Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ հանցանք չէինք գործել, զարմանում եմ, թե ինչպես կարող էր այս գործը յոթ ամիս քննվել». Ցոլակ Ակոպյան

Մարտ 20,2024 11:44

Լրագրող Դավիթ Սարգսյանի եւ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Aravot.am-ի հետ զրույցում Ցոլակ Ակոպյանը հետեւյալը նշեց. «Երբ սեպտեմբերի 19-ին ծավալվեցին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները՝ Արցախի ցեղասպանությունը կամ հայրենազրկումը, ակտիվորեն մասնակցում էինք բողոքի գործողություններին: Լսելով, որ ԵՊՀ-ում ռեկտորատի նախաձեռնությամբ ընդդեմ Արցախի որոշում են ուզում ընդունել այս հայադավ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ մենք գաղափարակիցներով որոշեցինք այցելել համալսարան ու խոչընդոտել որոշումն ընդունելուն, խնդրել մեր դասախոսներից, դեկաններից, գործընկերներից՝ չգնալ եւ չստորագրել այդ հայադավ որոշման տակ:

Երբ հասանք համալսարան, պարզվեց, որ մեր առջեւ դռները փակ են, մենք խնդրեցինք բացել դռները եւ որոշումը չկայացնել: ԵՊՀ ռեկտորը, սակայն, հարկ համարեց կարմիր բերետավորներ կանչել ԵՊՀ, որոնք մեզ նախ բերման ենթարկեցին, այնուհետեւ մեր նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ խմբակային խուլիգանության հոդվածով, մեզ ձերբակալեցին, մեկ օր անազատության մեջ պահեցին, որից հետո 7 ամիս քրեական գործը ընթացքի մեջ էր:

Միայն երեկ տեղեկացանք, որ քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Չնայած չէինք էլ կասկածում, որ այդպես պետք է լինի, որովհետեւ մենք որեւէ հանցանք չէինք գործել, մնում է զարմանալ, թե ինչպես կարող էր այս գործը 7 ամիս քննվել»:

Բրյուսովի նախկին պրոռեկտորի խոսքով. «Բուհերը, ակադեմիական հանրույթը մեր հասարակության շարժիչ ուժը պետք է լինեն: Միգուցե շատ ու շատ խնդիրներ, որ այսօր առկա են հասարակությունում, բուհական անտարբերության պատճառով են: Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչպես կարող է դոկտոր, պրոֆեսոր մարդը հանդուրժել այս իրավիճակը, երբ կորցնելու բան չունի, պաշտոն չունի:

Մեր դժբախտությունների մեծ մասի պատճառը բուհական հանրույթի անտարբեր վերաբերմունքն է երկրում տիրող իրադարձություններին:

Բայց այսքանով հանդերձ՝ բուհերը շարունակում են այս իշխանությունների համար գլխացավանք լինել, որովհետեւ բուհական հանրույթն, այնուամենայնիվ, ամենաընդդիմադիր հանրույթն է այսօրվա դրությամբ: Ու դա է պատճառը, որ սրանք ամեն կերպ ուզում են բուհերը հեռու տանել քաղաքի կենտրոնից: Իրենք հասկանում են, որ ինչ էլ լինի, միեւնույն է՝ ազգային զարթոնքի ժամանակ բուհերը զարթնելու են ու ոտքի են կանգնելու, ես համոզված եմ, որ ակադեմիական հանրույթն է լինելու առաջամարտիկը մեր պայքարի, մեր ապագա վերածննդի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031