Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս, Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացեալ Թագավորութեան և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։
Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից և այլն։
Քննարկվել են Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
Անդրադարձել է հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը:
Կարդացեք նաև
Համաժողովի բանախոս էր նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարեցին քննարկումները:
Համաժողովին մասնակցել են նաև բարձրաստիճան հոգևորականներ միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հուն Ուղղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:
Համաժողովը կազմակերպված էր Գերաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին և նվիրված էր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, եւ բռնի տեղահանված հայերի իրավունքներին։
«Թաթոյան հիմնադրամ»