Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին դեպքն է, որ անձին մեղադրում են հատուկ իր համար գրված քրեական հոդվածով»․ Նարեկ Մալյան

Մարտ 20,2024 21:52

«Պատմական իրադարձության մեկնաբանությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից տարօրինակ է, քանի որ պետք է նշեմ՝ մեր հարգելի մեղադրողը ներկայացնում է պետական մարմին այս դատարանում։ Եվ առաջին անգամն է Երկրորդ աշխարհամարտից հետո, որ անուղղակի պաշտպանելով այդ կանանց դատապարտումը, բռնությունն այդ դավաճան կանանց նկատմամբ, հարգելի մեղադրողը պաշտպանում է նացիստներին, ինչը ոչ մի պետական մարմին այս ութսուն տարիներին չի թույլ տվել։ Առաջին անգամ մեր մեղադրողը անուղղակի, բայց պաշտպանում է նացիստներին»,- Վերաքննիչ քրեական դատարանում «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մերժել դատախազի վերաքննիչ բողոքը՝ կապված «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործով առաջին ատյանի դատարանի որոշման հետ։

Նա նաև նկատեց՝ քննությունը չի փորձել պարզել, թե Նարեկ Մալյանը սորոսական ասելով ում նկատի ունի։ Նարեկ Մալյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Ես այստեղ եմ՝ ձեր առաջ կանգնած, ելույթ եմ ունենում։ Համոզված եմ, որ ձեր գործունեության ողջ ընթացքում առաջին դեպքն է, որ ձեր առաջ կանգնած է մեկը, ում մեղադրում են հատուկ իր համար գրված քրեական հոդվածով։ Սա անշուշտ շոյում է իմ փառասիրությունը, քանի որ սա իմ կարծիքով դասական քաղաքական հետապնդում է ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ։ Վերջին շրջանում հանրությունն ականատես է լինում հետաքրքիր փոխակերպումների․ ինչ-որ մարդկանց վրա քրեական գործեր են հարուցվում, այդ մարդիկ ինչ-որ ժամանակ բանտում են անցկացնում, հետո այդ մարդկանց գործերը կամ չես հասնում դատարան, կամ դատարաններում արդարացման որոշումներ են կայացվում։ Այս հանելուկի վրա շատ եմ մտածել։ Վերջին գործով իմ մեղադրողն ինձ հուշեց այս առեղծվածը։ Ես զարմացած էի, որ անցյալ նիստին հարգելի մեղադրողը չգտավ տարբերություն  մարդասպանության և մահապատժի միջև։ Վստահ եմ, որ նա դա գիտի»։

Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը Նարեկ Մալյանին արդարացրել էր։

226․2 հոդվածի մասին Նարեկ Մալյանն ասաց․ «Այս հոդվածը չի տարածվում գեղարվեստական ստեղծագործության վրա։ Ես առաջին ատյանից մինչև հիմա տենց էլ պատասխան չստացա՝ ես ի՞նչ եմ արել, որ պետք է չանեի, ես պետք է Չաուշեսկու անունը չտայի՞, դա արգելվա՞ծ է մեր երկրում կամ ներկայացում բեմադրելը։ Կամ միգուցե կա արգելված գրականության, ներկայացումների ցա՞նկ, որ թյուրիմացություն չլինի, մարդիկ հանկարծ չմտածեն, որ ազատ են՝ ինչ ուզեն բեմադրելու և ներկայացնելու։ Ես շատ լուրջ պլաններ ունեմ։ Ուզում եմ Օպերայի բակում Ալֆրեդ Շնիտկեի «Պոլկան» բեմադրել, որը հայտնի է՝ որպես «Ծաղրածուի մահը» ստեղծագործություն։ Միգուցե մեկը կա ՀՀ-ում, որ ինքն իրեն համարում է ծաղրածու ու շատ կնեղվի։ Հանրապետության հրապարակում խոստանում եմ բեմադրել Րաֆֆու «Սամվելից» հատված, որտեղ ուրացող մորն ու դավաճան հորը սպանում են։ Միգուցե կա մեկը, որն իրեն համարում է դավաճան հայր կամ ուրացող մա՞յր։ Ես էդ ամենը պիտի իմանամ։ Միգուցե դա համարվի բռնության քարոզ, որ մարդիկ արգելված բան չբեմադրեն»։

Մեղադրող դատախազը, արձագանքելով Տիգրան Աթանեսյանի հայտարարություններին, ասաց․ «Մի խումբ կանանց մերկացրել, ճաղատացրել և նետել էին փողոց։ Պաշտպանը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ, նշում է, որ դա արժանի պատիժ է եղել։ Ինձ համար առնվազն տարակուսելի էր լսել նման բան ոչ թե ամբաստանյալից, մեղադրյալից, ինչ-որ որևէ դատավարության ոչ պրոֆեսիոնալ մասնակցից, այլ հենց պարոն Աթանեսյանից՝ իմանալով նրա մասնագիտական որակները»։

Ըստ դատախազի՝ հասարակական պարսավանքի արժանի պատիժ սոցիումների կողմից սրանք իրավական կատեգորիաներ չեն։ Համոզված եմ, որ դատարանը, բնականաբար, այս ամենն ինձնից էլ լավ գիտի։ Սրանք սոցիալական կատեգորիաներ կարող են լինել, փիլիսոփայական, բայց ոչ իրավական պետության մեջ, որտեղ պիտի գերակայեն օրենքները և պոզիտիվ իրավունքը, սա է իրավական պետությունը։ Եթե մենք չենք ձգտում դրան՝ որպես ՀՀ քաղաքացի, սա այլ հարց է։ Դատախազը նաև հայտարարեց․ «Ինչ-որ հանգամանքներում որոշակի խումբ կանանց մերկացնելը, ճաղատացնելը, դուրս նետելը փողոց՝ իբր հասարակական պարսավանք գովաբանվում է Նարեկ Մալյանի կողմից։ Եվ նա, այդ իրադարձությունները գնահատելով, նշում է, որ դա անպայման լինելու է ՀՀ-ում և եվրոպական ավանդույթներով։ Արդեն նշել եմ, թե ինչու է դա բռնության կոչ և բռնության արդարացում։ Ուզում եմ հակադարձել նրան, որ սա նացիստների կամ նացիստների դեմ պայքարի մասին չէ, սա նրա մասին է, որ նման իրավական եղանակ չկա ու չպիտի լինի, եթե ինչ-որ մեկը կատարում է հանցագործություն, պետք է պատժվի, եթե ինչ-որ մեկը զանցանք է կատարում, վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի, բայց ոչ հասարակական պարսավանքի։ Դա այն պետություններին ու հասարակություններին է բնորոշ, որոնք դեռևս իրավական պետություն չեն եղել կամ չեն ուզում դառնալ։ Այդ համեմատությունն անցկացնելը, թե իբր նշել են, որ սա նացիստների հետ կապված է և այդ առումով ես նացիստներին եմ պաշտպանում, սա ընդհանրապես խեղաթյուրում և մանիպուլյացիա է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031