Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿՈՒՄ»․ գործարարների ու պետական կառույցների աշխատանքում հեղափոխություն կատարող ծրագիր

Մարտ 20,2024 22:33

«ՄԵԿՈՒՄ» ընկերության թիմը, հիմնվելով իր հաշվապահական հաշվառման և ֆինանսների կառավարման երկար տարիների մասնագիտական փորձի, ինչպես նաև ոլորտի ուսումնասիրության արդյունքների վրա, ստեղծել է յուրօրինակ մի ծրագիր, որը զգալիորեն հեշտացնում է ինչպես բիզնեսմենների, այնպես էլ պետական կառույցների աշխատանքը։

Այն ավտոմատացնում է՝ համատեղելով բիզնեսի, ֆինանսների կառավարման ու հաշվապահության վարման և ողջ գործընթացը։

Ավելին՝ այն պետական կառույցներին ու առհասարակ որոշում կայացնողներին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից՝ համակարգչով կամ հեռախոսի միջոցով կառավարել ու վերահսկել ֆինանսական շարժը՝ այսպիսով աշխատանքը դարձնելով հասանելի, արդյունավետ, տեսանելի, թափանցիկ։

Նորաստեղծ ծրագիրը հավակնում է դուրս գալ նաև միջազգային շուկա, այն վերջերս ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպված «SEASIDE STARTUP SUMMIT UEA 2024» մրցույթին՝ եզրափակիչ փուլ դուրս գալով և մեծ ուշադրություն գրավելով։

Տիգրան Մինասյանը, ով հանդիսանում է «ՄԵԿՈՒՄ» ընկերության համահիմնադիր, Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց նորաստեղծ ծրագրի առավելությունները։

«Համակարգը, որը ստեղծել ենք՝ բիզնեսի, ֆինանսների ու հաշվապահության ավտոմատացման ծրագիր է։ Այն կոչվում է «ՄԵԿՈՒՄ»։

Երկու իմաստով ենք այդպես կոչել․ նախ ի նկատի ենք ունեցել այն, որ ամբողջ տվյալներն ու որոշումները՝ հաշվապահությունը, ֆինանսները, գործընթացները, մարդկային ռեսուրսները մի տեղում են։

Եվ երկրորդը՝ գյումրեցու բարբառն ենք ներդրել՝ ասելով հաշվապահությունն ու ֆինանսներն այսօր մի կում ջուր խմել է՝ «մե կում»։

Այն իրենից ներկայացնում է համակարգ, որտեղ ամփոփված են բիզնեսի՝ գնումների գործընթացը, ֆինանսների կառավարման գործընթացը, բյուջեների կազմման ու կառավարման, հաշվապահական հաշվառման վարման ողջ գործընթացը։

Այն օնլայն ծրագիր է, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած սարքավորումով՝ համակարգչով, հեռախոսով մտնել ու իրական ժամանակահատվածում տեսնել հաշվապահության ու ֆինանսների մասին ամբողջական տեղեկատվությունը։

Մենք թիրախավորել ենք ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային շուկան և պլանավորում ենք ապագայում ծրագրում ներառել արհեստական բանականության բաղադրիչը՝ դարձնելով այն ֆինանսական ասիստենտ, ինչը իրենից ենթադրում է՝ հիմնվելով արհեստական բանականության գործիքակազմի վրա, ապահովել որոշումների կայացման արդյունավետության բարձրացումը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, նոր ծրագիրն արդեն մեծ պահանջարկ ունի։

«Մեր ծրագրի զարգացումը տարել ենք հետևյալ ուղղություններով․ ավտոմատացրել ենք բիզնեսի ինչպես ֆինանսական, այնպես էլ հարկային հաշվառումները՝ հաշվի առնելով միկրո և փոքր բիզնեսների հարկման առանձնահատկությունները։ Մասնավորապես ծրագիրը ձեռնարկատիրոջը հնարավորություն է տալիս ինքնուրույնաբար հաշվարկելու համապատասխան հարկերը և կազմելու հարկային հաշվետվությունները։

Բացի բիզնեսի հաշվապահության ավտոմատացումից, ծրագիրն առաջարկում է նաև հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական պրոցեսների ամբողջական ավտոմատացման եզակի լուծումներ։ Ծրագիրը համապատասխանեցված է նաև հասարակական սեկտորի համար՝ հնարավորություն տալով կազմել և վերահսկել միանգամից մի քանի բյուջեներ։ Ներկա պահին մեր ծրագրից օգտվողների թիվը անցնում է 200-ը։

Այն երեք կարևոր խնդիր է լուծում․ նախ մատչելի է՝ համեմատած մյուս ծրագրերի հետ։ Մատչելի ասելով՝ ոչ թե ի նկատի ունեմ, որ ցածր գին է դրված, այլ ծրագրի գին-որակ համադրության մեջ մեր ծրագիրը խիստ մատչելի ու հասանելի է։

Բացի այդ, մենք ճկուն ենք, մենք կարողանում ենք բոլոր հաճախորդների կարիքները գնահատել և դրանց շատ արագ լուծումներ տալ։

Եվ երրորդը՝ մենք բիզնեսին տալիս ենք հնարավորություն «ՄԵԿՈՒՄ»-ի միջոցով հեշտ կառավարել բիզնեսը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ»,-ասաց Տիգրան Մինասյանը։

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ եթե այս ծրագիրը ներդրվի պետական համակարգում, ասենք՝ դպրոցներում, դա առավելություն կտա՞, ֆինանսական տեղաշարժը կդառնա թափանցիկ ու կոռուպցիոն դրսևորման ոչ մի հնարավորություն չի՞ լինի։

«Մեր ծրագրի մի հատվածը, որին շատ մեծ ուշադրություն ենք դարձրել, հանրային հատվածին է ուղղված։ Ծրագիրն իր մեջ ներառում է ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների հաշվապահական հաշվառման բոլոր ենթաբաժինները, որը հնարավորություն է տալիս ղեկավարներին, ինչպես նաև պետական լիազոր մարմիններին ռեալ ժամանակահատվածում մշտական հասանելիություն ունենալ կազմակերպության ֆինանսական տվյալներին։ Ծրագրի հնարավորությունների շնորհիվ լուծվում են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են ժամանակի խնայողությունը և տվյալների թափանցիկությունը»։

Ու քանի որ նպատակ կա այս ծրագիրը տեղափոխել միջազգային շուկա, Տիգրան Մինասյանն ասաց, որ մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 23-28-ը տեխնոլոգիական ընկերությունների համար կազմակերպված «SEASIDE STARTUP SUMMIT UEA 2024» մրցույթին։

Այնտեղ ներկայացրել են այս ծրագիրը՝ նոր գործընկերներ, պայմանավորվածություններ ձեռք բերելով ու միջազգային շուկա մուտք գործելու հնարավորություններ ստեղծելով։

Ըստ մեզ զրուցակցի, նման միջոցառումները հնարավորություն են տալու ավելի խորությամբ հասկանալ միջազգային շուկայի պահանջներն ու ծրագիրը զարգացնել այդ ուղղությամբ։

«Միջազգային շուկա մուտք գործելու հնարավորության համար, ներկա փուլում ընթանում են ծրագրի անգլերեն թարգմանության աշխատանքները։ Մտադրված ենք նմանատիպ այլ միջոցառումների ևս մասնակցել, քանի որ չենք սահմանափակվելու հայկական շուկայով։ Աշխատում ենք Արաբական երկրներում մեր ծրագիրը ներկայացնելու ուղղությամբ»,-ասաց Տիգրան Մինասյանը։

Aravot.am-ի ճշտող հարցին էլ՝ ավանդական հաշվապահությունն ու նոր տեխնոլոգիաներն եք համադրե՞լ, Տիգրան Մինասյանը պատասխանեց․ «Հաշվապահությունը երկու մասից բաղկացած մասնագիտություն է, մի մասը տեխնիկական է, մյուսը՝ մտավոր։ Մենք մեր վրա ենք վերցրել տեխնիկական մասի ավտոմատացումը, այսինքն՝ այն հաշվապահը, որը միայն թուղթ սևացնելով է զբաղված, իր կարիքն այլևս չի լինելու։

Մենք տալիս եք գործիք, որը լավ մտածող հաշվապահին օգնելու է էլ ավելի արդյունավետ, գրագետ և կարճ ժամանակում իր գործողությունը կատարել։

Եթե ապագայում ստացվի ինտեգրել նաև արհեստական բանականությունը, բնականաբար մի շարք գործողություններ ևս արհեստական ինտելեկտի միջոցով կիրականացվեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031