«Եթե ամբողջ արցախահայությունով կանգնենք իրար կողքի, ամբողջ աշխարհասփյուռ հայությունը կկանգնի մեր կողքին, ինչպես 1988-ին»,- այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրիյանը՝ հորդորելով՝ տեսակների չբաժանել, քանի որ բոլորս «նույն նավակում ենք գտնվում»։
«Դուք չե՞ք զգում, այն ինչ կատարվում է այսօր Ոսկեպարում, շատ նման է Փառուխում կատարվածին»,- ասաց բանախոսը՝ համախմբման կոչ անելով։ Նա նաեւ կարծում է, որ միջազգային հանրությունը մեզ համար հարցեր չի լուծելու, մենք պետք է զենք վերցնենք ու մեր հայրենիքը պահենք։
Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Միասնականության կոչ հնչեցրեց նաեւ պահեստազորի փոխգնդապետ, բազմազավակ ընտանիքի հայր Արա Քամալյանը․ «Չնայած մեր զոհողություններին ու զրկանքներին, այսօր ժամանակավորապես մեր թշնամու վերահսկողության տակ են գտնվում մեր սուրբ օջախները, մեր նախնյաց շիրիմները, մեր պատմամշակութային ժառանգությունը, դժվարանում եմ ասել նաև, մեր երիտասարդ սերունդների թարմ գերեզմանները ու քանի-քանի սուրբ տղաներ մնացին առանց շիրիմների։ Սա է մեր արժանապատվության խարիսխը, սա է, որ ամեն օր խայթում է ինձ ու ցավեցնում հոգիս»։
Բայց, նույնիսկ նման դժվար պայմաններում, նա հայտարարեց, որ հրաժարվում է հուսահատվել․ «Հրաժարվում եմ դառնալ մուրացկան իմ սեփական հայրենիքում։ Ես այսօր այստեղ եմ կանգնած ոչ թե հուսահատ ու ձեռքերս մեկնած, այլ պահանջում եմ արժանապատվություն, արդարություն, որպեսզի կարողանանք աշխատել, կառուցել ու վերադարձնել այն, ինչ իրավամբ մերն է։ Մենք բարեգործություն չենք մուրում, խղճահարություն չենք խնդրում, մենք պարզապես պահանջում ենք հարգել մեր իրավունքները՝ որպես հայ»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ