ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Դուք այստեղից ինքներդ եք ասում, որ սահմանազատման-սահմանագծման համար չկա իրավական հիմք, համաձայնեցված քարտեզ։ Փաստացի դուք ամբողջ բանակցային պրոցեսում կատարել եք Ադրբեջանի պահանջներից հերթականը, որ առանց իրավական հիմքը ֆիքսելու նախաձեռնել եք գործընթացը։ Եվ մյուս հանցանքն այն է, որ այդ գործընթացը նախաձեռնել եք մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում, որտեղ ունենք կահավորված դիրքեր եւ որտեղ դժվարություն կա Ադրբեջանի համար տարածքներ գրավելու։ Ի՞նչ է ստացվում, փաստացի Ադրբեջանը որտեղ չի կարողանում իր ուժերով ներխուժել, դա անում է ձեր ձեռքով։ Մանիպուլյացիաներ են այստեղ՝ գյուղ չենք հանձնում, տարածք է։ Սրանով կազմաքանդվում է Տավուշի ամբողջ առաջնագիծը։ Նկատե՞լ եք, որ վերջերս դուք Ալիեւից ավելի շատ եք սկսել հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Այն քարտեզը, որը ցույց եք տալիս, այդ տեսքով գոյություն չունի, գուցե ՀԱՊԿ-ի առաջ նախապայման դնելուց առաջ Ադրբեջանի առաջ օկուպացված տարածքներից դուրս գալու նախապայման դնեիք»։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ բոլոր այս հրամանները կատարողները պիտի հասկանան, որ սա հանցագործություն է։ «Այն մարդիկ, ովքեր այսպիսի հրամաններ կկատարեն, պատասխանատվություն են կրելու, վաղ թե ուշ»,- ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ինչ վերաբերում է նրան, որ սպառնում եմ պատերազմով։ Դուք էլ, մենք էլ մեզ քննադատել ենք այն բանի համար, որ իրադրությունը մեր ժողովրդին ինչ-որ իրավիճակներում չենք ներկայացրել։ Կամ այդ պետք է ասեի, կամ էլ հակառակը։ Ես ինքս իմ սխալներից եմ հետեւություն անում, որովհետեւ դուք ինձ այն ժամանակ ասում էիք՝ ինչո՞ւ ես ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, հիմիկվա համար ասում եք՝ ինչո՞ւ չեք ասում՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Սա է ձեր հռետորաբանությունը, եկեք կողմնորոշվենք»։
Փաշինյանն ասաց, որ բացարձակապես համամիտ չէ այն խնդումների հետ, թե սահմանազատումն ու սահմանագծումն առանց իրավական հիմքերի է արվում։ Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը իրավական հիմք է։
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանը հարցրեց․ «Ես վստահ եմ, որ ձեր ու ՔՊ մնացած անդամների համար հիմք է Ալմա-Աթան, Ադրբեջանը որտե՞ղ է հայտարարել, որ իր համար հիմք է, եւ որտե՞ղ է այդ քարտեզը ֆիքսված։ Խնդիրն այն է, որ դուք, սպառնալով պատերազմով, զիջումները ներկայացնում եք որպես պատերազմը կանխելու եղանակ։ Հայաստանը վերջին անգամ երբ է պատերազմ մղել, Տիգրան Մեծի ժամանա՞կ, ե՞րբ ենք մենք պատերազմ նախաձեռնել ընդհանրապես։ Դուք այդ զիջումների քաղաքականությունով Արցախից հրաժարվեցիք, Սյունիքից զորքերը հետ քաշեցիք, ամեն ինչ արդարացրել եք դրանով, ասել եք՝ դրա դիմաց կլինի խաղաղություն։ Հիմա անգամ դա չեք կարողանում ասել, զիջումն անում եք՝ անգամ դա չեք կարողանում երաշխավորել, որ դրա դիմաց խաղաղություն կլինի»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ թվականի քարտեզ գոյություն չունի, որում ֆիքսված են սահմանները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ