3,5 դար շարունակ մարդկության մի մասը լցված է անհիմն լավատեսությամբ
«Եվրոպայում մեծ պատերազմը, որի սպառնալիքը միշտ էլ գոյություն է ունեցել, իրականում երբեք չի սկսվի: Բանկիրների փողն այդպիսի պատերազմի համար չի հերիքի, դրան չի դիմանա արդյունաբերությունը, դրան ընդունակ չեն քաղաքական գործիչները: Մեծ պատերազմ չի լինի», -1913 թվականի ամռանը՝ միլիոնավոր մարդկանց կյանքը խլած Առաջին աշխարհամարտից մեկ տարի առաջ գրում էր Սթենֆորդի համալսարանի նախագահ Դեյվիդ Սթար Ջորդանը:
Նման միամիտ լավատեսությունը սովորաբար հիմնված է լինում երկու տեսակի պատրանքների վրա: 1/ Որոշումներ ընդունողները՝ քաղաքական գործիչները, բանկիրները, արդյունաբերության ղեկավարներն այնքան խելամիտ կգտնվեն, որ կհաշվարկեն իրենց քայլերի կործարար հետեւանքները: 2/ Մարդկությունն այնպիսի մի հզոր առաջընթաց է ապրել, որ բարբարոսության, արյունահեղության, մոլեռանդ անհանդուրժողականության «մութ դարերն» արդեն անցյալում են, եւ այժմ բացառված է, որ նման բան տեղի ունենա:
Երկու պատրանքներն էլ բավականին «երիտասարդ են», եթե համեմատենք մարդկության ողջ ընթացքի հետ՝ ընդամենը 3,5 դար: Լուսավորչական շրջանում, որն, անշուշտ, նաեւ իր դրական դերն է խաղացել մարդկության զարգացման համար, ձեւավորվել են որոշ կեղծ թեզեր: Դրանց համաձայն՝ ոչ միայն «բանականությունն» ու «առաջընթացն» են վերջնականապես հաղթել, այլեւ, պարզվում է, զարգացման որոշակի աստիճանի հասած պետություններում իշխանությունն իբր «պատկանում է ժողովրդին»: Ավելի անհեթեթ պնդում դժվար է պատկերացնել:
Կարդացեք նաև
Իրականում երբեք ոչ մի երկրում իշխանությունը չի պատկանել «ժողովրդին», որն ինքնին չափազանց առաձգական եւ հեղհեղուկ եզրույթ է: Իշխանությունը որոշ տեղերում ձեւավորվում է ընտրատեղամասեր եկած քաղաքացիների մեծամասնության կամքով, որոշ տեղերում՝ առանց այդ կամքի: «Ժողովրդին պատկանելությունն» այստեղ որեւէ կապ չունի: Իհարկե, առաջին տարբերակն ավելի նախընտրելի է, ավելի արդար է, բայց երկու դեպքում էլ իշխանությունը կարող է պատկանել թե՛ քիչ թե շատ ադեկվատ մարդկանց, թե՛ կատարյալ անմեղսունակներին:
Վերապահում անեմ՝ բանականության եւ առաջընթացի մեջ, բնականաբար, ոչ մի վատ բան չկա: Վատ է դրանց հանդեպ չհիմնավորված վստահությունը: Այդ վստահությունն է, որ բախվում է դաժան իրականությանը՝ սկսած լուսավորչական հայացքների անմիջական ծնունդ հանդիսացող ֆրանսիացի հեղափոխականների տեռորից, շարունակած նույն միջավայրից դուրս եկած Նապոլեոնի սանձանզերծած պատերազմներով:
Բայց ամեն անգամ լավատեսներն ասում են՝ վերջ, սրանից հետո արյունահեղություն ու գազանություն չի լինի: Ու ամեն անգամ սխալվում են:
Նույն ժամանակահատվածում, երբ Սթենֆորդի համալսարանի նախագահն իր «ճշգրիտ» կանխատեսումներն էր անում, ոչ ոք, որքան գիտեմ, ենթադրություն չէր հայտնում, որ «առաջադեմ» հեղափոխություն իրականացրած երիտթուրքերի կառավարությունը մեկուկես միլիոն հայի կսպանի: Ո՛չ, ի՞նչ եք ասում, լուսավոր Եվրոպան նման բան թույլ կտա՞:
Նույնը՝ 21-րդ դարում: Մինչեւ 2020 թվականի նոյեմբեր «մեյնսթրիմային» կանխատեսումներ չէին հնչում, որ Արցախում այլեւս հայ չի մնա: Մինչեւ 2022-ի փետրվար շատ քչերն էին կանխատեսում, որ Ռուսաստանը լայնամասշտաբ հարձակում է իրականացնելու Ուկրաինայի վրա:
Լավատեսները շատ «համառ» ժողովուրդ են: Հայաստանյան այս տեսակն այժմ ասում է տարբեր բաներ, որոնք, շատ հնարավոր է, սխալ դուրս գան: Որ եթե մենք կողմնորոշվենք դեպի Արեւմուտք, ապա անպայման կզարգանանք ու կբարգավաճենք: Որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող երկրի վրա ոչ ոք չի համարձակվի հարձակվել: Որ ՄԱԿ-ի անդամ պետությունը չի կարող դադարեցնել իր գոյությունը: Ո՞վ ասաց, որ այդ ամենը 100 տոկոսանոց ճշմարտություն է:
Դարձյալ հաշվարկը բանականության, առաջընթացի եւ, որն ավելի անհեթեթ է՝ մեր հանդեպ ինչ-որ ենթադրյալ համակրանքի վրա է: Հիրավի, հետին խելք էլ չունեցանք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2024