Միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հետքայլ է եւ հերթական խոշոր զիջումն է լինելու. Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Դա կրկին Ադրբեջանի օգտին է, որի դիմաց մենք գրեթե ոչինչ չենք ստանում, որովհետեւ ադրբեջանական հայցերը միջազգային դատարաններում շատ դատարկ հայցեր են ու հաջողության հնարավորություն չունեն՝ ի տարբերություն Հայաստանի հայցերի»,-ասաց նա:
Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի էր ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանի գնահատմամբ, առանց Հայաստանի պաշտոնական աջակցության, ինչ իշխանություն էլ լիներ Արցախում, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր հաջողության հասնել. «Շատ կարեւոր է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը լիներ կուռ եւ չպետք է տաներ Արցախի կորստին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Տավուշում ստեղծված վիճակին եւ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգին էլ՝ կարծիք հայտնեց, որ դա հնարավոր էր կանխել միջազգային հարաբերություններով, դիվանագիտությունը, բանակը հզորացնելով, միջազգային գործընկերների. «Եվ ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնել, եւ արտաքին դիմադրողականությունը: Հասկանալի է, որ եթե միջազգային գործընկերները բարձր գին դնեն Ադրբեջանի գործողությունների վրա, Ադրբեջանը չի հարձակվելու: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, ուղղակի դրա համար պետք է պատշաճ հաղորդակցություն վարել գործընկերների հետ եւ փակ, եւ բաց ձեւաչափով»:
Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ գերիների խնդրին, Բեգլարյանն ասաց. «Ես չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունն այն է անում, ինչը ես կպատկերացնեի, որ կանեն: Չեմ կարծում, որ բավական ջանք գործադրվել է, իհարկե, դրա համար բավականին լուրջ միջազգային ճնշում է պետք: Իսկ միջազգային ճնշման համար մենք պետք է ճնշենք, օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Մյուս տարբերակը Ադրբեջանի հետ բանակցելն է, քաղաքական առեւտուր անելն է, որը արվեց դեկտեմբերին»:
Այլ մանրամասները տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը` Նարեկ Ավագյանի