Պետության արժանապատվության խնդիրը
Կյանքի չգրված օրենքով զինվորի կորուստը հատկապես հայ մայրն է բարձրաձայն ողբում: Իսկ կինը, չգիտես ինչու, ավելի շատ իր հոգում է անձայն ողբում: Գուցե կնոջ ընտանեկան-ավանդական պահվածքն ու խոնարհությո՞ւնն է պատճառը, թե զավակներին շատ ցավ չպատճառելը: Չգիտեմ, մարդկային հոգին էլ ցավի պես բազմախորհուրդ է ու երբեմն անմեկնելի: Ասենք՝ հայրը զսպվածությամբ կուլ է տալիս ցավը, տղամարդու արցունքը միշտ սիրտն է գնում ու չի հասնում աչքերին։ Մարդիկ սովորաբար տղամարդու արցունքը թուլություն են համարում։ Իսկ զավակները լուռ որբություն են ապրում: Չգիտեմ, ես ուզում եմ այդ լուռ ցավը, լռությունը մի քիչ խախտել ու խոսել պատերազմի վերքերով տանը մահացած, նույնն է թե՝ զոհվածի այրու անունից: Ախր նվաստացնող ցավ է, որ շատերը, անգամ պետությունը տարբերություն են դնում երկուսի միջեւ՝ ռազմաճակատում գնդակից ընկածի եւ այդ նույն գնդակի վերքից տանը մահացածի միջեւ… Ռազմաճակատում զոհվածների համար արտոնություններ են սահմանում, պարգեւներ ու ֆինանսական օգնություններ են տալիս, հանրայնացնում նրանց սխրանքը, հանդիպումներ կազմակերպում ու մեծարում: Անշուշտ, դա մեղմում է հոգու ցավը, ինչ-որ չափով մխիթարում ընտանիքի անդամներին, զավակներն ինչ-որ տեղ հպարտություն են զգում, որ իրենց հայրը նահատակվել է վասն հայրենյաց… Իսկ ո՞վ կպատասխանի՝ հանուն ինչի՞ են կռվել ու պարզապես ամիսներ անց, պատերազմի վերքերից տառապելով, տանն են իրենց մահկանացուն կնքել հազարավոր նվիրյալներ։ Դեպքեր են եղել, երբ նույնիսկ դիահերձարաններում գումար են պահանջել հերձման համար՝ պատճառաբանելով, որ մահացածը ոչ թե ռազմադաշտում է զոհվել, այլ՝ տանը, դրա համար էլ նրան պատերազմի զոհ չեն հաշվում։ Սա պետության արժանապատվության խնդիրն է:
Ներողամիտ եղեք, եթե մի փոքր բացեմ մտորումներիս փակագծերը, նաեւ հիշեցնելով բախտակից կանանց անպատասխան հարցերն ու հատկապես պետական այրերի պարտավորությունները:
1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին ամեն Աստծո օր իմ երազներում Տոնական Հարությունյանն էր գալիս՝ բոլորիս սիրելի, կաղնու պես պինդ ու ասպետական Տոնիկը։ Ջոկատում Տոնո էր։ Հաճախ աչքերս այնքան էի մատներով սեղմում, որ երազն ու նրա պատկերը չանհետանան։ Դուռը երազի հրաշքով բացվում էր։ Ուզում էր մտնել, ոտքերը չէին ենթարկվում։ Ուզում էի թռչել դեպի նա, ձեռքերս օդում էին մնում։ Ուզում եմ ճչալ, չի ստացվում։ Մի քանի վայրկյան նայում է ու դանդաղ հեռանում։ Հանկարծ ձայնս բացվում է ու երազում ճչում եմ՝ «Տոնի՛կ, էդպես լուռ ո՞ւր ես գնում»: Զարթնում եմ, երեխաներս ձեռքերս բռնած, լալիս են՝ «Մա՜մ ջան, հանգստացիր»: Բարձս լրիվ թաց էր՝ չգիտեմ արցունքն էր ավելի շատ, թե խորհրդավոր երազի, կարոտի ու սպասման քրտինքը։ Էս երազը զինվորի կանայք շատ են տեսել: Ախր նրանք զինվորի հետ կռվում են, կիսով չափ զոհվում, նույնքան էլ ապրում, իսկ մնացած կեսն էլ զավակներին են բաշխում՝ նրանց անհայր պահել-պահպանելու, մեծացնելու, դպրոց ուղարկելու, կրթության տալու, ամուսնացնելու ու մի քիչ էլ մխիթարվելու, որ տղա զավակ ծնվի՝ թոռանը նահատակված պապի անունով կոչեն: Կարծես թոռան հետ տուն է դառնում հերոս պապին: Ինձ նմանների համար երանություն է քաղցր հուշերով տարվելը։ Տոնիկը սիրահարվել էր: Իրիկունը մեր լուսամուտի վարագույրի արանքից նկատում էի նրա ստվերը: Հետո ամուսնացանք։ Որոշեցինք նոր տուն ստեղծել։ Մեր ծննդավայր Աշնակից տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Շենիկ գյուղ։ Անապատից կորզած հողում այգի հիմնեցինք, եւ մեր համեստ տնակը մանկան ճիչերվ արքայական պալատ թվաց:
Կարդացեք նաև
1988-ի հայոց հոգու հրաբխից Տոնիկը փոթորկվեց։ Հրաշքով եղեռնից փրկված ու Սասունից բռնագաղթած իր պապերի պատմությունները նորովի արթնացրին մորմոքող ցավն ու վրեժը, թշնամուն պարտք մնացած չկրակված փամփուշտները։ Անմիջապես որոշեց կամավոր գնալ։ Հավաքեց իր խումբն ու միացավ «Արաբո» ջոկատին։ Ամիսներ անց մի քանի օրով տուն եկավ, ոտքերը ցրտահարվել էին։ Մայրը Աշնակից հեւասպառ հասավ մեր տուն ու առանց բարեւի գոռաց՝ «Ի՞նչ է, ուզում ես էս ջահել կինդ սեւ գլխաշո՞ր կապի»։ Տոնիկը այնպիսի մի սարսափազդու հայացքով նայեց նրան, որ մոր խոսքի շարունակությունը բերանում մնաց:
Ռազմաճակատում էր նաեւ Տոնիկի ավագ եղբայրը՝ Վրեժ Հարությունյանը։ Իսկ Լեռնիկ ու Մարտուն եղբայրները եւ Նորվարդ քույրը շուտ-շուտ էին գալիս ու դժվարանում էին բան հարցնել: Երեխաներս՝ Նարեկը, Արգամն ու Արգինեն, ինձ գրկելով հույս էին տալիս եւ լուռ նայում աչքերիս մեջ:
«Արաբո» ջոկատը կրակի բերանում էր, հատկապես անտառներում շրջապատման մեջ՝ առանց զենք ու զինամթերքի բավարար քանակի. հաշվով էին կրակում, որ փամփուշտները խնայեն, իսկ վերջին փամփուշտը միշտ պահում էին առանձին գրպանում, որ գերի ընկնելու պահին… Ի՞նչ իմանաս: Նա հաճախ էր հիշում իր պապերի չկրակած փամփուշտների մասին։ Ընկերները մի անգամ, երկար համոզելուց հետո, պատմեցին ուղղակի իրենց համար սովորական մի դեպքի մասին։ Կարմիրավանում իրենց ջոկատը հայտնվում է թշնամու մեծ ուժերի ծուղակում։ Տղաներն իրար էին նայել եւ մեկական փամփուշտ առանձնացրել էին գրպանում, որ վերջին պահին, երբ կմարի հույսի վերջին շողը, վերջին փամփուշտը գերի չընկնելու համար ֆիդայական օրենքով կարձակեն դեպի անմահություն։ Օրհասական այդ կռվին սնայպերի օպտիկայով հետեւող, թշնամու կողմից վարձակալած ռուս դիպուկահար կնոջ հոգում խղճի ձայնը արթնանում է ու գաղտնի տվյալներ է փոխանցում մեր տղաներին ծուղակից դուրս գալու ճանապարհի մասին: Վերջին փամփուշտը հերթական անգամ բարեբախտաբար մնաց գրպանում: Տղաները կրկին մտածում են իրենց ու պապերի՝ թշնամուն պարտք մնացած փամփուշտների մասին:
Գիշերները խոնավ խրամատներում, մի օր սոված, մի օր կիսակուշտ էին. ազատամարտիկը չոլերում ե՞րբ է կուշտ կերել: Ամենաէժան ծխախոտն ու ցավը թմրեցնող տնական թունդ խմիչքի մի քանի կումը կատարյալ ճոխություն էր իրենց համար: Ամիսներով չէին լողանում, իսկ ցեխակոլոլ հագուստների ծալքերում ոջիլն անպակաս էր։ Զոհերը շատ էին, գերիներն ու անհայտ կորածները՝ նույնպես։ Ինքը ոչինչ չէր պատմում, ընկերներն էին մեկ-մեկ բերանից մի քանի բառ թռցնում՝ թաքցնելով Տոնիկի ծանր վիրավորվելը։ Տառապանքի տանջալի ու անորոշ սպասման օրերն անվերջ էին թվում, բնակավայրերի գրավման լուրերն էին երբեմն մխիթարում. օդում հաղթանակի հույսը խառնվել էր վառոդի հոտին:
Վերջապես կռիվը ժամանակավորապես դադարեց, բայց ոչ կռվողների համար։ Զինվորի համար կռիվը երբեք չի դադարում: Սովորական մի օր դուռը բացվեց, ու տուն մտավ մեր տան գլխավորը: Մի քանի տարում ծերացել էր։ Չգիտեմ ինչու՝ այդ պահին ես լալիս էի երեխաներիս ուրախության վրա: Ցուրտ ու մութ տունը հայրության լույսով ու ջերմությամբ լցվեց։ Բայց կռիվը վերջակետ չուներ։ Տոնիկը դարձյալ մռայլ էր, լուռ։ Երազում անգամ հանգիստ չէր, պատերազմը շարունակվում էր նույնիսկ երազում՝ երբեմն գոռոցով, նաեւ՝ ֆիդայական երգով: Ինքն այդ երգերով էր դպրոցում ապրում։ Աշնակի «Սասուն» ազգագրական պարի խմբում էր. «Յարխուշտան» զարկ էր, երգը՝ էրգրականչ։ Երբ երազը մղձավանջ էր դառնում, ջղաձգվում էր կամ զոհված ընկերներին էր կանչում, զարթնեցնում էինք:
Սիրտը վատացավ: Հիվանդանոցում մեծ գումար պահանջեցին վիրահատելու համար։ Պետական հիմնարկներում մերժեցին օգնել, պատասխանում էին՝ ինքը տանն է վատացել, այդ պահին զինվոր չէ, չենք օգնելու: Նույնիսկ անձամբ Վազգեն Սարգսյանի հանձնած եւ «Արաբո» ջոկատի ու մյուս մեդալները հաշվի չառան։ Հարազատներս օգնեցին, վիրահատեցինք: Բայց օրգանիզմն ամբողջովին քայքայվել էր խոնավ ու ցուրտ խրամատներում, թշնամու գնդակի վերքերից, կյանքի ու մահվան պայքարի մազե կամրջին ստացած ցավից, կարոտից, անավարտ պայքարից, աշխարհի անարդարությունից: Կոկորդում ուռուցք առաջացավ… Լուռ էր, լռության մեջ էր կռվում ու այդպես լուռ էլ լռեց հավիտենապես։ Դե հիմա ինձ բացատրեք՝ ես պատերազմում զոհվածի կի՞ն եմ, թե՝ ոչ: Եվ քանի՞ կին կա ինձ նման, նրանց կորուստն ու տառապանքը ինչպե՞ս կմոռանաք: Գոնե այդ մի մխիթարությունը մեզ շնորհեք, որ զավակները հոգու խորքում ու բարձրաձայն ասեն՝ իրենց հայրը պատերազմում զոհված ազատամարտիկ է, որ գոնե հաղթանակի օրը իրենց մասին էլ հիշեն, որ մարդկանց երախտագիտության խոսքը խունկի պես ծխա նրանց անորոշ շիրիմներին էլ: Նրանց ընտանիքները ինչո՞ւ չօգտվեն զոհվածների ընտանիքներին տրվող արտոնություններից։ Գոնե բարոյապես մխիթարվեն: Լսել եմ ցավով՝ որոշ պաշտոնյաներ նույնիսկ ցինիկացել են՝ «Ո՞վ էր ասել, որ կամավոր գնան»։ Դա արդեն մարդկային բարոյականության եւ խղճի ու արդարության հուղարկավորություն է: Էս ինչքան ավերվեցին շատերի շահամոլ հոգիները՝ «Թող երկարի պատերազմը»: Այդպես մեղապարտ ապրելը մեռնելուց էլ ծանր է:
Ինձ համար պատերազմը չի ավարտվել ու չի էլ ավարտվելու, քանի դեռ իմ հոգում մխում է իմ ու զավակներիս անսփոփ կորուստը, ցավը, կարոտը, նրանց հոր չկրակած ամփուշտների ափսոսանքը, անվերջ ուշացող արդարությունը: Զոհվածների ցավը շարունակվում է ապրողների մեջ։ Թեեւ դստերս խոստացել էի այդ մասին ոչ ոքի չասել, բայց թող Արգինեն ներողամիտ լինի երդումս դրժելու համար. լռությունը հոգուս մեղք է բերելու: Արգինեն իր հոր չկրակած փամփուշտների դիմաց ամեն տարի, առանց իր անունը հրապարակելու, մեծ գումարներ է փոխանցում «Հորս վերջին փամփուշտը» ծրագրին՝ զոհվածների ընտանիքներին զորակցելու: Այո, պատերազմը սկիզբ ունի, բայց վերջ՝ երբեք, քանի դեռ ապրում են որբացած զավակները: Դե հիմա վերջապես ասեք՝ ես ու իմ նմանները պատերազմում զոհվածի կի՞ն ենք, թե՝ ոչ։ Ես չեմ ասում՝ այրի, որովհետեւ մեր ամուսինները մեզ համար հավերժ կենդանի են:
Հասմիկ ՏՈՆՈՅԱՆ
Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2024