Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիահույս եմ, որ գոնե գիտության աշխարհում մնացել են արժեքներ»․ Գեւորգ Պետրոսյանը կմասնակցի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին

Մարտ 20,2024 16:33

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ առաջադրել է իր թեկնածությունը ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում։ Մրցույթը կայանալու է ապրիլի 3-ին:

Aravot.am-ը Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ վստա՞հ է, որ թույլ կտան ընտրվել, իր տպավորությամբ իշխանությունն ունի՞ իր թեկնածուն։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ ընդամենը երկու թեկնածու է առաջադրվել, առաջադրման ժամկետն էլ արդեն ավարտվել է։ «Թեկնածուներից մեկին՝ գործող դեկանի տեղակալ Հարություն Խաչիկյանին առաջադրել է իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը, ես առաջադրվել եմ ինքնաառաջադրման կարգով։ Չգիտեմ՝ ով ինչ աջակցություն ունի իշխանությունից, իմ աջակցությունն իմ անցյալն է, իմ տվյալներն են, իմ գիտական կոչումը, իմ աշխատությունները, աշխատանքային անցյալը։ Ես որեւէ մեկից ոչինչ չեմ ակնկալում։

Հարգում եմ խորհրդի բոլոր անդամներին եւ լիահույս եմ, որ գոնե գիտության աշխարհում դեռ մնացել են արժեքներ, որոնք պետք է պահպանել։ Ես չեմ ասում այդ արժեքը ես եմ կամ մյուսը, բայց գտնում եմ, որ պետք է որոշումը կայացվի՝ ելնելով կրթության ոլորտում առկա մարտահրավերները լուծելու անհրաժեշտությունից։ Հիմա իրենք ում որ համարեն արժանի, ես հարգում եմ ցանկացած որոշում, այդ թվում՝ ինչպես իմ ընտրվելու, այնպես էլ չընտրվելու որոշումը»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Նա նաեւ հավելեց, որ 27 տարի դասավանդել է ԵՊՀ-ում, սակայն անցյալ տարի, նրա ձեւակերպմամբ, անհայտ շարժառիթներով լուծվել էր պայմանագիրը, դրա համար էլ առաջադրվում է ո՛չ համալսարանից։ Նա նշեց, որ իրավաբանական գիտությունների թեկնածու է 1998 թվականից, իսկ դոցենտի կոչումը ձեռք է բերել 2004-ին, ունի գիտական աշխատությունների հարուստ ցանկ, որը բավարարում է առաջադրման պահանջներին։

Հիշեցենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկանն է Գագիկ Ղազինյանը, որն Aravot.am-ին ավելի վաղ ասել էր, որ իր առաջադրվել-չառաջադրվելու հարցը որոշակի հանգամանքներով է պայմանավորված։

Ինչ վերաբերվում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանին՝ նա 1994 թ-ից զբաղեցնում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031