«Այն, ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ՝ դեռ 1980-ականներից սկսած, միջազգային իրավական հիմքով դա ոչ այլ ինչ է, քան, ցեղասպանություն»,-Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց արցախյան երկու պատերազմներում զոհված որդիների հայր, հրապարակախոս, գրող Միքայել Հաջիյանը։
Նա հիշեց անցյալ դարի վերջում՝ Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի, Շամախի, Շամխորի եւ ադրբեջանական տարբեր բնակավայրերում հայերի կազմակերպված ջարդերը, տեղահանությունները, որոնք նույն կերպ անտարբերության արժանացան մարդու իրավունքների առաջամարտիկների կողմից, ինչպես արցախյան հետագա պատերազմները եւ տեղահանությունները։ Նա միջազգային հանրությանը կոչ արեց՝ ուշքի գալ, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել արցախահայության հետ, մի օր իրենց «դռանն է չոքելու»․ «Ուրիշի համար փոս փորողն՝ ինքը կընկնի մեջը»։
Բանախոսի կարծիքով, միջազգային հանրությունից պետք է պահանջել, որ Ադրբեջանի գործողությունները արցախահայության դեմ՝ որակվեն որպես ցեղասպանություն։ Նաեւ ՀՀ ԱԺ-ն համապատասխան բանաձեւ պետք է ընդունի․ «Վանք գյուղում, փաստորեն, երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրան, քաջատեղյակ է անգամ Մոսկվան, որի վեց սպաները սպանվեցին, քանի որ քաջատեղյակ են եղել, ականատես են եղել։ Ու այսօր ի՞նչ․ Մոսկվան ու Բաքուն կրկին լեզու գտան իրար հետ․ Ալիեւը գումարներ փոխանցեց այդ նահատակների հարազատներին եւ հարցը փակվեց։ Մենք պետք է միջազգային հանրության դռները հավերժ ծեծենք: Մենք պարտավոր ենք պահանջել մեր վերադարձը Արցախ՝ հանուն մեր զավակների շիրիմների»։
Միքայել Հաջիյանի հայտարարությունը, որ բոլորն էլ ապրում են մեկ մտայնությամբ՝ վերադառնալ Արցախ, ծափերով ուղեկցվեց։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:
Հավաքը մեկնարկեց Հայաստանի հանրապետության եւ Արցախի պետական հիմներով։ Հավաքի կարգախոսն է՝ «Մեկ ազգ, մեկ հայրենիք»։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաեւ արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը։
Հավաքի մասնակիցները պահանջում են ՀՀ կառավարությունից՝ կասեցնել արցախցիների համար բնակարանային ծրագիրը, քանի որ այն չեն ընդունում։ Հավաքի մասնակիցները պահանջում են՝ կանխել Արցախից բռնի տեղահանվածների արտագաղթը Հայաստանից, ապահովել բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումն ու վերականգնումը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ