Մարտի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնական կայքում տեղեկացրեց, որ երկու օր հետո՝ մարտի 14-ին, ժամը 10-ին լսելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը: Մարտի 14-ին, սակայն, պաշտոնապես տեղեկացվեց, որ այն կլսվի ապրիլի 4-ին: Վարույթ հարուցող մարմինը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովն է:
Այս դատավորը մի անգամ էլ հայտնվել էր ԲԴԽ ատյանում 2022թ. հոկտեմբերին, երբ ստացավ նկատողություն ԵԴ/1067/01/19 գործով քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված պահանջների խախտման համար:
Հայտնի է, որ այս դատավորը ներգրավված է Սերժ Սարգսյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի քրեական գործով, որը հայտնի է «Դիզվառելիքի գործ» անվամբ: Նշեմ, որ նույն այս դատավորը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Նախկինում նա Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործերով էր նախագահող դատավոր: Միսակյանը Երեւան քաղաքի դատավոր է նշանակվել 2019 թ.-ից: Այս դատավորը միակողմանի ծնողազուրկ, անչափահաս արցախցի Սամվել Միրզոյանին կալանավորեց ցույցերին մասնակցելու համար, անչափահասն անազատության օրերն անցկացրեց ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.03.2024