«Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել։ Բայց որպեսզի այս հրապարակն Արցախի բնակիչներից հետո չհանձնվի Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի կամ անգամ Արարատի ժողովրդին, մենք համազգային այդ խենթությունը պիտի կրկնենք։ Պիտի գտնենք այդ բանաձեւը եւ առաջին քայլն այն է, որ՝ բոլորս, անկախ նրանից, թե տարիներ առաջ ո՞վ եւ ինչպե՞ս է քվեարկել, պիտի գիտակցենք, որ իշխանության խոսափողը Սահմանադրությունից, սեփական երդումից, օրենքից դուրս է»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Տավուշի մարզում Ադրբեջանին գյուղեր հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայ ժողովրդին կոչ է անում միանալ եւ պայքարել ոչ միայն արցախցիների վերադարձի համար, այլ գիտակցել, որ մեր յուրաքանչյուր բնակավայր հիմա հարվածի տակ է․ «Մեր միջի փոքրությունը պիտի հաղթահարենք, պստլիկությունից դուրս գանք եւ համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին»։
Կարդացեք նաև
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրացնում է հարեւան պետությունների քաղաքականությունը եւ այն, որ նա մեր ժողովրդին վախեցնում է պատերազմով, դա նշանակում է, որ ինքը թշնամի պետության քաղաքականության կցորդն է։
Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումներին էլ, որ օբյեկտիվորեն աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես է ստացվել, որ զիջումներ են պետք, Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձում է՝ դա բազմադարյա պատրվակների մեթոդաբանության արտահայտություն է եւ մենք տեսել ենք, թե մեկ զիջումն ինչի՞ է բերել․ «Եթե այս իշխանությունը եւ իր ղեկավարը մնան, ՀՀ-ն պետք է ետ քաշվի Երեւանի շուրջ եւ լավագույն դեպքում, մենք ունենանք երեւանյան հանրապետությունը»։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նկատում է, որ միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվաստացման, կործանման, հայրենիքի կորստի, նոր պատերազմի եւ զոհերի։
Նիկոլ Փաշինյանը հստակ էր ասել՝ եթե ինքը Տավուշի մարզից հեռանա «ոչ»-ով, ապա շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։
«Ես չեմ առաջնորդվում իր խոսքերով, իր խոսքերը արժանի չեն մեկնաբանության այլեւս»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ