարի այս հատվածը ռազմական տեսանկյունից շատ բարենպաստ է, որ լինի քո ձեռքին, բայց դա քարտեզագրման արդյունքում ոնց է բաժանվելու կոնֆլիկտային կողմերի միջեւ, այ դա է խնդիրը, որ այդ բաժանումն այնպես պետք է լինի, որ երկարատեւ խաղաղության խնդիրը լուծի։ Այն, ինչ մերն է, չենք տալու։ Մենք պետք է տեր լինենք մերին, որպեսզի նրանք էլ հասկանան, որ մենք տիրոջ կեցվածքով կանգնած ենք»։

Հարցին, իսկ եթե Ադրբեջանը չվերադարձնի հայկական տարածքները, ի՞նչ է սպասվում, Քոչարյանը պատասխանեց․ «Կիկոսի մահը հիշեցրեց ձեր հարցը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031