Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելով՝ Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական կողմի այն պնդումները, որ արցախյան հարցը փակված է»

Մարտ 21,2024 14:37

«Դավաճանական պահվածքի մեկ այլ օրինակ, որին ականատես ենք լինում վերջին օրերին, այն է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության շուրթերից հնչում է տեսակետ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կառավարության դատական հայցերը հետ քաշելու մտադրության մասին, որն, ըստ էության, միակողմանիորեն ադրբեջանա-թուրքական պահանջի կատարման դրսեւորում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը 5 հայց ունի Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի Արդարադատության դատարաններում։ Եվ այդ հայցերը վերաբերում են մեր անօտարելի իրավունքներին, այն է՝ Արցախ վերադարձի իրավունքը, մշակութային ժառանգության պաշտպանության, գույքային եւ այլ իրավունքներ։

«Այսինքն՝ այդ հայցերն ամբողջական ներկայացնում են Արցախի իրավունքները, որ հայ ժողովրդի իրավունքների մի մասն է։ Եվ այս վերջին շրջանում դրանց գումարվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի, գերիների հետ կապված բոլոր խնդիրները։ Ըստ էության՝ ի՞նչ է տեղի ունենալու։ Հայցերը հետ քաշելու պարագայում Հայաստանը լեգիտիմացնելու է ագրեսիայի, պատերազմի, իսկ ավելի կոնկրետ՝ ցեղասպանության ճանապարհով պատերազմը, կոնֆլիկտը լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումները։ Այդ հայցերը հետ քաշելով՝ Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական կողմի այն պնդումները, որ արցախյան հարցը փակված է։ Եվ մեզ համար ամենաողբերգականը կլինի այն, որ Հայաստանի իշխանություններն այդպիսով կդառնան ցեղասպանության հանցակիցը։ Բացի այն, որ հանցակից են այն իմաստով, որ Արցախի Հանրապետության երաշխավորի մեր պարտավորությունները չենք իրականացրել, ինչը եւս հակասահմանադրական է ու դավաճանական քայլ մեր հավաքական շահերի հանդեպ, բայց ամենավտանգավորն այս ամբողջ համալիրի մեջ նաեւ այն է, որ, ըստ էության, մենք փակում ենք Արցախ վերադարձի իրավունքը եւ Արցախը՝ որպես հայ դաստի ամբողջական մի հատված»,- ասաց նա։

Գալստյանը հավելեց, որ կամազուրկ իշխանություններն այս ընթացքով ցեղասպանության մեր օրակարգերից հրաժարվելու ընթացքի մեջ են։ «Երեկ ամենացավալի հայտարարություններից մեկը հնչեց, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ ինքն ընդամենը պատասխանատու է այն մետաղի կտորի համար, որն իբրեւ թե Հայաստանի ուրվագիծն է, որի իրական կոորդինատները նույնիսկ ինքը չգիտի»,- հավելեց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031