ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իր ելույթում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն:
ԱԺ նախագահը կարեւորել եւ գոհունակություն է հայտնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում:
Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում են Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, նույն խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Էլինար Վարդանյանը:
Լիագումար նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «ԵՄ հետագա ընդլայնման ազդեցությունն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վրա» խորագրով լիագումար նիստ, որի շուրջ ելույթ են ունեցել Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Խաչատրյանը:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահի ամբողջական ելույթը` տեսանյութում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ