Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք լսել ենք, որ էս սարը ձյունոտ է ու մեզ պետք չի, վաղն էլ կլսենք, որ Սեւանը տարին մի քանի անգամ ծաղկում է, մեզ պետք չի, կամ մեզ պե՞տք է Երեւանը». Աննա Մկրտչյան

Մարտ 20,2024 12:24

«Պետք չէ հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը հող չի հանձնի, դա սին հույս է, նույնիսկ հանցավոր ինքնավստահության հասնող հույս է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը տալու է միշտ եւ տալու է այնքան հող եւ հայրենիք, որքան անհրաժեշտ կլինի այդ աթոռը պահելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը մի օր չի արթնանալու ու հասկանա, որ ինքը «հանցագործ ու դավաճան» է. «Այն փաստը, որ ինքը ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները որեւէ կերպ չի կատարում դիտավորությամբ, դա ակնհայտ է ու ինքը դրա մասին շատ լավ գիտի: Պատասխանատվության չենթարկվելու միակ եղանակը իր համար ՀՀ-ի չգոյությունն է: Եթե չկա Սահմանադրություն, չկա իրավական համակարգ, չկան պետական մարմիններ, որոնք պիտի պատասխանատվության ենթարկեն, ո՞վ պիտի պատժի, կարո՞ղ է Թուրքիան ու Ադրբեջանը պետք է Նիկոլին տանեն պատժեն: Նիկոլի համար հայրենիքի գաղափարը չկա, կլինի դա Ոսկեպարը, վաղը կլինի Սեւանը, անվանարկելու համար որեւէ խոչընդոտ չի լինի: Եթե մենք լսել ենք, որ էս սարը ձյունոտ է ու մեզ պետք չի, վաղն էլ կլսենք, որ Սեւանը ծաղկած է, տարին մի քանի անգամ ծաղկում է, մեզ պետք չի, կամ Երեւանը երեկ տեսա՞ք, ամբողջը հորդառատ անձրեւի տակ էր մնացել, բա պե՞տք է մեզ էս Երեւանը»:

Աննա Մկրտչյանն ասաց, որ այսօր չնայած հայհոյելը քրեականացված է, բայց մարդիկ շարունակում են Նիկոլ Փաշինյանին հայհոյել ու ասել իրականությունը, որ դավաճան է, հողատու է, ազգադավ է:

Դիտարկմանը, որ հանրությունը ընդդիմությանն է մեղադրում, որ ոչ մի բան չի անում՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ եթե իրենք մանդատները դնեն, ԱԺ-ն չի լուծարվելու. «Ազգային ժողովում իմ լինելը պայմանավորված է ՀՀ քաղաքացու խոսույթը սրանց դեմքին շպրտելով, կարծում եմ, միակ բանը, որով զբաղվում եմ, դա է: Չեմ խորշելու շարունակաբար դա անել: Կարծում եմ, միակ մեր ֆունկցիան դա է, ոչ թե նստել սրանց հետ օրենքներ քննարկել ու մտածել՝ ինչպես վերցնել ՔՊ-ից ձայներ մեր այս կամ այն նախաձեռնության համար կամ գործուղումների մեկնել նրանց հետ՝ փորձելով մեզ համոզել, որ օգտակար գործ ենք անում պետության համար: Ընդդիմությունը միակ օգտակար գործը, որ կարող է անել, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է՝ իր խիստ կոնկրետ գործողություններով եւ վերացարկված նախադասություններից դուրս: Շատ կոնկրետ իմանալ՝ մենք ինչի համար ենք այստեղ, չտրվել կոնստրուկտիվիզմի տեսլականներին եւ երեւակայելի աշխատանքի պատրանքին, որովհետեւ եթե այս երկրում չկա ԱԺ ու պետական կառավարման համակարգ, զավթված է, իշխանության որեւէ ճյուղ տարանջատման սկզբունքի հիմքով չի գործում, այստեղ 70-ից հոգուց ավելի «կնոպկա» սեղմող են, մենք ի՞նչ ենք ուզում այստեղ համոզած լինենք: Այո, ես էլ եմ դժգոհ մեզնից, գոհ կլինեմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը չի լինի»:

Լրագրողները փոխանցեցին՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշի գյուղերի համար ասում է, որ պետք է տանք, որ լեգիտիմ իրավունք ունենանք պահանջելու 31 գյուղերը՝ Աննա Մկրտչյանն արձագանքեց. «2020-ի պատերազմին ասում էր՝ այն, ինչ տվել ենք պատերազմում, վերջ, սա է խաղաղության գրավականը: Հետո եկավ հունվարը ու բացահայտվեց, որ բանավոր համաձայնություններով ու գրավոր տրվածները շատ ավելին էր, քան պատերազմով զիջվածները, ասաց՝ սա է վերջին կետը, սա տալիս ենք, հարցը փակվում է: Հետո եկավ Գորիս-Կապան ճանապարհը, միջպետական ճանապարհը փակեցին ադրբեջանցիները, ասեց՝ ժողովուրդ, էս է, տալիս ենք ու վերջ: Հետո եկավ Ստեփանակերտը դատարկելը, ասեց՝ էլ բան չենք տալիս: Հիմա եկավ 4 գյուղերը, մտածում եք հետո 5 գյուղ չի՞ լինելու, հետո արդեն քաղաքներ, մարզկենտրոններ, Երեւանը վերջիվերջո չի լինելու: Ակնհայտ է, որ Ալիեւի եւ թուրքերի նպատակն այստեղ հայկականության վերացումն է, գալու են ինձ մորթեն, ձեզ խղճա՞ն, ոչ»:

Աննա Մկրտչյանը վստահ է, որ պատերազմը Նիկոլ Փաշինյանն է բերում ու եթե այսօր նա գնա, պատերազմին նպաստող մի քանի տասնյակ գործոններ նվազելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031