«Եթե ուզում ենք մեր ինքնությունը, մշակույթը, բարբառը պահպանենք՝ մի արտագաղթեք։ Չեք կարող ձեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որեւէ քաղաքում ժինգյալով հաց թխելով։ Մեր հայրենիքում՝ Հայաստանում պետք է լինենք համահավաք, այդպիսով հիմք կստեղծենք վերադարձ համահավաք դեպի Արցախ եւ մեր պատմական, մշակութային ժառանգությունը փրկելու»,- այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում արցախցիներին հորդորեց պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:
Նա նաեւ ասաց․ «44-օրյա պատերազմի, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի էթիկ զտման եւ ցեղասպանության քաղաքականության հետեւանքով Արցախը ոչ միայն զրկվել է իր բնիկ բնակչությունից, այլ մեր համարյա 6000 պատմամշակութային հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության տակ, կորստի առաջ են»։
Իր գնահատմամբ, ոչնչացնելով Արցախի մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը մեկ նպատակ ունի՝ կտրել մեզ արմատից, ինքնությունից, որի լուռ վկաներն են այսօր Արցախում մնացած մեր հոգեւոր մշակութային կոթողները, մոնումենտալ արվեստի հուշարձանները, հնագիտական պեղավայրերը, որոնք ոչնչացվում են․ «Ադրբեջանը ոչնչացնում է 1994 թվականից հետո կառուցված բոլոր հուշարձանները, հաջորդը լինելու է մեր վիմագիր արձանագրությունների ոչնչացումը միջնադարյան հուշարձաններից»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ