Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը հայտնվում է ցուգցվանգում. չես ենթարկվում Բաքվի պահանջներին՝ մեծացնում ես նոր էսկալացիայի վտանգը, ենթարկվում ես՝ կասկածի տակ ես դնում Արեւմուտքի հետ համագործակցության արդյունավետությունը. Բորիս Նավասարդյան

Մարտ 21,2024 12:08

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե դիտել եք Մարիա Զախարովայի վերջին բրիֆինգը, որը երկու ժամ ջանասիրաբար ուղիղ եթերով հեռարձակել են նաեւ որոշ հայկական լրատվամիջոցներ, դժվար թե չեք հասկացել, ինչպիսի հերթական «կոմբինացիա» են խաղարկում Երեւանի դեմ Մոսկվան եւ Բաքուն։ Ադրբեջանը սպառնալիքների միջոցով ստիպում է Նիկոլ Փաշինյանին հայտարարել Տավուշի չորս գյուղերի հանձնման մասին։ Իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով «Բաքու» հեռուստաալիքի ակնհայտորեն պայմանավորված հարցին, զգուշացնում է, որ ՌԴ-ն այդ «գործարքի» հետ ոչ մի կապ չունի եւ որ նման քայլի Փաշինյանին հուշել է գնալ Արեւմուտքը… Այն, որ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի աչքի առաջ մի քանի ուղղություններով Ադրբեջանի ներխուժմանը ՀՀ տարածք հետեւել է մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Բաքվում հորինված «պայմանական հայ-ադրբեջանական սահման» հասկացության շրջանառումը (հենց Զախարովան է առավել ակտիվ դրանով զբաղվում), ինչը փաստորեն լեգիտիմացնում է ցանկացած ադրբեջանական ագրեսիան՝ ոչինչ։ Այն, որ Տավուշի գյուղերի հանձնումը Բաքուն եւ Մոսկվան նախատեսում էին ներառել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում՝ էլի ոչինչ։ Էականը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, ժամանակային համընկնումն է նույն գյուղերի մի մասի հանձնման եւ ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձեցման միջեւ… Հույսը նրա վրա է, որ մեր հասարակությունը շատ բան չի նկատում, չի հիշում, ինչից օգտվելով կարելի է փորձել ցանկացած կորուստի համար մեղքը գցել Մակրոնի, Շոլցի, Միշելի, Բլինքենի եւ Ստոլտենբերգի վրա, վարկաբեկելով Հայաստանի եվրոպականացման հեռանկարը։ Համապատասխան ուղերձը տեղ հասցնելուն նպաստում են, ինչպես երեւում է, ադրբեջանական եւ որոշ հայկական լրատվամիջոցները։ Սխալ կհասկացվեն, եթե գրածս ընկալվի որպես տեղեկությունները քողարկելու կոչ։ Բայց եթերի հսկայական չափաբաժնի հատկացումը, Զախարովայի ոչ մի բառ բաց չթողնելու եւ առանց ուշացնելու վախեցած ու շշկռված լսարանին հասցնելու ձգտումը չեն կարող հարցեր չառաջացնել։

Երեւանը հայտնվում է ցուգցվանգում. չես ենթարկվում Բաքվի պահանջներին մեծացնում ես նոր էսկալացիայի վտանգը, ենթարկվում ես՝ կասկածի տակ ես դնում Արեւմուտքի հետ համագործակցության, այդ թվում անվտանգության ոլորտում, արդյունավետությունը։ Եւ հակառակը՝ Մոսկվան հայտնվում է “win-win” վիճակում՝ էսկալացիան մեծացնում հերթական անգամ «խաղաղարարի» կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունը, իսկ Հայաստանի միակողմանի զիջումը թուլացնում է երկրի դիմադրողականությունը նմանատիպ նոր «կոմբինացիաների» առջեւ։ Ցավոք, սա արդյունք է ոչ միայն մեր դեմ դավադրությունների, այլ նաեւ սեփական ոչ հետեւողական, արկածախնդիր քաղաքականության։ Արդյոք կարողացել ենք դրանից դասեր քաղել, ցույց կտան հետագա զարգացումները… Կներեք, գրառման ավելի օրիգինալ ավարտ չգտա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031