Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը նաև ֆրանսերենն է»․ Միրզոյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ

Մարտ 20,2024 13:35

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ

Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։

Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։

Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։

Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031