Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Տպավորությունն այնպիսին է, որ համալսարանի ավարտական դիպլոմ այդպես էլ չստացած անձը միշտ ղեկավարվել է բացարձակապես այն գաղափարներով ու քարտեզներով, որոնք տարածվում են Ադրբեջանում»

Մարտ 20,2024 18:40

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով տավուշցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ թշնամուն տարածքներ հանձնել համոզելուն՝ ասաց. «Տպավորությունն այնպիսին է, որ համալսարանի ավարտական դիպլոմ այդպես էլ չստացած անձը միշտ ղեկավարվել է բացարձակապես այն գաղափարներով եւ այն քարտեզներով, որոնք տարածվում են Ադրբեջանում: Բայց միայն մի տարբերությամբ, որ Ադրբեջանն ավելի շուտ է սկսել ցույց տալ: Քիչ ուշացումով նույն բանը կրկնում է բացարձակապես չտեղեկացված մի մարդ, որն ընդհանրապես կապ չունի ոչ Հայաստանի, ոչ հայ ժողովրդի պատմության, ոչ էլ Սովետական Հայաստանի սահմանների հետ»:

Տիկին Ալավերդյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ասածները դատարկաբանություն են: «Տեղեկացնեմ, որ ուրբաթ օրը հավաքվելու են մի խումբ բանիմաց գիտնականներ, այդ թվում՝ քարտեզագետներ, պատմաբաններ, քաղաքագետներ, որոնք անպայման կունենան միասնական մոտեցում: Ու ես պնդում եմ, որ այդ մոտեցումների գրավոր տարբերակին ծանոթացվեն ԱԺ բոլոր պատգամավորները՝ ներառյալ, գուցե, նաեւ սկսյալ, ՔՊ-ի, որն ամբողջովին վարում է քրեածին քաղաքականություն: Ամեն մեկը պետք է հստակ իմանա, որ նյուրնբերգյան սկզբունքների ներքո անձնապես պատասխանատու է ոչ իրավական եւ ոչ օրինական գործողություն անելու համար:

Մենք գործ ունենք այլ պետությունների՝ թուրք-ադրբեջանական ստրատեգիան սպասարկող բավականին պատրաստված մարդկանց հետ: Եվ ինքը թերզարգացածների համար բերել եւ խաբեությամբ ուզում է անցկացնել այդ քարտեզը: Վաղն ինքը բերելու է ուրիշ քարտեզ, մյուս օրը՝ այլ քարտեզ», ասաց տիկին Ալավերդյանը:

Նշելով, որ Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի բոլոր տարածքային պահանջներն ապօրինի են, Լարիսա Ալավերդյանը ուղերձով դիմեց տավուշցիներին եւ սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչներին: «Սիրելի տավուշցիներ, սահմանամերձ բոլոր գյուղերում ապրող սիրելի անձինք: Այդ հողերը պատկանում են միայն ու միայն հայ ժողովրդին ոչ միայն պատմականորեն, այլեւ իրավական առումով: Եվ դրանք հանձնելը նշանակում է խախտել սահմանադրությունը: Որեւէ մեկը որեւէ ձեւով իրավունք չունի որեւէ մի թիզ հող հանձնել, նվիրել, վաճառել: Եթե անգամ ձեզ հազարավոր դոլարներ տան, դուք իրավունք չունեք խոսել այդ տարածքների մասին որպես միայն ձեր գյուղի տարածքներ: Ձեր գյուղը Հայաստան է: Եվ Հայաստանի տարածքների մասին խոսել կարող է միայն ու միայն Հայաստանի ամբողջ ժողովուրդը: Այսօր ներսից մեզ զավթել է մի թիմ, որը եկել է պատրաստ ծրագրերով, սպասարկելով թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031