Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմականացված դատավարությունները՝ նաև նախկին ղեկավարության ներգրավվածությամբ, առաջիկայում նոր թափ են առնելու»․ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվի կողմից իրականացվող դատավարությունների մասին

Մարտ 20,2024 19:01

«Սահմանափակումներով հանդերձ ես խիստ կարևորում եմ մշտական քննարկումները, և Եվրոպական խորհրդարանի քննարկումները չեն կարող իրենց անուղղակի ազդեցությունը չթողնել Եվրոպական խորհրդի գործունեության վրա։ Դրանք կարող են նախադրյալներ ձևավորել, որ որոշակի ժամանակահատվածում կամ ժամանակ անց բեկում մտնի նաև եվրոպական քաղաքականության մեջ»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը  քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի արդյունավետությունը, այսպես պատասխանեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա՝ այսպիսի քննարկումները կարևոր են, քանի որ շարունակաբար հարցը պահում են միջազգային հանրության ուշադրության ներքո․ «Իհարկե, մենք ունենք ավելի մեծ սպասումներ՝ մասնավորապես ակնկալիք, որ Եվրոպական միությունը՝ ի դեմս իր կառույցների ոչ միայն կոչ կանի, կքննադատի, այլև իր ունեցած լուրջ լծակները կգործադրի Ադրբեջանին վարք թելադրելու նպատակով։ Բայց մենք նաև հասկանում ենք առանձնահատկությունները․ մասնավորապես Եվրոպական խորհրդարանն այլ հարթակ է և էապես տարբեր է գործադիր մարմնից ու քաղաքականությունից։ Եվրոպական խորհրդարանն իր ունեցած գործիքակազմի շրջանակում առավելագույնը աջակցել է այս խնդիրների լուծմանը։ Չմոռանանք, որ Եվրոպական խորհրդարանը չխորշեց և ճիշտ անվանում գործածեց՝ տեղի ունեցածը բնութագրելու համար։ Ունեցանք հստակ որակավորում, որ էթնիկ բնաջնջման է ենթարկվել արցախահայությունը ԼՂ-ում բնակվող։ Այլ հարց է, որ այս քննարկումներն անմիջականորեն ազդեցություն չունեն պատժամիջոցների կիրառման վրա։ Պատժամիջոց կիրառողը գործադիր մարմինն է՝ ի դեմս Եվրոպական խորհրդի, որտեղ ներկայացված են անդամ պետությունների ղեկավարները։ Եվ վերջիններս հաճախ առաջնորդվում են ոչ թե մարդու իրավունքներով, այլ քաղաքական նկատառումներով և սեփական երկրների տնտեսական ու այլ շահերով։ Այ, այստեղ է, որ գեներացվում են խնդիրները»։

Մեր հարցին՝ որևէ փաստաթուղթ, հայտարարություն կներկայացվի ԵՄ՝ որոշում կայացնող մարմիններին, քանի որ Ադրբեջանը խախտել է ռազմագերիներին փոխանակելու իր պարտավորությունը, Բաքվում հայ ռազմագերիները հոգեբանական ճնշման են ենթարկվում, անմարդկային պայմաններում են պահվում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Քննարկման նպատակը մասնագետների և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ խնդիրները բարձրաձայնելն էր, ամրագրելը, եղած խնդիրների առնչությամբ կոնսենսուս ձևավորելն էր։ Այս փաստագրումներն ու արձանագրումները կարևոր են Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում, քանի որ հերքում են ակնհայտը։ Եվ այս ձևաչափում կարողացանք փոխանակել մտքեր, ներկայացնել խնդիրներ, ապացույցներ։ Ներկայացված էին նաև միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք ամբողջովին ընդունեցին եղելությունը, ինչպես ներկայացված է հայկական իրավապահ համայնքի կողմից։ Կար կազմակերպություն, որը ներկայացնում էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը և նրանք ևս վերահաստատեցին մեր կողմից ներկայացված գնահատականները՝ ցույց տալով դրանց օբյեկտիվ բնույթը։ Մասնակիցներն ավելի խորքային սկսեցին տիրապետել խնդիրներին։ Այնուհետև յուրաքանչյուրն իր մանդատի և հնարավորությունների շրջանակում կկարողանա խնդիրը պահել ուշադրության ներքո և հանձնառել այլ նախաձեռնությունները, որոնց արդյունքում կարող են այլ բնույթի փաստաթղթեր ընդունվել։ Ավելի շատ իրազեկվածությունը բարձրացնող, խնդիրների բնույթը ցուցադրող հանրային միջոցառում էր»։

Մեր հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ այս հարցը պետք է լուծել Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու միջոցով, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Իրավական մեխանիզմները շարունակաբար պետք է գործածվեն, նույնիսկ եթե դրանց անմիջական ազդեցությունն ուղղակի չէ։ Այսօր դրանք հակակշռող լուրջ գործիքներ են, և իրավական միջամտությունը գեներացնում է ինքնուրույնաբար նաև քաղաքական ճնշում, որը կարևոր է, քանի որ ՀՀ-ն սեփական դիվանագիտությամբ նման քաղաքական ճնշում չի կարող գործադրել։ Հարցի լուծման կարճ ուղիներ կան, բայց մենք անխուսափելիորեն բախվում ենք արտաքին քաղաքականության հետ։ Օրինակ՝ պատժամիջոցի կիրառումն էապես կարող էր իրադրության մեջ փոփոխություններ մտցնել, բայց այդ պատժամիջոցների կիրառումը հապաղում է այս համատեքստում՝ դարձյալ քաղաքական նախադրյալներով պայմանավորված։ Դրա համար բազմաֆակտոր խնդիրներ գոյություն ունեն։ Եթե մենք կարողանանք ճիշտ համադրություն գտնել ակտիվ դիվանագիտության, ջատագովության և այլ միջոցներով, միգուցե կունենաք պահի այնպիսի համադրում, երբ պատժամիջոցները գործադրելի կլինեն նաև այս հարցերի համար։ Սա կարճ ճանապարհն է, բայց որը այդքան էլ մոտալուտ չէ։ Թերևս աշխատանքը պետք է միտված լինի այն նախադրյալների ձևավորմանը, որոնց պայմաններում այս պատժամիջոցների սպառնալիքով կամ փաստերի կիրառմամբ Բաքվի իշխանության վարքը  կդառնա առավել կառավարելի։ Այստեղ մենք պետք է ապավինենք միջազգային գործընկերներին, ցանկացած պետություն, որը ազդեցություն ու հեղինակություն ունի և իր ունեցած լծակներով կարող է ճնշել Ադրբեջանի իշխանություններին, կարևոր դերակատար է»։

Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ հայ ռազմագերիների գործերով ի՞նչ նոր զարգացումներ կան, գործընթացում տեղաշարժ կա՞, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այս պահին մենք կոնկրետ տեղաշարժեր չունենք։ Իրավական գործընթացներն իրենց բնականոն հունի մեջ են։ Ռիսկային հարցեր չկան։ Միակ հայտնի ռիսկը Հայաստանի կողմից հնարավոր հրաժարումն է հայցերից։ Բայց այստեղ խոսքը չի վերաբերում այն անհատներին, որոնց գործերը մենք ենք ներկայացնում և մենք վերահաստատում ենք, որ այդ գործերից որևէ հրաժարում չի լինելու, ավելին, հրաժարման ֆոնին մենք ինտենսիվացնում ենք մեր աշխատանքը և ավելի ընդգրկուն հայցատեսակներ ենք ներկայացնում Ադրբեջանի իշխանության դեմ։ Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, հստակ է, որ եթե ՀՀ-ն Բաքվի պահանջներին համահունչ դրական տեղաշարժ չապահովի խաղաղության շուրջ բանակցություններում և նոր փաստաթուղթ չստորագրի, ապա Բաքուն իր ճղճիմ հոգեբանությանը հավատարիմ երբևէ ռազմագերիներին կամ քաղաքական անձանց ազատ չի արձակելու։ Կարծում են՝ առաջիկայում այս բեմականացված դատավարությունները՝ նաև նախկին ղեկավարության ներգրավվածությամբ, նոր թափ են առնելու։ Ադրբեջանն այս խաղաղության բանակցություններին համընթաց կենտրոնացրել է ուշադրությունը հենց այս դատավորությունների վրա և աշխատացնելու է իր քարոզչամեքենան։ Քաղաքական առումով դրական ազդակներ չենք տեսնում»։

Մեր հստակեցմանը՝ եթե Հայաստանը հրաժարվի միջպետական հայցերից, որոնք ներկայացված են պետության կողմից, դա կարո՞ղ է վերաբերել նաև անհատների վերաբերյալ ներկայացված գործերին՝ ընդդեմ Ադրբեջանի, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Միանշանակ ոչ։ Այն գործերը, որոնք ներկայացնում ենք մենք և հանդես ենք եկել ընտանիքների, անմիջական զոհերի անունից, դրանց վրա պետության հրաժարումն ազդեցություն չի գործելու։ Խոսքն այն գործերին է վերաբերում, երբ անհատական իրավունքները պաշտպանվել են միջպետական գանգատի շրջանակներում, իսկ մենք բազմահազարանոց խմբեր ունենք՝ այդ թվում սեփականության իրավունքի, տեղահանումների, դեպորտացիայի մասով, որոնք հենց ներկայացվել են միջպետական գանգատի շրջանակներում։ Այստեղ մենք գոնե որոշակի ապահով ուղի ենք հուշում պետությանը, որ ոչ թե պետք է լինի հրաժարում, այլ միգուցե կարող են կնքվել հաշտության համաձայնություններ, որոնք կհաստատվեն դատարանի  կողմից և այս դատական օղակները որոշակի վերահսկողության լծակ կպահպանեն հաշտության պայմանների կատարման առնչությամբ։ Սա ևս մեզ համար ցանկալի լուծում չէ․ ինչևիցե ավելի ապահով ուղի է, քան արտադատական՝ քաղաքական համաձայնությունները, որոնք ցանկացած պահի կարող են արագ կերպով ոտնահարվել Ադրբեջանի կողմից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031