Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասեք, ազնիվ խոսք, այո, կհավատամ». Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գործով փորձագետ

Մարտ 20,2024 13:30

Երեկ ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) շարունակվեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը: Դատավորն արձանագրեց, որ հերթական անգամ նիստից բացակայում է Երեւանի քաղաքապետարանը: Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ Վահե Սեդրակյանն ու Ալբերտ Կանդալյանը:

Դատարանը երեկ լսեց փորձագետ Արտաշես Հովհաննիսյանին, ով Անդրանիկ Մանուկյանի՝ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան հարեւանությամբ «Օկտագոն» ընկերության կողմից բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված տվել էր եզրակացություն, համաձայն որի՝ շինարարությունն ընթանում է քաղաքաշինական նորմերին համապատասխան:

Հայցվոր կողմի ներկայացուցիչները հարցրին փորձագետին, ում խնդրանքով է կատարվել փորձաքննությունը: Փորձագետը պատասխանեց՝ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, իսկ ընկերության ներկայացուցիչ Տ. Խուրշուդյանն էլ ասաց՝ «Եզրակացության մեջ գրված է այդ մասին»: Փորձագետն ասաց, որ եղել է տեղում, երբ Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/9 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտված չէր, շենքի ամողջական պատկերն ուրվագծված չէր: Հարցին, թե անշարժ գույք կար, դիտարկվե՞լ է այն, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, այդ հասցե չի մտել, չափագրումներ չեն կատարվել, ինքը դիտարկել է կառուցվելիք շենքի եւ կից տան միջեւ հեռավորությունը՝ լուսավորության խնդրի հետ կապված:

Այս գործով «Էքսպերտ Ըդվայս» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագետի եզրակացության համաձայն, Անդրանիկ Մանուկյանի տան եւ հարակից բնակելի շենքի միջեւ տարածությունը կազմում է 4 մետր, ինչը նշանակում է, որ բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի մի շարք կետերի պահանջները: Անդրանիկ Մանուկյանը երեկ դատարանում փորձագետին հիշեցրեց այդ մասին եւ ասաց, թե օրենքով այն պետք է կազմեր 18-20 մետր հեռավորություն (Ա. Մանուկյանը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր. «Շենքի տեղադիրքը խախտված է, այն՝ հենց կառուցապատողի կողմից ներկայացված շինթույլտվության մեջ նախատեսված 8,50 մետր հեռավորությունը, որը, բնականաբար, չի պահպանվել, իմ տան եւ կառուցվող շենքի միջեւ նախատեսված միջանցքը հասցվել է մոտ 4 մետրի»-Ռ.Մ.)։

Փորձագետն ասաց, որ իրեն տեղեկացվել է, որ գործ ունի ինքնակամ շինության հետ: Հայցվորի ներկայացուցչի հարցին, թե ունե՞ք ապացույց, տեսե՞լ եք փաստաթուղթ, որ այն ինքնակամ շինություն է, փորձագետն ասաց՝ որ բանավոր են ասել, ինչին հետեւեց փաստաբան Ա. Կանդալյանի խոսքը. «Եթե ես ասեմ, որ ինքնակամ շինություն չէ, կհավատա՞ք, ազնիվ խոսք, ինքնակամ չի, դա Անդրանիկ Մանուկյանի սեփականությունն է», ինչին փորձագետն ասաց. «Եթե ասեք, օրինական է, վստահաբա՞ր, ազնիվ խո՞սք, ընդունում եմ ձեր ասածը»:

Դատական նիստից հետո Ալբերտ Կանդալյանը «Առավոտի» հարցին, թե կարծես դժգոհ մնացիք փորձագետի պատասխաններից, ինչ էիք ակնկալում, պատասխանեց. «Փորձագետն այդպես էլ չպատասխանեց, ամողջակա՞ն ուսումնասիրություն է կատարել, թե ոչ, չնայած պարզ դարձավ, որ առնվազն Անդրանիկ Մանուկյանի տարածքը երբեւիցե նրա դիտարկման առարկա չի դարձել, «Օկտագոնի» կողմից «ազնիվ խոսք» են տվել, թե ինքնակամ շինություն է, ես էլ «ազնիվ խոսք» տվեցի, լսեցիք, ասացի՝ օրինական է: Մի կողմի ազնիվ խոսքը դիտարկվում է հալած յուղի պես ինչ-որ հանգամանք, իսկ իմ դեպքում՝ ոչ: Կարող եմ պնդել, որ փորձագետն օբյեկտիվ չի եղել առնվազն»:

Երեկ վարչական դատարան պետք է գար նաեւ «Բաբայան Լատ-նախագիծ» ՍՊԸ տնօրեն Հ. Բաբայանը, որը չէր ներկայացել, իսկ դատարանը հաջորդ անգամ նրան ծանուցելուց հետո կդիմի բերման ենթարկելու որոշմանը, եթե փորձագետը չներկայանա: «Բաբայան Լատ-նախագիծ» ՍՊԸ տնօրեն Հ. Բաբայանի եզրակացությունը հաստատվել է 2023 թ. ապրիլի 27-ին, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեում կատարվել է ստուգայց-հետազննում: Ուսումնասիրություններից պարզվել է, որ հողային աշխատանքները կատարվել են էքսկավատորով, որտեղ հիմքերի համար փորված փոսորակի խորությունը հասնում է մինչեւ 7,0 մ, իսկ աշխատանքների կատարումը ընթացել են դինամիկ ցնցումներով` խարխլելով եւ թուլացնելով տվյալ տեղամասի շենք-շինությունների հիմքերի տակ գտնվող հիմնատակերը, այդ թվում նաեւ՝ քննարկվող բնակելի տան հիմքերը: Հիմնական կոնստրուկցիաներում առկա էին զգալի ճաքեր, վնասվածքներ, մասնավորապես՝ քարե պատերում միջանցիկ, թեք եւ անկյունագծային (0,2-0,5 մմ) ճաքեր, քարե երկայնական պատերում միջնապատերի աննշան շերտավորում եւ նստվածք, ծածկի առանձին տարրերում կան տեղափոխություններ: Ըստ եզրակացության, շինարարական աշխատանքների ժամանակ չեն պահպանվել շինարարական տեխնոլոգիական պահանջները, որոնց հետեւանքով վերը նշված բնակելի տանը պատճառվել է վնաս (ճաքեր, նստվածքներ՝ հատկապես հիմնատակերում), ուստի Թումանյան փողոց 2-րդ անցուղի հ. 5/4 հասցեի բնակելի տան կրող եւ պատող կոնստրուկցիաներում պետք է իրականացվեն ամրացման եւ վերականգնման կոնստրուկտիվ միջոցառումներ:

Հաջորդ նիստին, որը նշանակվեց ապրիլի 15-ին, հայցվոր կողմը կներկայացնի միջնորդություններ այլ փորձագետների դատարան հրավիրելու համար, ինչի կապակցությամբ պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ Տ. Խուրշուդյանն ասաց. «25 տարվա փաստաբան եմ, առաջին անգամ է՝ չեմ հասկանում, ինչի համար են կանչվում փորձագետները»: Ա. Մանուկյանի ներկայացուցիչ Վ. Սեդրակյանը պատասպանեց. «Մենք ունենք մեր տրամադրության տակ բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ, կան հակասություններ, անհասկանալի ձեւակերպումներ, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք կանչվեն դատարան»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
19.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031