Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարկ համարեց ճշտել, թե հարցը ո՞ւմ է ուղղվում:
«Կառավարության գլխի՛ն»,- շեշտեց Լեւոն Քոչարյանը: Ռուբինյանը հորդորեց հայերենին տիրապետելով՝ ճիշտ ներկայացնել ու խոսքը տվեց ՀՀ վարչապետին:
Սա, ինչպես պարզ դարձավ, Փաշինյանը ծանր էր տարել: Հաջորդիվ, երբ պատասխանում էր մեկ այլ պատգամավորի՝ Գառնիկ Դանիելյանի հարցին, մի քանի անգամ շեշտեց՝ «ձեր քաղաքական ուժի գլուխը»՝ նկատի ունենալով Քոչարյանին: Հետո նա ընդգծեց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես պատասխանեցի, որ…»:
Դահլիճից ընդդիմադիրները մեծ աղմուկ բարձրացրեցին ու սկսեց «ռազբորկան»՝ ոչ եթերային բառապաշարով, ՔՊ-ականներն ու ընդդիմադիրները միմյանց բղավում էին, թե ով ինչի տղա է:
Կարդացեք նաև
Փաշինյանը աղմուկ-աղաղակի մեջ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլո՞ւխ բառից վատ զգաց, թե՞ տղա բառից վատ զգաց: Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի: Ի՞նչն է պրոբլեմը»:
Սա նորից կրքեր հրահրեց դահլիճում, իսկ Փաշինյանը շարունակեց. «Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահի պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ է լինելու: Ես գլխի փոքրիկ տղային զգուշացրի, որ պատշաճ պահի քեզ, հակառակ դեպքում գիտեք ինչ է լինելու: Հիմա հանդարտվեցի՞ք»:
Ռուբինյանը նկատողություն տվեց Լեւոն Քոչարյանին՝ ասելով, որ հաջորդ անգամ նման վարքը կրկնելուց հետո լավագույն դեպքում կհեռացնի դահլիճից, իսկ վատագույն դեպքում չի հեռացնի ու այլ կերպ կլուծեն այդ խնդիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ