Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերն ու հավատարմությունը կարող են հաղթել ամեն ինչ, նույնիսկ չարին ու խաբեությանը»

Մարտ 20,2024 12:30

Եվս մեկ անգամ փաստում են ռուսական բալետի հյուրախաղորդ արտիստները

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 35 տարի անց կրկին բեմադրված Չայկովսկու «Կարապի լիճը» բալետը պրեմիերայի օրվանից մինչ օրս շարունակում է իր հաղթարշավը։ Ներկայացումը ի սկզբանե չափազանց հղկված էր մենապարողների, կորդեբալետի եւ նվագախմբի ստեղծագործական միասնությամբ, բեմադրության հեղինակների՝ երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի, գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլիի բարձր պահանջների արդյունքում։

Բեմադրության բալետմայստերն է Ալեքսեյ Ֆադեեւը, որը ներկայացրել է հանրահայտ բալետմայստերներ Մարիուս Պետիպայի եւ Լեւ Իվանովի՝ 1800-ականների վերջերին Ռուսաստանում իրականացված բեմադրությունների իր խմբագրած տարբերակը։

Վերջերս հերթական ներկայացման ժամանակ գլխավոր դերապարերով առաջին անգամ հանդես եկան NOVAT-ի (Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոն) պրիմա պարուհի եւ բալետային խմբի ղեկավար Աննա Օդինցովան եւ առաջնակարգ արտիստ Արտյոմ Պուգաչյովը։ Խոսել այս արտիստների ներկայացրած շշմելու աստիճան բարձրարվեստ կատարման մասին, կնշանակի ոչինչ չասել։


Բայց մի հանգամանք կա. հյուրախաղորդ արտիստներն իրենց թատրոնում հանդես են գալիս այլ խորեոգրաֆի իրականացրած «Կարապի լիճը» ներկայացման մեջ, հետեւաբար հետաքրքրվեցինք՝ ընդամենը մեկ-երկու փորձ անցկացնելով դժվար չէ՞ր յուրացնել երեւանյան ներկայացման պահանջները։ «Նախ ասեմ, որ յուրաքանչյուր բալետի արտիստի ստեղծագործական կյանքում, հատկապես հյուրախաղերի ժամանակ, նման դեպքեր հաճախ են պատահում։ Մեր թատրոնում «Կարապի լիճը» իրականացրել է, այսպես բնորոշեմ՝ 20-րդ դարի բալետի դասականների վերակառուցման աշխարհահռչակ վարպետ Միխայիլ Մեսսերերը։ Նրա այս աշխատանքն ավելի վաղ կատարվել էր Սանկտ Պետերբուրգում, արժանանալով ռուս քննադատների հիացական գնահատականներին եւ ստացել բարձր գնահատականներ արեւմտյան մամուլում»,- ասաց Աննա Օդինցովան։

Ընդհատելով նրան, Արտյոմ Պուգաչյովը հայտնեց հետեւյալը. «Տպավորված եմ այս գործի երեւանյան բեմադրությամբ եւ ծանոթ լինելով տարբեր խմբագրումների, ասեմ, որ Չայկովսկու այս բալետը՝ հիմնված լինելով ասպետական դարաշրջանի հեքիաթի վրա, հուզիչ ու գեղեցիկ սիրո մի պատմություն է՝ ողողված բազմաթիվ խոչընդոտներով, փորձություններով, որոնց միջով անցնում են երիտասարդ սիրահարները։ Եվ այս բալետի բեմադրական բոլոր տարբերակներում, ծանոթանալով եւ տեսնելով երեւանյանը նույնպես, մի բանում կարող ենք համոզված լինել. որ սերն ու հավատարմությունը կարող են հաղթել ամեն ինչ, նույնիսկ չարին ու խաբեությանը»։

Զրույցի ընթացքում խոսք եղավ «Բոլշոյ» թատրոնում առաջին անգամ 1877թ. Վենզել Յուլիուս Ռեյզինգերի բեմադրությունից հետո տարբեր բեմադրությունների եւ խմբագրումների մասին (Չայկովսկին այս բալետը ստեղծել է «Բոլշոյ» թատրոնի պատվերով- Ս. Դ.)։ Մեր զրուցակիցները հավաստիացրին, որ մինչ համաշխարհային գլուխգործոց դառնալը, բալետի շարունակական կյանքը սկսվել է Սանկտ Պետերբուրգում։ Բալետմայստեր Լեւ Իվանովն այս ստեղծագործությանը բեմական կյանք է հաղորդել 1894թ., իսկ մեկ տարի անց՝ Մարիինյան թատրոնում, իր տարբերակն է ներկայացրել Մարիուս Պետիպան։ 1901-ին այս գործին է անդրադարձել Ալեքսանդր Գորսկին, ինչը, մեր զրուցակիցների խոսքով՝ շատ հեռու էր  Պետիպայի եւ Իվանովի տարբերակներից։ Տարիներ անց, որոշ վերափոխումներով բեմադրել է նաեւ Գորսկու աշակերտը՝ Ասաֆ Նեսերերը։

Ընդ որում, այս բեմադրության մեջ են փայլել Գալինա Ուլանովան եւ Մայա Պլիսեցկայան։ Յուրի Գրիգորովիչն էլ է անդրադարձել՝ 1969թ.։ 1996-ին Վլադիմիր Վասիլեւն առաջարկել է բալետի արմատապես թարմացված տարբերակ։ 2001-ից մինչ այսօր «Բոլշոյ» թատրոնում ցուցադրվում է «Կարապի լիճը»՝ Գրիգորովիչի նոր խմբագրությամբ։

Հյուրախաղորդ արտիստներին մենք էլ ներկայացրինք 90 տարին բոլորած մեր թատրոնում տարբեր խորեոգրաֆների բեմադրված այս բալետի ժամանակացույցը. առաջին անգամ 1934թ. բեմադրել է  բալետմայստեր Յուրի Ռեյնեկեն, երկրորդ անգամ, 1940-ին՝ Լեոնիդ Լավրովսկին, 1955-ին՝ Վլադիմիր Վարկովիցկին, իսկ 1971-ին՝ Կոնստանտին Սերգեեւը, որի բեմադրությունը խաղացանկում էր մինչեւ 1980-ականների վերջը։

Իհարկե, արտիստների հետ զրույցի ընթացքում չէր կարող քանիցս չհիշատակվել մաեստրո Դուրգարյանի անունը, քանի որ դիրիժորը, ինչպես հայտնի է, ցանկալի հյուր է Ռուսաստանի հեղինակավոր թատրոններում։ Այս կապակցությամբ Աննա Օդինցովան հայտնեց հետեւյալը. «Կարապի լճի» պարտիտուրը մեծ ազատություն է տալիս դիրիժորին։ Չայկովսկու երաժշտության իսկապես տաղանդավոր մեկնաբան Դուրգարյանը խորապես բացահայտել է ստեղծագործության հուզական ու բանաստեղծական հեքիաթային իմաստը, ճշգրիտ որոշելով երաժշտության հնչողության տեմպն ու խարակտերը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ բալետի ռուս արտիստները երեւանյան «Կարապի լճում»:

«Առավոտ» օրաթերթ
19.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031