Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Տավուշի մարզի 4 գյուղերի մասին, այսպես ներկայացրեց. «Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Պետք է խնդրել, որ ասեն, թե ո՞ր գյուղերի մասին է խոսքը: Ես ինքս որեւէ ադրբեջանական գյուղի անուն չեմ տվել, մինչեւ այն պահը, երբ ուրիշն է տվել: Նախորդ օրը Կիրանցի վարչական ղեկավարը նշեց Խրեմլի գյուղը, ես ուղղակի դրան արձագանքեցի՝ հարցնելով, որ Տավուշի մարզում Խրեմլի անունով գյուղ կա՞: Ուզում եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, թե մենք ինչի պատրաստակամություն ունենք:
Իմիջիայլոց, գյուղերի անուններ բարձրաձայնել է Ադրբեջանը: Սա մեր սահմանի ամենախնդրահարույց հատվածներից մեկն է իր կտրտվածության բարդությամբ եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիան սկսել հետեւյալ տարածքում, որպեսզի այդ տարածքը, որից պետք է սկսենք, ընդ որում, գյուղի մասին չի, գյուղերի դիմաց գտնվող սահմանի մասին է խոսքը, ասել ենք, որ մենք պատրաստ ենք, Հայաստանի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս, Այրում: Ես ուզում եմ մենք ֆիքսենք, որ նույն գյուղերը չեն սրանք: Անունների մեջ կա Բաղանիս Այրում, ԽՍՀՄ-ի ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում դիմացը՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ եւ Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է:
Հաջորդը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ եւ դրա դիմացը գտնվող գյուղը, որը ադրբեջանական կողմից այդ հատվածում Խերեմլի գյուղն է, սրանք նույն գյուղերը չեն: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ եւ Բերքաբերի դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում, այդ գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ: Այսինքն, այստեղ դետալներ կան, որոնց շուրջ աղմուկ է բարձրացվում: Օրինակ, Կիզիլ Հաջիլի գյուղը միշտ գտնվել է Ադրբեջանի տիրապետության ներքո եւ հիմա կառավարությունը որ ուզենա էլ, այդ գյուղը չի կարող հանձնել, որովհետեւ Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանինն է եղել միշտ»:
Նա նորից ցույց տվեց Հայաստանի ուրվագծային քարտեզը՝ ասելով, որ իր նշած 4 ադրբեջանական գյուղերը այս քարտեզից դուրս են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ