Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքին «Կալինինգրադի մոդելով» կարգավիճա՞կ. թուրքական քարոզչության հերթական գրոհը

Մարտ 20,2024 16:44

Region Monitor. Օրեր առաջ թուրքական մերձիշխանական քարոզչական հարթակներից Türkiye Gazetesi (թարգմ․՝ «Թուրքիա» թերթ) օրաթերթում և կայքում հայտնվեց մի հոդված, որն իբրև թե «բացահայտում էր» մարտի 1-3-ը կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայկական և թուրքական պատվիրակությունների միջև տեղի ունեցած փակ հանդիպումների մանրամասները։

Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկությունների՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի մասնակցությամբ կայացած հանդիպումներում քննարկվել է Հայաստանի Սյունիքի մարզին (հոդվածում՝ Զանգեզուրին) հատուկ կարգավիճակ տալու հարցը` այնպիսի մոդելով, ինչպիսին ունի «Ռուսաստանին կապված, սակայն ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող Կալինինգրադը»։

Այս առաջին հայացքից «ուշագրավ» հոդվածը հեղինակել է Յըլմազ Բիլգեն անունով լրագրողը, որը թուրքական մեդիա շրջանակներում հայտնի է որպես «հիմարություններ գրող լրագրող»։ Այդպես է վերջինիս կոչել թուրք հայտնի հոդվածագիր Մուսա Օզուղուրլուն՝ անդրադառնալով Բիլգենի մեկ այլ հոդվածին, որում վերջինս, իր գործելոճին հավատարիմ կերպով, ապատեղեկատվություն էր տարածել այս անգամ թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ։ Օզուղուրլուն նշել էր, որ Բիլգենը չակերտավոր լրագրող է, իսկ հրապարակումները նրա անծայրածիր երևակայության դրսևորումն են:

Ինչևիցե, վերադառնանք Բիլգենի՝ Անթալիայի ֆորումին վերաբերող տեղեկությանը, որով վերջինս հայտնում է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումում Զանգեզուրի հարցը քննարկվել է զրուցակիցների միջև։ Հայկական կողմը պաշտպանել է այն տեսակետը, որ վերահսկողությունն ու շահագործումն իրենց պատկանի։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի մասնակցած հանդիպումներում թուրքական կողմն առաջարկել է հատուկ կարգավիճակ տալ Զանգեզուրին, կիրառվի Ռուսաստանին կապված, սակայն ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող Կալինինգրադի մոդելը»։

Նախ նշենք, որ ապաշրջափակման գործընթացում Ռուսաստանի «Կալինինգրադի մոդելի»  կիրառման տարբերակի հնարավորությունը նորույթ չէ և պարբերաբար ձևակերպվում է Բաքվի կողմից (Տե՛ս, օրինակ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը գերմանական թերթին), միայն թե խոսքը ոչ թե Սյունիքի մարզի, այլ Նախիջևանի մասին է։

Շարադրված տեքստից նախ ակնհայտ է, որ հեղինակը և, եթե անգամ «պնդումները» ճիշտ են, ապա նաև նման առաջարկով հանդես եկած թուրքական պատվիրակության ներկայացուցիչը, չեն կողմնորոշվում Նախիջևանի և Հայաստանի Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքերի, կարգավիճակների ու դրանց միջև կապուղիների հնարավոր տարբերակների միջև։

Այս համատեքստում հարկ է նշել, որ մեր տարածաշրջանում միանշանակ էքսկլավային կարգավիճակ ունի միայն մի տարածք և դա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Ընդ որում, ի տարբերություն Նախիջևանի, Կալինինգրադը կիսաէքսկլավային կարգավիճակ ունի, քանի որ ունի ծովային կապ մայրցամաքային Ռուսաստանի տարածքի հետ։

Եվ հետո, թուրք-ադրբեջանական կողմից կարող է առաջարկվել ցանկացած անհեթեթություն, կարևոր է, սակայն, այն թե ինչ է դրանց պատասխանում հայկական կողմը։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ից այս առնչությամբ, հայկական ԶԼՄ-ներից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան, հստակորեն նշվել է․ «Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացվել է, այդ թվում՝ նաեւ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բոլոր հանդիպումների եւ հարցազրույցների ժամանակ: Դրա հիմքում դրված չորս հայտնի սկզբունքներին հակասող որեւէ մոդել չի կարող լուրջ քննարկման առարկա լինել»։ Սա ի դեպ նշում է նաև հենց Բիլգենն իր այդ հոդվածում։

Ուշագրավ է, սակայն, որ հայկական լրատվամիջոցները, որոնք կայծակնային արագությամբ, նաև ցավալիորեն չխորշելով տուրք տալ թուրք-ադրբեջանական քարոզչությանը, տարածում են «հիմարություններ գրող լրագրողի» հրապարակումը, չեն նշում, որ իրականում հոդվածի առանցքային թեման մեկ այլ ապատեղեկատվություն է, թե իբրև «Զանգեզուրի միջանցքում 10 հազար հրոսակ է տեղակայվել»։ Մասնավորապես այդ հոդվածում նշվում է, թե ադրբեջանցի մասնագետ ոմն Գաֆար Մեհդիևը հայտնել է, որ «10 հազար հրոսակներ՝ այդ թվում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ահաբեկիչներ, տեղակայվել է Զանգելանից սկսվող և մինչև Դաշքեսան ձգվող գծի երկայնքով»։

Հրապարակման այս հատվածից արդեն կարելի էր գնահատել դրա ներքո եղած հիմնազուրկ, և իրականությունից շատ հեռու քարոզչական բովանդակությունը։ Սա, ի դեպ, Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական քարոզչության գործընթացում ներգրավված տխրահռչակ լրագրողի միակ գրոհը չէ ուղղված Հայաստանին և հայությանը։ Վերջինս պարբերաբար ջանացել է տարածել կեղծ թեզեր օրինակ «Ֆրանսիայի աջակցությամբ Հնդկաստանով Իրան ապա Հայաստան և Ղարաբաղ տեղափոխվող զենքերի», «Ղարաբաղում ադրբեջանական դիրքերի վրա հայկական հրոսակների հարձակումների» մասին։ Ավելին՝ ամիսներ առաջ նույն Յըլմազ Բիլգենը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին էր վերագրում խոսքեր,  թե «Զանգեզուրի միջանցքը խոչընդոտվում է ոչ թե Հայաստանի կողմից, այլ Իրանի», ինչը բնականաբար միանշանակ սուտ էր և մանիպուլյացիա՝ այս անգամ ուղղված հայ-իրանական հարաբերությունների խաթարմանը։

Ամփոփելով նշենք, որ խաղաղության բանակցություններին զուգահեռ չի դադարել տեղեկատվական պատերազմը և շարունակվում են Հայաստանի դեմ ուղղված թուրքադրբեջանական գրոհները ապատեղեկատվության, անհիմն մեղադրանքների, փաստերը խեղաթյուրելու տեսքով։ Այլ հարց է, թե աշխարհաքաղաքական իրադարձությունների որ փուլում ինչ նպատակ են դրանք հետապնդում։ Իսկ այսպիսիք կարող են լինեն ՀՀ դեմ նոր ագրեսիայի համար հողի նախապատրաստումը, ՀՀի և վերջինիս դաշնակիցների հարաբերությունների խաթարումը, ՀՀում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031