Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը եւ նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի». Փաշինյան

Մարտ 20,2024 18:35

«Ես լսել էի, որ կան դժբախտ, դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են եւ մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չի պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ որ կան ռեստորաններ, հյուրատներ եւ այդ տարածքները հարցականի տակ են»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Խոսելով Տավուշի մարզի 4 գյուղերի մասին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ կարող է տասնյակ փաստեր բերել, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են. «Այնտեղ վեր են խոյանում 8-րդ դարի եկեղեցի, բերդեր, ամրոցներ շիրմաքարեր, այդտեղ ամեն մի քար ու թուփ հիշեցնում է հայկականություն եւ այդ ամեն ինչը հարցականի տա՞կ դնել ԱԺ ամբիոնից, լավ, լո՞ւրջ եք, էս ի՞նչ եք անում: Այդ տարածքներում ապրող մարդիկ մտածում են, որ առաջնագիծը քանդվելու դեպքում, երբ թշնամին հայտնվի գյուղում, դուք էլ գիտեք, հանդիպման ժամանակ ասել են, տներ կան, այդ տան մոտ են հայտնվելու, ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք էլ այդ մարդկանց ասում եք՝ Ադրբեջանի հետ համատեղ այդ ճանապարհների անվտանգությունը կապահովենք: Լո՞ւրջ եք ասում: Յաշմա ու Կոմանդո ջոկատնե՞րը պիտի ապահովեն այդ ճանապարհների անվտանգությունը, էս ո՞ւր հասանք մենք, ի՞նչ է կատարվում: Լոռու մարզը սարքում ենք սահմանապահ, սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս ենք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, երբ պետք է, գազամուղը փակի, Արցախի օ՞րն ընկնենք: Հիմա էլ ասում եք՝ մենք ինքնիշխան տարածքի զիջում չենք արել: Իսկ 300 քկմ որ Ադրբեջանը նստած է Ջերմուկի մատույցներում, էդ ադրբեջանցինե՞րը չեն նստած, էդ ո՞ր պահանջներն են իրենք բավարարել, ձեր ո՞ր մի պահանջն են բավարարել: 31 բնակավայրերը ադրբեջանցիները մեզ հանձնե՞լ են»:

Մինչ վարչապետը կմոտենար ամբիոնին՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ եթե 8-րդ դարի եկեղեցի ասելով՝ նկատի ունի սուրբ Աստվածածինը, այն ՀՀ ինքնիշխան տարածքում է գտնվում եւ անհնար է հանձնել:

Իսկ վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը եւ նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք այնտեղ կառուցեիք: Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց էլ կառուցեիք Ոսկեպարում, 2 հատ էլ Կիրանցում կառուցեիք: Էդ ճանապարհների երկայնքով սարքեիք ձեր ավտոսալոնները: Էս ինչի՞ մասին եք եկել բան անում, հո գոռալով չի: Խնդիրը տան մասին չի, խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է: Կոնկրետ բան եմ ասում՝ էն, ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է: Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ: Ես ՀՀ այսօրվա վարչապետն եմ: Եթե դուք պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան: Ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ: Գնացեք հյուրատուն կառուցեք, գնացեք հյուրանոց կառուցեք»:

Տեղից Գեղամ Մանուկյանը բղավում էր, թե հյուրանոցները չե՞ք տալու: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն արեց Գեղամ Մանուկյանին:

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Ադրբեջանը միակողմանի զիջումներ է փորձում կորզել ու գալ գյուղի մատույցներում կանգնել միջպետական ճանապարհի եզրին, ընդ որում, դա չի երաշխավորելու, որ դրանից հետո պատերազմ չի լինելու:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031