«Հայաստանի կառավարությունից եւ միջազգային հանրությունից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի եւ պատմական հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար»,- ասված է արցախցիների՝ այսօր տարածած հայտարարության մեջ :
Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի էր ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:
Հանրահավաքի արդյունքում հայտարարություն տարածվեց՝ ՀՀ կառավարությունից պահանջելով՝ շարունակել Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։
Հայտարարությունն ընթերցեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Դրանում, մասնավորաբար, ասված է. «ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի եւ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումների համաձայն երաշխավորել Արցախում մեր հոգեւոր մշակութային ժառանգության հանրային եւ մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից:
Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:
Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը մի կողմից բավարարեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, մյուս կողմից նպաստեն արտագաղթի կանխմանը, միասնության ապահովմանն ու ինքնության պահպանմանը:
ՀՀ-ում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման եւ իրավունքների պաշտպանության համար: Ըստ այդմ, առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով։
Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը` սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցում կառուցապատման աշխատանքներին։
Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ` հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:
Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի ու առանց գումարի վերադարձի պահանջի` հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը։
Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից եւ հաշվառումից:
Առանց կրճատումների շարունակել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության ծրագիրը մինչեւ տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաեւ 2020 թվականից տեղահանված անձանց:
Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների համար։
Ծրագրում նախատեսել նաեւ համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց եւ Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածություն ապահովելու համար:
Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման:
Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն եւ հստակ դիրքորոշում կհայտնեն վերոհիշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը` Նարեկ Ավագյանի