Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չեք ուզում, որ մենք մնանք այստեղ, տղամարդկություն ունեցեք՝ ուղղակի դա ասեք»․ Արմեն Ասրյանը՝ ՀՀ կառավարությանը

Մարտ 20,2024 17:20

«Դիմում եմ Հայաստանի կառավարությանը՝ եթե չեք ուզում, որ մենք մնանք այստեղ, տղամարդկություն, քաջություն ունեցեք՝ ուղղակի դա ասեք, ոչ թե նսեմացնող ծրագրերով ստիպեք, որպեսզի մենք արտագաղթենք։ Իսկ եթե ուզում եք արցախցին մնա այստեղ, արարի, իր պոտենցիալը Հայաստանին ծառայեցնի՝ իրատեսական ծրագիր նախատեսեք, որոնք կապահովեն արժանավայել կեցություն արցախցիների համար»,- այսօր Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։

Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:

Արմեն Ասրյանը մեջբերեց իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի մի միտք․ բնակարանային ծրագրերի մասին խոսելիս՝ նա հավասարության նշան էր դրել Արցախից բռնի տեղահանվածների ու Հայաստանի քաղաքացիների միջեւ։ Ըստ Ասրյանի, նման արտահայտություններով, Փաշինյանը փորձում է «սեպ խրել մեր միջեւ՝ մեր դեմ լարելով մեր հայրենակիցներին»։

Անդրադառնալով վերջերս շրջանառվող խոսակցություններին, որ արցախցիները չեն ցանկանում ՀՀ-ում ծառայել, Ասրյանը պարզաբանեց․ «Դա Հայաստանի կառավարության մեղավորությունն է, քանի որ պարտադիր պայման են դրել՝ հրաժարվել մեր 070 կոդով անձնագրերից։ Հարց եմ տալիս Հայաստանի կառավարությանը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ 070 կոդով արցախցին ծառայում էր Հայաստանի զինված ուժերում, զոհվել է, վիրավորվել է, ո՞նց էր դա ստացվում, կարո՞ղ եք բացատրել։ Ներկայումս այս ծանր իրավիճակում բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, սակայն դուք չեք թույլատրում՝ նրանց պարտադրելով հրաժարվել մեր անձնագրերից։ Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծել մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել։ Նման բան չկա»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031