Լրահոս
Օրվա լրահոսը

Թող հայերը հավաքվեն, սրանից նեղ տեղ էլ չկա. Ոսկեպարի բնակիչ

Մարտ 20,2024 18:02

Ոսկեպարի բնակիչներն այսօր վաղ առավոտից փողոց են դուրս եկել՝ ելքեր գտնելու Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի վերադարձման հարցով: Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնման լուրը ոտքի է հանել գյուղի տղամարդկանց:

«Բա մենք հերոսներ ենք ունեցել, մեր Մաշտոցն ո՞ւր է, մեր Նժդեհն ո՞ւր է, մեր էն գիտնականներն ո՞ւր են, որ ցամաքվել են, կինարմատի շոր հագել, թող հայերը հավաքվեն, սրանից նեղ տեղ էլ չկա: Ոսկեպարը չկա, Կիրովականը կա՞, արդյոք Երեւանը մնալո՞ւ է, չի՛ մնալու: Սեւանի ջուրն ուզում են տանեն Բաքու, նրանց միտքն էդ է, Թուրանի պետություն են ստեղծում, ինչո՞ւ չեն հասկանում, էս ի՞նչ են անում»,-այսօր դժգոհեց Ոսկեպարի մի բնակիչ: Նրա խոսքով, Ադրբեջանի պահանջած գյուղերը հայկական հողեր են, ժամանակին տվել են նրանց, բայց դա չի նշանակում, որ իրենցն է. «Հիմա ով է որոշում, որ նրանցն է»:

«Դուք տեսաք, որ մեծերի տրամադրվածությունը մարտական է, մենք էլ ստացել ենք մեծերի դաստիարակությունը, դա նշանակում է, որ մենք էլ ենք մարտական տրամադրված, էսքան բան, ավել բան չենք խոսում»,- ասաց հավաքված երիտասարդներից մեկը:

Փաշինյանի՝ 4 գյուղերը հանձնելու մասին հայտարարությունը Ոսկեպարում վրդովեցրել է նաեւ ԵԿՄ անդամ, Արցախյան 1-ին ազատամարտի մասնակից կանանց. «Ոնց տանք թուրքի գյուղը ու տրորենք մեր հերոսների արյո՞ւնը, ո՞նց տանք, ներքեւ թուրք, վերեւ թուրք, ո՞վ է արյուն թափել ձեր խորհրդարանից, մի մարդ թող բերեն, որ ասի՝ ներկա եմ եղել 90-ականների կռվին: Փաշինյանն ում է հարցրել, որ հող է տալիս, էսօր ղեկավարում են, վաղը կարող է Ֆրանսիա են, մենք մնալու ենք էստեղ, չէ՞»:

Ոսկեպարի մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ հիմա հայրենիք ունենալու շուրջ պետք է բոլոր հայերը համախմբվեն. «Մենք հայրենիքի մի մասն ենք կորցրել՝ Արցախը, պետք է փորձենք պաշտպանել Հայաստանը, հետո մտածենք այլ անելիքների մասին: Այս պահին շատ լուրջ խնդիրներ ունենք, միայն Ոսկեպարը չէ, Տավուշի մյուս հատվածներն են, պարզ ասեմ, որ Փաշինյանն ասում է՝ քայլ ենք անում, սպասենք Ադրբեջանի քայլին, պարզ չի՞՝ Ադրբեջանի քայլն ինչ է լինելու, դրանից հետո պահանջելու է մի ուրիշ հատված, պահանջելու է, որ ադրբեջանցիները գան բնակվեն ՀՀ տարածքներում: Այսպիսի կահավորված դիրքեր, որ հանձնենք, Ադրբեջանը չի բավարարվելու, էլի առաջ է գալու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031