Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որեւէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբեւէ եղել է Ադրբեջանի կազմում. Հրանտ Բագրատյան

Մարտ 20,2024 19:55

Չկա որեւէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբեւէ եղել է Ադրբեջանի կազմում: Այսօր Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Պայմանականորեն եթե անկլավ կա, դրանից այն կողմ մինչեւ Նախիջեւան 12 կմ է, ինքը դա էլ է տալիս: Այս գյուղից հետո Հայաստանի տարածքն է, այսինքն պետք է լինի Ադրբեջանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, էլի Հայաստանի սահմանապահ, հետո Ադրբեջանի սահմանապահ: Իր արածները բացարձակ աբսուրդ է»,- ասաց Բագրատյանը:

Նա հիշեց Նիկոլ Փաշինյանի ասածները, թե ադրբեջանցիք մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղ ենք վերցրել, իսկ իրենք մեզնից չեն վերցրել. «Սուտ է ասում, բա Արծվաշենը: Կամ Բարխուդարլուն գյուղատեղի՞ է, այնտեղ բնակավայր չի եղել: Այս ստերի տարափը… Այս գյուղը տալով ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք: Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով, Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ, բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սեւակ գյուղը, իսկ Չիվան ու Ելփինը վարի են գնում: Այս գյուղը հանձնելով 4 գյուղ է դատարկվում: Եթե Իջեւանում Բարխուդարլուն ենք հանձնում, անպայման պետք է դատարկվեն աջից Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերը, ձախից էլ կդատարկվի Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը: Այնտեղ էլ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նախկին վարչապետը շարունակեց. «Սահմանազատումը նախ սկսվում է նախ նրանից, որ պայմանավորվում են, թե ինչպես պետք է դա իրականացնեն, որ քարտեզներով: Դա չորոշած մենք այս ամեն ինչը կտանք, խաղաղության պայմանագիրն էլ կլինի, բայց արդյունքում ոչ մի տեղ գրված չի լինի, թե որտեղ է սկսվում ու վերջանում Հայաստանը: Ադրբեջանը եւ 2025-ին եւ 2026-ին անընդհատ մի նոր բան է ուզելու: Այս գյուղերից հետո նրանք կուզեն երեք ճանապարհ, քանի որ իրենց կարծիքով Փաշինյանը ստորագրել է եւ միջանցքները պետք է տա: Հայաստանը, ամոթից ելնելով, դա համարում է խաղաղության խաչմերուկ, դա ադրբեջանական երգ է, Բաքվում է գրվել, գուցե Էրդողանը խմբագրել է այդ երգի տեքստը: Էս տալու վերջը չի երեւում»:

Ըստ Բագրատյանի՝ այս իրավիճակի փոփոխությունը մի ելք ունի՝ իշխանափոխություն:

«Գտնվում ենք պատմական Տիգրանաշենում, անընդունելի ենք համարում եւ անբարոյականություն անկլավ հասկացությունը: Անբարոյականություն ենք համարում որեւէ պաշտոնյայի շուրթերից հնչեցնելը, որ այս տարածքը հանձնվում է» ,- այսօր Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամը: Ըստ նրա, եթե հանձնեն Տիգրանաշենը, կորցնելու ենք պատմական հայկական տարածք, չքնաղ մի գյուղ, որը ամայացրել են, որտեղ ոչ մի բնակիչ չունի ո՛չ հողի, ո՛չ տան վկայական, իսկ ովքեր են սրա պատասխանատուն ու ինչ միտում ուներ մեծ հարցական է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031