Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատների դաշնամուրը» այս երաժշտի շնորհիվ հայտնվեց կոնսերվատորիայում

Մարտ 21,2024 12:00

Հարցազրույց ակորդեոնի «արքա», կոմպոզիտոր Ռիշար Գալիանոյի հետ

Վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն երկու հեղինակային համերգով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ջազ բենդի հետ, հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մինչ երաժշտի հետ հարցազրույցը ներկայացնելը շտապենք հայտնել, որ նա հավաստիացրեց, թե առաջին անգամ է բարձրաձայնում կյանքի որոշ դրվագների մասին։

– Մաեստրո, դուք առաջին անգամ էիք համագործակցում մեր ֆիլհարմոնիկի եւ մեր բարձրարվեստ երաժիշտներից կազմված ջազ բենդի հետ։ Ձեզ համար նախընտրելի է նվագախմբի՞, թե՞ բենդի հետ համագործակցել։ Կարծում ենք՝ նվագախմբի հետ մենակատարն ավելի «զգաստ» վիճակում է, թեեւ գիտենք, որ քանիցս բեմ եք բարձրացել եվրոպական, ամերիկյան նվագախմբերի հետ։

– Նախ նշեմ, որ ինձ համար հաճելի էր, որ երկու համերգներն էլ sold out էին։ Հանդիսատեսը կլանված ունկնդրում էր, հրաշալի կոնտակտ էր ստեղծվել։ Ինձ համար երջանկություն էր այն, որ նման կերպ հայ հանդիսատեսը ականջալուր եղավ բացառապես կյանքիս մասին պատմող ստեղծագործություններիս։ Հիանալի ֆիլհարմոնիկ նվագախումբ ունեք, էլ չեմ խոսում մաեստրո Թոփչյանի պրոֆեսիոնալիզմի մասին։ Եվ ի՜նչ ջազմեններ ունեք… (բենդի կազմում էին դաշնակահար Սամվել Գասպարյանը, կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը եւ Արման Մնացականյանը՝ հարվածային գործիքներ- Ս. Դ.)։ Հաճույքով եմ նվագում թե նվագախմբի, թե փոքր բենդի հետ։ Պետք է անկեղծ ասեմ, որ երբ առաջարկ եղավ ջազ նվագել հայ երաժիշտների հետ, համաձայնեցի, բայց փոքր-ինչ մտավախություն կար։ Հենց առաջին փորձի ժամանակ մտավախություն կոչվածը հօդս ցնդեց, ամեն ինչ ֆանտաստիկ էր։ Գիտե՞ք, բենդի հետ համագործակցությունը սիրո պատմության պես է. կամ կստացվի, կամ ոչ։ Փառք Աստծո, հանդիսատեսի արձագանքը չափից ավելի գոհացնող էր։ Ինչ վերաբերում է նվագախմբի հետ ելույթին, դուք իրավացի եք՝ ամեն ինչ նախօրոք, փորձերի ժամանակ փոխհամաձայնեցվում է, հետեւաբար, ինչպես ասացիք, այո, «զգաստ» վիճակ է ստեղծվում։ Թեեւ կրկնվում եմ, բայց ասեմ, որ ժամուկես տեւողությամբ երկու համերգներն էլ անցան մեկ շնչով։

– Սովորաբար դուք հանդես եք գալիս ավելի շատ հնչեցնելով Պիացոլլա, քան ձեր ստեղծագործությունները։

– Իրավացի եք։ Այս համերգում ես Պիացոլլայից ընդամենը մեկ գործ կատարեցի նվագախմբի հետ։ Վերջին շրջանում նախընտրում եմ ավելի շատ իմ գործերը նվագել, որոնք, պետք է խոստովանեմ՝ իրենց վրա կրում են Պիացոլլայի ազդեցությունը։ Ինչպես ասացի՝ իմ ստեղծագործությունները պատմում են կյանքիս մասին։ Դրանք նվիրված են կնոջս, որդուս, աղջկաս, ընկերներիս…

– Եվ այդ ստեղծագործությունները դուք ստեղծել եք ավելի քան կես դարի ընթացքում։

– Ճի՞շտ եմ ենթադրում, որ դուք տարիքս եք հիշեցնում (ժպտում է- Ս. Դ.)։ Ես 74 տարեկան եմ, գեղեցիկ տարիք է, արժե ապրել ու արարել։

– Մենք էլ կարող ենք ենթադրել, որ այդ տարիների ընթացքում ի՜նչ աշխարհահռչակ երաժիշտների հետ եք հանդիպել ու համագործակցել։ Բայց ասում են, որ 13 տարեկանում ձեր տատիկից ակորդեոն նվեր ստանալը, որը պահում եք մինչ օրս, պատճառ չի դարձել ու չի կանխորոշել ձեր ճակատագիրը՝ դառնալ ակորդեոնահար։

– Շնորհակալ եմ, որ հիշատակեցիք տատիկիս։ Դա ինձ համար շատ թանկ գործիք է, որն արդեն 61 տարեկան է։

Հայրս երաժիշտ էր, նա երեկույթներ էր կազմակերպում, նվագում էր կաբարեներում՝ ակորդեոնի ուսուցչի աշխատանքին զուգահեռ։ Մի օր նա ինձ ասաց, որ երիտասարդներն իրեն թույլ չեն տվել պատյանից հանել գործիքը, այլ ստիպել են էլեկտրոնային երգեհոն նվագել։ Հենց այդ օրվանից ես պարտավորություն, առաքելության նման մի բան վերցրի ինձ վրա՝ ակորդեոնը, դասական գործիքների օրինակով, սիրելի դարձնել մարդկանց համար։

– Եվ դա ձեզ մոտ փայլուն ստացվեց։ Հանդիպել ենք արեւմտյան մամուլում ձեր մասին հոդվածների՝ վերնագրված «Գալիանոն փոխեց ակորդեոնի պատմության ընթացքը», «Գալիանոյից առաջ եւ հետո»…

– Էլ ավելի մանրամասնեմ. ես ցանկացել եմ ակորդեոնը, որին անարդարացիորեն անվանում էին «աղքատների դաշնամուր», ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին։ Թույլ տվեք մեկ անգամ էլ կրկնվեմ. Այո, ես չեմ ընտրել այս գործիքը, բայց սիրահարվել եմ դրան՝ լսելով հորս։ Այն իրականում շատ նոր գործիք է, որը ստեղծվել է մոտ 1828 թվականին։ Ասում եմ նոր՝ ընդհանրապես մարդկության պատմության ընթացքը նկատի ունենալով։ Բոլոր երկրներն ընդունում են ակորդեոնը որպես իրենց ազգային գործիք, իսկ իմ երկրում՝ Ֆրանսիայում, գործիքը վաղուց ընկալվում է որպես իսկական պոեզիա, զգացում, առանձնահատուկ զգայնություն… Այո, ես ապահովեցի այս գործիքի մուտքը կոնսերվատորիա։ Վաղուց այս գործիքով ներկայացնում ենք բարոկկո կամ ժամանակակից երաժշտություն։ Նվագել եմ Վիվալդիի, Բախի, Մոցարտի ստեղծագործություններից։

– Սխրանքի նման մի բան եք արել…

– Այո, դա սխրանք է, բայց այս դեպքում՝ ֆիզիկական։ Ակորդեոնը շատ ծանր գործիք է, նրա քաշը հավասար է մոտավորապես 30 ջութակի քաշի։ Բայց փառք Աստծո, հիմա գործիքը բավականին ճանաչված է ու սիրված։

– Մենք էլ ձեզ տեղեկացնենք, որ մեր երկրում խորհրդային տարիներին ակորդեոնը երաժշտական դպրոցներում եւ ուսումնարաններում ժողովրդական գործիքների բաժնում էր ուսուցանվում: Այնուամենայնիվ, այսօր էլ, ճիշտ է, ակորդեոն շատ են սիրում, թեեւ ոչ հաճախ, բայց լսում ենք, որ այն շատ հին է։

– Գիտեմ, դա երիտասարդներն են ասում։ Ես էլ ասում եմ՝ ոչ, դա հին չէ, այն հավերժական է, ինչպես գեղեցկությունը։

– Գիտենք, որ Պիացոլլան ձեր ամենամտերիմ մարդն է, որ դուք ճանաչել եք այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Բարբարա Ստրեյզենդը, Շառլ Ազնավուրը, Ռեջիանին, Մուստակին… Հասկանալի պատճառով մեզ անչափ կհետաքրքրեն պատմությունները կապված մեծ շանսոնյեի հետ։

– Նախ ասեմ, որ Պիացոլլայի հետ սկսել եմ աշխատել 1980-ականների սկզբից եւ մեր համագործակցությունը վերածվեց ոչ միայն մտերիմ ընկերության, այլ, բառի իսկական իմաստով՝ բարեկամության։ Ինչ վերաբերում է մեծն Ազնավուրի հետ իմ համագործակցությանը, նրա հետ համերգով հանդես չեմ եկել, բայց միասին ձայնագրություն ենք իրականացրել ստուդիայում։ Մի օր Ազնավուրը խնդրեց գործիքավորել իր հայտնի «Vivre Avec Toi» երգը։ Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Եվ պետք է խոստովանեմ, որ հենց այդ երգը կյանքիս լավագույն գործիքավորումն է։ Ձայնագրությունը հաջողվեց հենց առաջին անգամից։ Ստուդիայում Ազնավուրն էր նվագախմբի հետ, ես էլ հանդես եկա որպես ակորդեոնահար ու բանդոնեոնահար։ Գիտեմ՝ գիտեք, բայց Ազնավուրը մեծ արտիստ է, մեծ երգիչ ու երգահան, հատկապես սիրում եմ շանսոնյեի երգերում ֆրազիրովկաները։ Դրանք ես համեմատում եմ Սինատրայի ու Պիացոլլայի ստեղծագործությունների հետ. թեեւ կա հստակ ռիթմ, բայց այնուհանդերձ մեղեդին ազատ սավառնում է։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031