Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթե բռունցքը ադրբեջանական կողմի համար հայկական Արցախը վերացնելու խորհրդանշան է՝ իր բոլոր հետևանքներով

Մարտ 21,2024 10:26

Monumentwatch.org. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց «հաղթանակի» խորհրդանիշներ, որոնցից մեկն անմիջապես առնչվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դա այսպես կոչված «երկաթե բռունցքն» է: Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմի վերջին իր ելույթի ժամանակ, թվարկելով ադրբեջանական ուժերի կողմից գրավված շրջանների անվանումները, խոսելիս որպես «հաղթանակի» նշան ցուցադրում էր իր բռունցքը: Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից «երկաթե բռունցքն էր կոչվում օկուպացված տարածքների ազատագրման 2020 թվականի օպերացիան»:

Արդեն սկսած 2021 թվականից այս ժեստին Ալիևի կողմից տրվեց մեծ քարոզչական նշանակություն, որով վերջինս ցույց էր տալիս իր ուժը և «հայերին պատժելու, հարված հասցնելու, թշնամու գլուխը ջարդելու» պատրաստակամությունը:

Օկուպացված Արցախ կատարած այցերի ժամանակ Ալիևը իր ելույթներն ուղեկցում էր և եզրափակում էր նման ժեստով: Այդ ժեստը նա կիրառում էր, երբ խոսում էր Հայաստանի և Արցախի մասին: Նույն 2021 թվականին ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել Ալիևի լուսանկարները համապատասխան ժեստով, իսկ Ադրբեջանում մեկնարկեց այսպես կոչված երկաթե բռունցքների արձանների տեղադրման շքերթը:

Ակնհայտ քարոզչական նպատակ հետապնդող այս սիմվոլները տեղադրվել են բացառապես օկուպացված Արցախում՝ Հադրութում, Բերձորում, Քարվաճառում:

Արցախում առաջին նման արձանը որպես յուրահատուկ խորհրդանիշ տեղադրվել է Հադրութ քաղաքի կենտրոնում՝ նշանավորելով այս կարևորագույն շրջանի գրավումն Ադրբեջանի կողմից:

Դատելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեսանյութերի և ինֆորմացիայի, նման արձան նախատեսվում է տեղադրել նաև Ստեփանակերտում: Պատահական չէ, որ Ստեփանակերտի օկուպացիայից հետո անմիջապես ապամոնտաժվեց Ստեփան Շահումյանի արձանը, իսկ համացանցում սկսեցին տարածել անգամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ապամոնտաժման թեման:

Ակնհայտ է, որ երկաթե բռունցքն իր մեջ կրում է ուղղակի ագրեսիա հայկականության ամեն մի դրսևորման դեմ: Այն որպես ադրբեջանական տիրապետության նշան տեղադրվում է Արցախում՝ խորհրդանշելով հայերի հանդեպ հաղթանակը և տարածքի գրավումը: Երկաթե բռունցքը ադրբեջանական կողմի համար հանդիսանում է հայկական Արցախը վերացնելու խորհրդանշան՝ իր բոլոր հետևանքներով: Այս գործընթացն ավելի արագ դրսևորում ստացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, երբ Ստեփանակերտում սկսեցին վերացնել հայկական ինքնությանն առնչվող ամեն մի խորհրդանիշ, Արցախի կառավարության և նախագահական շենքերից հեռացվեցին Արցախի զինանշանները, իսկ կառավարության շենքի գլխավոր ճակատին կախվեց երկաթե բռունցքի մեծադիր պաստառը:

2024 թվականի փետրվարի վերջին ոչնչացվեց Արցախի խորհրդարանի շենքը, իսկ մարտի 18-ին Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Ստեփանակերտ, Արցախի ազգային ժողովի շենքի և Ազատամարտիկների միության շենքի քանդումից հետո ձևավորված հարթակի վրա ելույթ ունեցավ բռունցքը բարձրացնելով և վառելով Նովրուզի խարույկը:  Ալիևն իր ելույթում նշեց, որ Արցախի ազգային ժողովի շենքը սատանայական որջ էր, իսկ նովրուզի խարույկը իրագործում է վերջնական մաքրագործման գործառույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031