Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը Ստոլտենբերգի՝ Հայաստան կատարած այցի մասին. «Հայաստանը ինչ պետք է ստանա Արեւմուտքից, չի ստանում եւ դրա փոխարեն ստանում է պրովոկացիա, նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ»

Մարտ 20,2024 22:22

Բրյուսելում գտնվող Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սոցցանցի ուղիղ եթերով անդրադարձել է տարածաշրջանային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի Հայաստան կատարած այցին։ եւ նրա արած հայտարարություններին։

«Ես ցնծություն եմ տեսնում, որ մեր մամուլում կա, թե տեսեք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկավ։ Ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Հայաստանում քննարկվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի իրականացումը, խոսքը Տավուշի սահմանագծման եւ սահմանազատման միակողմանի գործընթացի մասին է։ Ադրբեջանը չի ընդունում որեւէ քարտեզ, որեւէ գիծ, որին համապատասխան պետք է ինքն էլ դուրս գա այդ տարածքից։ Դրա համար մարդկանց մոտ կա անարդարության զգացում։ Հետեւաբար, հարցը պետք է այլ կերպ ձեւակերպել․ ինչու է միակողմանի, ինչու երկու կողմերը չեն ճանաչում մի որեւէ գիծ եւ այդ գծից հետ քաշվում։ Ու միայն Հայաստանն է, որ պետք է հետ քաշվի։

Այդ պայմաններում Հայաստան է գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը նաեւ Ադրբեջան է այցելել, եւ հայտարարում, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, աջակցում է խաղաղությանը եւ այլն։ Բայց, փաստորեն, չի կարողանում Ադրբեջանին, Իլհամ Ալիեւին ասել, որ Պրահայում՝ եվրոպական հարթակում, հայտարարություն եք ընդունել փոխադարձ ճանաչման մասին, հետեւաբար, փոխադարձ ճանաչել եք Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները եւ այդ սահմանները չեն կարող միակողմանիորեն վերադասավորվել միայն Հայաստանի համար։ Հետեւաբար, դու օկուպացրել ես շուրջ 215 քկմ տարածք, 31 գյուղերի կենսական նշանակության–ճանապարհներ, արոտավայրեր, ջրամբար։ Եվ դուք էլ միաժամանակ դուրս եկեք այդ տարածքներից։ Այսինքն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սա չի կարողանում ասել Ադրբեջանին։

Լրագրողը նրան հարցնում է, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, պատասխանում է, թե դա Հայաստանը պետք է որոշի։ Եղբայր, Վրաստանը որոշեց՝ դարձե՞լ է, Ուկրաինան որոշել է՝ դարձե՞լ է։

Բացի պրովոկացիայից եւ այդ երկրներին պատերազմի մեջ գցելուց, ուրիշ ի՞նչ է տեղի ունեցել այդ ամբողջ ընթացքում։ Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը պետք է որոշի։ Այսինքն, դուք որոշեք, դարձեք պլացդարմ, թող ձեր տարածքում պատերազմներ տեղի ունենան, կոտորվեք։ Մենք կողջունենք ձեր խիզախությունը, կաջակցենք ձեզ՝ մի քանի ռակետ կուղարկենք կամ չենք ուղարկի, ու հետո կտեսնենք, քննարկումներ կլինեն ու կորոշենք՝ ամեն դեպքում չարժե, որ Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց մենք ձեզ աջակցում ենք, ձեզ կօգնենք՝ դեղեր կուղարկենք ձեր համար, պարաշյուտ կուղարկենք։

Լավ, ժողովուրդ, ինչքա՞ն կարելի է լինել ոչ ադեկվատ, այս ցնծությունը ինչի՞ մասին է։ Մարդը Ադրբեջանից է եկել չէ՞։ Կոնկրետ հարց եմ տալիս․այնտեղ ասել է՞, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի երկու կողմից, ոչ թե մի կողմը պետք է դա կատարի։ Տավուշի ժողովուրդը որ տեսնի դա երկու կողմից է տեղի ունենում՝ Ջերմուկից Ադրբեջանի զորքերը հետ են գնում, Սոթք-Խոզնավարից, Ներքին Հանդից, Սեւ Լճի տարածքից հետ են գնում եւ կանգնում են Խորհրդային Միության ադմինիստրատիվ, հիմա՝ պետական սահմանի գծի վրա, կասեն հասկացանք, սա է գործընթացը եւ պետք է արվի։ Բայց չկա չէ՞, միակողմանի պրոցես է։

Ես ասում էի, որ նույն գործիքներով, նույն մեթոդաբանությամբ շարունակել այս պրոցեսը ոչ մի լավ բանի չի բերելու։ Հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկել է որ ի՞նչ անի։

Նրա հաջորդ հայտարարությանն եմ անդրադառնում։ Հայաստանի վարչապետը կողքը կանգնած, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա է անում՝ հայտարարելով, որ Պուտինը չպետք է հաղթի պատերազմը։ Եղբայր, Հայաստանի տարածքում նման բան որ հայտարարում ես, ի՞նչ ես անում։ Որ նոր թշնամիներ ձեռք բերե՞նք Հայաստանի համար։ Էհ, Բրյուսելում, Լոնդոնում հայտարարում եք՝ հասկացանք։

Պարոն Ստոլտենբերգ, որ Հայաստանում դա հայտարարում եք, Հայաստանի մարտահրավերներին ծանո՞թ եք։ Դրանք այնպիսին են, որ Հայաստանը միայնակ է հաղթահարում։ Դուք ի՞նչ եք անում դրա համար, որ հիմա եկել, պրովոկատիվ հայտարարություն եք անում։

Եկե՞լ եք, բարով եք եկել։ Աջակցեք Հայաստանին ինչով կարող եք։ Բայց ամենակարեւոր բանում, որ պետք է աջակցեք, չեք աջակցել։ Բաքվում ինչ եք խոսել, չգիտեմ, բայց այն չեք խոսել։ Ու եկել, Հայաստանի վարչապետի կողքին կանգնած ասում եք՝ Պուտինը չպետք է հաղթի՝ լավ իմանալով, որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, լավ իմանալով, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին դեռ կանգնած են ռուսական զորքերը, լավ իմանալով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացում, դիվանագիտական հարաբերություններ չի վերականգնում։ Ժամանակին 4-5 գյուղի դիմաց դա պատրաստ էին անել, հիմա ամբողջ Արցախը գրավված է, 150 հազար մարդ փախստական է դարձել։ Դրանց վերաբերյալ ոչ մի հայտարարություն չեք անում, Թուրքիային այսքան տարի չեք ասում մի հատ սահման բացի, բայց դուք աջակցում եք Հայաստանին, Հայաստանի կողքին կանգնած եք Եվ անպայման պետք է գալ Երեւան ու մի հատ պրովոկատիվ հայտարարություն անել, որ Հայաստանի չեղած վերջին հնարավորությունները, մի քանի նշույլները, որ կարող է տնտեսական մի փոքր հաջողություն ունենալ, դա էլ վերջանա, փակվի՞։ Որն է այս ամեն ինչի իմաստը։

Հայեր, սա եկել՝ ինչի՞ն է աջակցում, ժողովրդավարությա՞նը։ Սա ի՞նչ կապ ունի ժողովրդավարության հետ։

Ես սա չեմ կարող չասել։ Հայաստանը ինչ պետք է ստանա Արեւմուտքից, չի ստանում եւ դրա փոխարեն ստանում է պրովոկացիա, նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ։ Դե, հայ ժողովուրդ, գնա ինքնուրույն այդ խնդիրները հաղթահարիր, գնա տառապիր»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031