Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինստիտուտի տարածքում շինարարությունը խաթարում է մեր աշխատանքը, միլիոններ արժեցող սարքավորումներն ու շենքը վտանգի տակ են» ․նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ցույց էին անում

Մարտ 21,2024 12:12

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում․ինստիտուտի տարածքում ընթացող շինարարությունը խաթարում է ինստիտուտի բնականոն աշխատանքը։

Հիշեցնենք, որ ինստիտուտի ջրավազանի տարածքն օտարվել է 2019 թվականին, այստեղ այժմ բուռն շինարարություն է ընթանում, բնակելի համալիր է կառուցվում։

Գիտաշխատողներն այսօր լրագրողների հետ զրույցում ասացին, որ շինարարության պատճառով չեն կարողանում նորմալ աշխատել։

«Նախ՝ մենք չենք պատկերացնում քիմիական հիմնարկի տարածքում բնակելի շենք կամ այլ բան կառուցելը։ Երբ մեզ երեք ինստիտուտներով միավորեցին, ասացին, որ մեկ ընդհանուր գիտական կենտրոն է ստեղծվում, մեզ այն ժամանակ տեղափոխելիս ասել էին՝ կբարելավենք աշխատանքային պայմանները։ Հիմա հակառակն է տեղի ունենում»,-ասաց գիտաշխատողներից մեկը։

Նրա ներկայացմամբ՝ ինստիտուտը ժամանակին դիմել էր կառավարությանը, որպեսզի այդ ջրավազանը վերանորոգվի, որովհետեւ ինստիտուտը չէր կարող իր միջոցներով դա անել, բայց կառավարությունն օտարեց այն․ «Մենք այնտեղ միլիոններ արժեցող սարքավորումներ ունենք, թեմաներ կան, որոնց համար դրամաշնորհներ ենք ստացել, չենք կարողանում դրամաշնորհով նախանշված մեր աշխատանքները շարունակել։ Մեզ մոտ ջրագիծն է վնասվել, քիմիական լաբորատորիան ո՞նց կարող է առանց ջրի աշխատել, շատ բարակ է ծորում։ Սարքավորումները շատ զգայուն են, թանկարժեք, դրանք գտնվում են վտանգի տակ, քանի որ շինարարական աշխատանքներ են, անընդհատ գրունտ են քանդում, ոնց որ անընդհատ երկրաշարժ լինի, իսկ այդ հզոր տատանումները վտանգավոր են մեզ համար, շենքը հին է, առաստաղները՝ փայտից, չգիտենք՝ ինչ կլինի»։

Այսօր կառավարությունում բողոքի ցույցի մասնակիցներին չընդունեցին։ «Նման վերաբերմունքն անընդունելի է, չցանկացան մեզ լսել, ասացին, որ որեւէ մեկը տեղում չէ կամ խիստ զբաղված են։ Ընդամենը մեր դիմումը մուտք արեցին, մեզ ստացական տվեցին ու ասացին, որ հետեւենք, թե ինչ է լինելու։ Ինչպե՞ս կարելի է մեզ հետ այդպես վարվել, ինստիտուտի մոտ 270 աշխատակցի արհամարհել»։

Գիտաշխատողները գնացին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ շարունակելու ցույցը։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031