ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց․ «Վերջին շրջանում ՀՀ բարձր ղեկավարության կողմից հնչել են հայտարարություններ այն մասին, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվում է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու հարց։ Այդ՝ առայժմ քաղաքական հայտարարություններն ակնհայտորեն չեն բխում մեր պետական եւ ազգային շահերից եւ հղի են անդառնալի իրավական, դիվանագիտական, քաղաքակրթական եւ առհասարակ ռազմավարական կորուստներով։
Ըստ էության, հրաժարվելով հանցագործին պատժելու միջազգային իրավական գործիքներից, Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան եւ նրա ցեղասպանական վարքագիծը։ Հայաստանն իր բացասական նախադեպը կներմուծի նաեւ միջազգային հարաբերությունների մեջ՝ կանաչ լույս վառելով ուժի կամ ուժի սպառնալիքով հակամարտությունները կարգավորելու ցանկացած ագրեսորի համար։ Մեր հավաքական իրավունքները ոտնահարող այս մոտեցումը հայ ժողովրդին զրկելու է տարբեր տեսակի պաշտպանական համակարգերից օգտվելու հնարավորությունից, այդ թվում՝ միջազգային կառույցներում Հայաստանի շահերը պաշտպանելու գործիքներից։ Այս դիրքորոշման հետեւանքով առ ոչինչ են դառնալու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, հանրային եւ մասնավոր սեփականության, Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության պաշտպանության եւ այլ իրավունքներ»։
Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ հիմքեր եւ բովանդակություն ունեն այս հայտարարությունները, կառավարությունը գիտակցո՞ւմ է արդյոք այս քաղաքական որոշման ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները։ «Դուք իսկապե՞ս համոզված եք, որ միակողմանի շարունակ բավարարելով Ադրբեջանի պահանջները՝ կարելի է հասնել կայուն խաղաղության կամ կասեցնել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ թուրք-ադրբեջանական շարունակական պահանջները»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց․ «Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, եւ ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, եւ լինի այդպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի եւ կարող է նույնիսկ տրամաբանական լինել։ Շատ կարեւոր է, որ մենք հարցերը քննարկենք ամբողջության մեջ։ Կարծում եմ, որ մենք գիտենք, որ այդ հարցում միակողմանի ընկալումները մեզ հնարավորություն չեն տալիս ամբողջական դիտարկել իրավիճակը։ Մենք ունե՞նք արդյոք մեր ճշմարտությունները, իհարկե, ունենք, բայց դա չի նշանակում, որ դա աշխարհում միակ ճշմարտությունն է։ Եվ մենք այս հարցերը քննարկելիս պետք է հենվենք այս տրամաբանության վրա»։
Լիլիթ Գալստյանն ասաց, որ դեռեւս փոխադարձություն չի տեսել, մենք շարունակ առնչվում ենք Ադրբեջանի միակողմանի պահանջներին ու Հայաստանի զիջումներին։ «Այսպիսով մենք որոշում ենք կայացնում նաեւ Արցախի ժողովրդի անունից՝ փակելով նրանց վերադարձի եւ անկասելի իրավունքները»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն եւ տեւական խաղաղություն, եւ խաղաղությանն այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին։ Եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն ու տեւական խաղաղություն, պարզ է, որ մենք այդ գործիքից չենք հրաժարվի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ