ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի ժամանակ իրավիճակը լարվեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին դիմեց՝ «տիկին Օհանյան»։ Սեյրան Օհանյանը նրան հորդորեց ներողություն խնդրել, բայց Հակոբ Արշակյանն ասաց, որ նման արտահայտություն չի արել։
Ավելի ուշ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հորդորեց Սեյրան Օհանյանին եւ Հակոբ Արշակյանին․ «Տիկինը վիրավորական բառ չէ։ Եթե նկատեք, թե դուք որքան հաճախ եք ինձ դիմելիս շփոթմամբ ասում՝ պարոն Ղազարյան, եւ մենք դրանից կոնֆլիկտ չենք սարքում, կհասկանաք, որ այս իրավիճակում էլ խնդիր չկա։ Նորմալ է, շփոթվել է, շփոթմամբ միմյանց տիկին անվանելը վիրավորանք ու հայհոյանք չէ, եւ դրանից խնդիր սարքելու կարիք չկա»։
Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Իսկապես տիկին ասելով՝ վիրավորանքի որեւէ նշույլ չկա։ Ուզում եմ ասել, որ ես այստեղից գնացի եւ նայեցի նորից, որովհետեւ լարված պահ էր, եւ կարող եմ ասել, որ, այո, նման բան եղել է, եւ ես պատահաբար տիկինով եմ դիմել հարգելի պարոն Օհանյանին։ Մենք այս մասը հստակեցրեցինք ու հստակեցրինք, որ նա էլ իներցիայով դրան ի պատասխան է այդ արտահայտությունն արել։ Խնդրում եմ, որ մեր բոլոր տիկնայք հանկարծ չվիրավորեն այս անախորժ իրավիճակից»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ