1991-ի սովետական քարտեզներով Աշաղը Ասքիփարան համարյա ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է, գյուղի ծայրամասը՝ մի փոքր մասը՝ Հայաստանի։ Այս մասին Aravot․am-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Հիշեցնենք, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Տավուշի մարզի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել է, որ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին անուններով գյուղեր Հայաստանի տարածքում երբեք չեն եղել, եւ պետք է առաջնորդվել 1991 թվականի քարտեզներով։
Ռուբեն Գալչյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նշեց՝ 1991 թվականի քարտեզներով նշված տարածքներում սահմաններն այնպես են գծել, որ ճանապարհները մի քանի անգամ մտնում են նշված գյուղերի տարածք ու դուրս գալիս։
Գալչյանի խոսքով՝ Բաղանիս Այրումի դեպքում 1991 թվականին Խորհրդային սահմանը գյուղի մեջտեղով է անցնում․«Ալիեւը դա է ուզում է Բաղանիս Այրումի կեսը մերն է եղել։ Իսկ մյուս երկուսը՝ Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին դրանք գյուղեր չեն, հանդերի անուններ են»։
Կարդացեք նաև
«Բայց եթե Ալիեւը 1991 թվականի սահմաններ է ուզում, ապա 1991 թվականի քարտեզներով այդ 200 քկմ-ն, որ գրավել է եւ հայտարարել է, որ դուրս չի գալու այդ բարձունքներից, պիտի վերադարձնի, քանի որ դրանք բոլորը Հայաստանի տարածք են։ Դրանք 2021 թվականի մայիսին ու հետո գրաված տարածքներն են, բարձունքներն են՝ Սյունիքում, Շորժայում, Ջերմուկում, Սեւ լիճը եւ այն»,-ասաց քարտեզագետը։
Խորհրդային տարիներին, ինչպես ասաց Գալչյանը, սահմանն այնպես են գծել, որ այն Բարխուդարլուի կողմից, Իջեւանից մինչեւ հասնում է Ոսկեպար, չորս անգամ մտնում է ադրբեջանական տարածք ու դուրս գալիս։ «Կիրանց գյուղի մի ծայրամասը մնում է Ադրբեջանի մեջ։ Հետո Բաղանիս Այրումի կեսն է մնում Ադրբեջանի մեջ։ Նույնն արել են Սյունիքում՝ Գորիսից Կապան գնացող ճանապարհի վրա, ութ անգամ ճանապարհը մտնում է Ադրբեջանի տարածք ու դուրս գալիս։ Խորհրդային տարիներին դա միտումնավոր են արել։ Մենք Խորհրդային միությունից ժառանգել ենք խայտառակ սահմանային ճանապարհներ, սահմանագիծը որոշ մասերում՝ Սյունիքում ու Տավուշում ճանապարհ է եղել»։
Գալչյանն ասաց, որ երբ հայկական կողմը նշում է, որ պայքարում է հայկական 31 գյուղերի համար, որոնք Ադրբեջանը օկուպացրել է, դրանք 2021-ին ու դրանից հետո հայկական բարձունքները գրավելու հետեւանք են․ «Այսինքն, նստել են բարձունքներին ու գյուղերի բնակիչները չեն կարողանում օգտվեն իրենց հանդերից։ Տավուշում էլ բարձունքներին նստած են ու Բերքաբերի մոտի լճից հայերը չեն կարողանում օգտվել, որովհետեւ ադրբեջանցի զինվորները կրակեն եթե մոտենան։ Հիմա եթե 1991 թվականի քարտեզներով պիտի լինի, էդ բարձունքներից պիտի հետ քաշվեն ու հայկական հողերը մշակելու խնդիրը կլուծվի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ