Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արիֆ Յունուսը ներկայացրել է Ալիևի ռեժիմի նպատակները՝ նշելով վերջինիս կողմից բոլորին պատժելու և իրեն որպես անպարտելի ներկայացնելու մոլուցքը

Մարտ 20,2024 23:20

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» համաժողովի մասին

Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» համաժողովը՝ ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ։

Համաժողովին բացման խոսքերով հանդես եկան Անդրեյ Կովաչևը և Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, հիմնական բանախոսներն էին՝  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արևելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին,  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, ադրբեջանական Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը և «Լիբերտաս 2020» նախագծի ներկայացուցիչ, իրավունքի և հիմնախնդիրների կարգավորման «Covcas» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։ Պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին հանդես եկավ տեսաուղերձով։

Անդրեյ Կովաչևն իր խոսքում ընդգծեց Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ ընդունված բանաձևի մասին և վերջինիս իրականացման կարևորությունը, նաև անդրադարձավ վերջերս գերիների փոխանակմանը, սակայն մատնանշեց, որ դեռ անելիքներ շատ կան։ Շեշտեց, որ այս մարդասիրական հիմնախնդիրը մշտապես պետք է պահել օրակարգում և գործադրել ջանքեր կողմերի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ։

Դեսպան Բալայանը նշեց Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի կարևորության մասին, սակայն ընդգծեց այդ բանաձևերի իրականացման մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։ Նա շեշտեց, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերը փաստացի պատանդ են հանդիսանում։

Տ․Բալայանը մատնանշեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության և այս համատեքստում հետևողական լինելու հույժ կարևորության մասին։ Ընդգծեց, որ Ալիևի ռեժիմի կողմից պայմանավորվածությունների իրականացումը կարող է միայն տեղի ունենալ ԵՄ կողմից հետևողականություն դրսևորելու դեպքում։

Եղիշե Կիրակոսյանը համապարփակ ներկայացրեց միջազգային դատական ատյաններում սույն հարցի վերաբերյալ տարվող աշխատանքների մասին։ Նա առանձնահատուկ նշեց, որ ռազմագերիների հայրենադարձման համար մշակված միջազգային գործիքակազմը բավականին սահմանափակ է, և դրանից Ադրբեջանը մեծապես օգտվում է։ Ադրբեջանական կողմն գերիներին անվանում է ահաբեկիչներ և նրանց նկատմամբ առաջ է քաշում շինծու դատական գործեր և դատավճիռներ։ Իր խոսքում վերջինս ներկայացրեց կոնկրետ դեպքեր և կոնկրետ գործերի իրավական բնույթը։

Սիրանուշ Սահակյանն առավել մանրամասն ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերը և բազում դեպքերի օրինակներ բերեց։ Նա նաև ընդգծեց ռազմագերիներին հավելյալ տանջանքների և կտտանքների ենթարկելու անթույլատրելիությունը։ Վերջինս նշեց, որ անգամ հայրենադարձած ռազմագերիները հոգեբանական տառապանքների մեջ են։

Սիմոն Պապուաշվիլին նշեց, որ իր կազմակերպության կողմից կատարված հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ոչ միայն չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, այլև իրավական օգնություն, այլ կերպ ասած՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ Ավելացրեց, որ ռազմագերիներն ենթարկվում են անասելի կտտանքների և չարչարանքների, մահացածությունների մեծ մասը տեղի է ունենում հենց այդ կտտանքների պատճառով։ Նա նաև անդրադարձավ բռնի անհետացածների դեպքերին։

Արիֆ Յունուսն անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության մտածելակերպին և երկրում տիրող ավտորիտար ռեժիմին, որի արդյունքում երկրում գոյություն չունի խոսքի ազատություն, և յուրաքանչյուր նման դեպք ենթարկվում է ծանր պատժի։ Ավելին, ներկայացրեց նաև Ալիևի ռեժիմի նպատակները՝ նշելով վերջինիս կողմից բոլորին պատժելու և իրեն որպես անպարտելի ներկայացնելու մոլուցքը։

Բանախոսներից Հիլդա Չոբոյանը նշեց, որ անթույլատրելի է քաղաքականացնել նման մարդասիրական հիմնախնդիրը, սակայն Ադրբեջանն ակնհայտորեն օգտագործում է մարդկանց իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Անդրադարձավ կոնկրետ դեպքերին և տեղեկացրեց լսարանին ռազմագերիների ազատության համար իր կազմակերպության սկսած արշավի մասին՝ կոչ անելով միանալ վերջինիս։

Հարցուպատասխանի ժամանակ խոսքի իրավունք տրամադրվեց նաև անհետ կորած հայազգի զինվորականի հարազատին, ով ներկայացրեց այդ խնդրի կարևորությունը։

Համաժողովի ավարտին Անդրեյ Կովաչևը շնորհակալություն հայտնեց բոլորին իրենց մասնակցության համար, իր հերթին դեսպան Բալայանը ևս շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողին իր առաքելությունը լավագույնս կատարելու համար։

 

Բելգիայում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031