Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը հարցրեց Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից: Նա հարցրեց, թե սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հանդիպումները շատ կարեւոր էին. «Կարծում եմ, որ այն մտահոգությունները, որ ունեն ոսկեպարցիները, կիրանցիները եւ էլի հարակից գյուղերի բնակիչներ, այդ բոլոր մտահոգությունները լեգիտիմ են: Չկա մի մտահոգություն, որ այնտեղ բարձրաձայնվել է, ես ասեմ՝ չէ, այդպիսի պրոբլեմ գոյություն չունի: Բայց իմ ասածն ուրիշ բան է՝ մենք պետք է այդ պրոբլեմը լուծենք: Ես ինքս էլ այդ ճանապարհով՝ Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս, այդ ճանապարհով 100 անգամ անցել եմ, բայց հետաքրքիր է, որ բաներ կան, 100 անգամ անցնում ես, չես նկատում եւ 101-րդ անգամ անցնելուց հետո ես միայն նկատում:
Օրինակ` ես այս վերջին այցի ժամանակ նկատեցի մի բան, որ նախկինում չէի նկատել: Կիրանց գյուղից հետո մինչեւ Բաղանիս միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն, ոչ մի ռեստորան չկա, ոչ մի: Դա միջպետական ճանապարհ է:
Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, որովհետեւ նաեւ սոցիալական ցանցերում ընդդիմադիր որոշ գործիչների մեկնաբանություններ կարդալով՝ ես այդ զգացողությունն ունեի, որ փորձ է արվում ներկայացնել, որ ահա տեսեք՝ ամեն ինչ ինչքան լավն էր ու այս իշխանությունը եկել է, ուզում է դարձնի ամեն ինչ վատ:
Կարդացեք նաև
Ես հարց եմ տալիս՝ Կիրանցից մինչեւ Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչի՞ ոչ մի հատ խանութ չկա, ոչ մի հատ: Ոչ մի հատ ռեստորան չկա, ոչ մի հատ հյուրատուն չկա: Դա կարա մի բացատրություն ունենա, որ այն պրոբլեմը, որ մենք այսօր քննարկում ենք, այդ մարդիկ այդ պրոբլեմը գիտեն՝ անկախ նրանից՝ ով դրա մասին բարձր խոսում է եւ ով բարձր չի խոսում: Միշտ իմացել են եւ գիտեն: Ընդ որում, այս հատվածում այնտեղ բանավեճ չկար: Բանավեճը ուրիշ բանի շուրջ էր, որ հաջորդ քայլերը ինչ տրամաբանությամբ պետք է իրագործել: Ես ասացի՝ մենք ձեզ լսեցինք եւ ամեն ինչ կանենք, որ ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, բայց դա միայն մեր որոշումով չի, հակառակ դեպքում այդ որոշումը ես կկայացնեի»:
Վահե Ղալումյանն արձագանքեց, որ ինքը 2000-2015թթ-ին Տավուշի Ճանշինում է աշխատել ու գիտի, որ այդ ճանապարհը մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել, երբ ադրբեջանցիները կրակել են, Լինսի հիմնադրամը դադարեցրել է ճանապարհաշինության աշխատանքները. «Այսօր մեր ընդդիմադիր գործընկերներն ու որոշ լրատվականներ շեշտում են զիջումները, բայց այդտեղ զիջումներ չկան: 2018-ին մեր սահմանամերձ գյուղի գյուղապետերից մեկը ավագանու նիստով 10 հա հողատարածք էր հատկացրել իր ընտանիքին Բարխուդարլու գյուղի տարածքում: Կադաստրը վկայական չէր տվել ու չէր գրանցել, հետո բանավեճի ընթացքում պարզվեց, որ դա ՀՀ տարածք չէ եւ գրանցելու ենթակա չէ»:
Փաշինյանը պատասխանեց. «Որ ասում ենք՝ զիջում, պետք է հասկանանք՝ իսկ ի՞նչն ենք զիջում, ի՞նչ զիջման մասին է խոսքը: Մեր դիրքորոշումն ի՞նչ է, որ ՀՀ սահմանը եւ Ադրբեջանի սահմանը 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ինչ պայմանավորվել են, պետք է ենթարկվի սահմանազատման եւ սահմանագծման: Ինչը մերն է՝ մերն է, ինչը մերը չի՝ մերը չի, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ