Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ թվում է՝ կառավարությունը երկրի անվտանգության խնդիրները պետք է մատուցի ձեզ, որ բեմադրություններ անեք, սխալվում եք». Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մարտ 20,2024 17:12

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկիրը սեփական դուքանն է ու կարող է ոտքի վրա որոշի պատգամավորներին արգելի իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն ծավալել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Question and answer session between the RA Government and RA National Assembly took place at the RA NA

Նա ասաց, որ Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերին ծանոթանալով՝ հանրությանը չբացահայտելով բոլոր կետերը՝ իրենց անհանգստությունն են փոխանցել՝ հասկանալով, որ պետք է դիմագրավել այս իշխանությունների մանիպուլյացիային, կեղծիքին, թե ժողովուրդ, հեսա խաղաղությունը ստորագրում ենք. «Մենք իրականում տեսնում էինք այն կետերը, որ այդ փաստաթղթերում ներկայացնում էր Ադրբեջանը: Հայաստանը, հասկանալով, որ դա դժվար է հրամցնել սեփական ժողովրդին, հատիկ-հատիկ, առանց փաստաթուղթ ստորագրելու, փորձում է ի կատար ածել այդ բոլոր պահանջները, որ վերջում մի հատ սպիտակ թուղթ բերի, ասի՝ տեսեք, խաղաղության, ավելի ճիշտ պարտության թուղթը բերել եմ վավերացնելու»: Նա հարցրեց, թե կոնկրետ ո՞ր քարտեզով են ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնել, ասել՝ այս հատվածն անցնում է Ադրբեջանին, այս հատվածը մնում է ՀՀ-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որեւէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ կա ըմբռնում, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի հիմքը նույնպես պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը: Դա նշանակում է ոչ թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները արտահայտել գետնի վրա:

Մի նյուանս էլ կար: Առաջին հարցի հետ կապված ասեմ՝ ես գիտեմ իմ լիազորությունները, կայացնում եմ որոշումներ իմ լիազորությունների շրջանակներում ու չեմ կարող սահմանափակել պատգամավորի գործունեությունն ու սահմանը, բայց կարող եմ սահմանել որոշակի տրամաբանություն եւ կարգ: Եթե ձեզ թվում է, որ կառավարությունը երկրի անվտանգության հետ կապված խնդիրները պետք է մատուցի ձեզ, որպեսզի դուք ձեր ներքաղաքական շահերի շուրջ իրականության հետ աղերսներ չունեցող բեմադրություններ ներկայացնեք, դուք սխալվում եք: Այո, ես կայացնում եմ որոշում, ո՞նց տեսաք, որ ոտի վրա եմ կայացրել որոշումը, երբ եւ որտեղ կայացրեցի, համենայնդեպս, ես հիշում եմ, որ նստած եմ եղել այդ ժամանակ որոշումը կայացնելիս»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է բեմադրությանը, այդտեղ որեւէ մեկը դերասան չի, եթե որեւէ մեկն իրեն խեղկատակի կամ ծաղրածուի տեղ է դնում, դա ուրիշ պրոբլեմ է»:

Գեղամ Մանուկյանը նաեւ նշեց, որ Փաշինյանը Ադրբեջանի պահանջները, թե սպառնում է, պատերազմ կլինի, փոխանցել է ոսկեպարցուն ու բաղանիսցուն:

Փաշինյանն արձագանքեց, որ Ադրբեջանի հետ աշխատանքային քննարկումները չի փոխանցել Տավուշում. «Խոսելով Ադրբեջանի դիրքորոշումների մասին՝ ես խոսել եմ Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին, որոնք հասանելի են բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031