Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկը թող հույս չունենա, թուրքի հետ խաղաղությունը 10.000 քկմ Հայաստանն է՝ Երեւանի շրջակայքում. Ոսկեպարի բնակիչ

Մարտ 20,2024 14:56

Ոսկեպարի բնակիչները մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կորցրել են խաղաղությունը:  Տավուշի 4 գյուղերի հանձնման լուրը ոտքի է հանել գյուղի տղամարդկանց:

«Նահանջելու տեղ չունենք, ո՞ւր նահանջենք, սա մեր հողն է, մեր տունն է, մենք պիտի պաշտպանենք մեր զինվորի հետ միասին: Մենք 88 թվից էս կողմ պատերազմի մեջ ենք, փախնել չկա, ի՞նչ փախնելու մասին է խոսքը»,-ասում է Ոսկեպարի մի բնակիչ:

«Եթե պետությունը զենքով քոմակ անի, գյուղի 70 տոկոսը կանգնող է, թեկուզ պարտիզանական կռիվ լինի, երեխեքին, կանանց լրիվ հանեն, մերոնք մինչեւ վերջ պատրաստ են շաբաթներով, ամիսներով սոված- ծարավ անտառներում կմնան, բայց գյուղի համար կանգնելու են»,-հարեւանին շարունակում է Ոսկեպարի մեկ այլ բնակիչ:

Ոսկեպարում հավաքված տղամարդիկ բոլորը նույն բանն են կրկնում՝ զիջելու բան չունեն, իրենց գյուղը պաշտպանելու են մի մարդու նման. «Նիկոլական, քոչարյանական էդ սաղ ղրաղ դրեք, մի բռունցք պիտի դառնանք: Մենք սահմանապահ մարդիկ ենք… 89 թվից էս կողմ մեր կարծիքը նույնն է, մենք թուրքին հող տալու բան չունենք: Ինչ վերցրել ենք, էն է մերը»:

«Հաղթանակը 90 թվականից սկսել է Ոսկեպարից, հիմա էլ է սկսել»,-հավելեց մեկ ուրիշը:

Հավաքվածներին միացավ գյուղի դպրոցի զինղեկը՝ պատմաբան: Պատմական այս ժամանակահատվածը նա մասնագիտորեն փորձեց վերլուծել. «Ուր գնացինք, հետեւներիցս եկան, եթե գնանք, հետեւներիցս Երեւան են գալու, ոչ մեկը թող հույս չունենա, թուրքի հետ խաղաղությունը 10.000 քկմ Հայաստանն է՝ Երեւանի շրջակայքում»:

Ինչ սպասելիքներ ունի հարցին, դպրոցի զինղեկը շարունակեց. «Ես սպասում եմ առողջ ուժերին մեզ միանալու, կառավարությունից ոչինչ չեմ սպասում, փաստացի վարչապետն ասաց իր դիրքորոշումը, որը մեր տարածաշրջանի, մեր բնակչության կարծիքի հետ չի համընկնում:

Մենք ավելի վատ վիճակում ենք եղել 1991 թվականին, երբ եղել է «Կոլցո» օպերացիա, բայց չենք փախել, չենք լքել, կանգնել ենք էնքան, որ թողել-գնացել են»:

Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին կա ռուսական կայազոր, ինչի՞ համար է 2022 թվականին տեղակայվել հարցին, զինղեկը պատասխանեց. «Ռուսական կայազորը Շուռնուխում էլ, Գեղարքունիքում էլ, Արցախում էլ էր տեղակայված, ի՞նչ ստացանք, երկար ասե՞մ, թե՞ ամեն ինչ պարզ է: Ռուսներն ով, մեզ օգնելն ով, գործում է Լենին-Աթաթուրք համաձայնագիրը՝ Պուտին-Էրդողան տեսքով, ռուս-թուրքական պայմանագիրն է մեր դեմ գործում, մոռացե՛ք: Որտեղ ռուսը կանգնեց, մենք չկանք, թուրքը եկավ, նստեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031