Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. «Հարց եմ տալիս՝ միաժամանակյա փոխանակում արվելո՞ւ է, թե՞ ոչ». «Հրապարակ»

Մարտ 20,2024 11:05

Տավուշցիների հետ նախօրեին ունեցած լարված հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն Երեւանից դիմեց բացահայտ սպառնալիքների՝ տիկտոկյան հարթակում հայտարարելով՝ եթե հիմա չհանձնենք չորս գյուղերը, շաբաթվա վերջին պատերազմ կլինի:

Փաշինյանի տավուշցի հայրենակից, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի շանտաժը, ասում է՝ եթե իսկապես սահմանազատման-սահմանագծման գործընթաց է լինելու, ապա խոսք չի կարող լինել պատերազմի մասին. «Ի վերջո, պետք է հասկանալ, որ սահմանազատում-սահմանագծումը միակողմանի չի կարող լինել։ Մեր իշխանություններն ասում են՝ լեգիտիմ իրավունք չպետք է տանք իրենց՝ պատերազմելու: Շատ ներողություն, սահմանագծումը լեգիտիմ իրավունք չէ, եթե կան խնդիրներ․․․ Եթե մենք միակողմանի օկուպացրած լինեինք այդ չորս գյուղերը, խնդիր չկա, ես առաջինը կոչ կանեի` ինչի՞ են պետք ձեզ այդ գորշ ու դժգույն գյուղերը, վերադարձրեք` հանգիստ ապրենք։ Բայց նույն տարածաշրջանում Խորհրդային Հայաստանի ոչ պակաս տարածքներ այս պահին գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Հիմա ես հարց եմ տալիս՝ միաժամանակյա փոխանակում արվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ընդունում ենք՝ կա խնդիր, խորհրդային տարիներին այդ տարածքում եղել է չորս փոքրիկ գյուղ, առնվազն երկուսի դեպքում տները մի մասով եղել են Խորհրդային Հայաստանի, մի մասով՝ Ադրբեջանի տարածք։ Խերիմլի գյուղը խորհրդային տարիներին 2/3-ով Հայաստանի տարածքում է եղել, 1/3-ով՝ Ադրբեջանի, գյուղի կենտրոնը քարտեզով Ադրբեջան էր, ծայրերը՝ Հայաստան, բայց մարդիկ ապրում էին, ավելին՝ 70-ականներին Խերիմլիի բնակիչները երկու անգամ նամակ են գրել պատկան մարմիններին՝ խնդրելով, որ իրենց գյուղը մտցնեն Իջեւանի շրջանի մեջ, որովհետեւ իրենց ավելի հարմար է Իջեւան գնալ, ոչ թե Ղազախ։ Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանագիծը վերարտադրելն անհեթեթություն է երկու կողմերի համար, առավել եւս, երբ մեզ միակողմանի զիջում են պարտադրում։ Կրկնում եմ՝ լինելո՞ւ է միաժամանակյա փոխանակում, այսինքն՝ Բերքաբերի Ջողազի ջրամբարի հարակից տարածքները, որոնք շատ ավելի լավ, բերրի հողեր են, բայց Ադրբեջանի տարածքում են գտնվում, իրենք դա վերադարձնելո՞ւ են մեզ: Եթե այո` խնդիր չկա։ Այդ հողերը ձգվում են մինչեւ Ցախափայտ լեռը, լեռան գագաթով սահմանը Հայաստանինն է։ Բայց վստահ ենք, որ Ադրբեջանը չի գնալու դրան: Եթե այդ տարածքը վերադարձնի Հայաստանին, իսկ մենք վերադարձնենք իրենց հիշատակած չորս գյուղերի տարածքը, ապա դեպի այդ չորս գյուղեր տանող ճանապարհը փակվում է»։ Գեղամ Նազարյանի խոսքով՝ ինքն էլ է կողմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններին, բայց դա չի նշանակում, որ ինչ ուզում են, պետք է տանք։ Ավելին՝ հիշում է, որ շուրջ 3 տարի է՝ Փաշինյանն այդ թեզն է առաջ տանում՝ Արցախը տանք, որ Հայաստանը խաղաղ ապրի, սակայն դա մտացածին թեզ է, որքան տալիս ենք, դիմացինի ախորժակն ավելի է բացվում․ «Կարող ենք այդպես մի 100 զիջում թվարկենք, որ, այ, սա արեցինք՝ ակնկալելով, որ այսպես կլինի, բայց․․․ ես ամենեւին կողմ չեմ պատերազմի, բայց հենց միակողմանի զիջումներն են նոր պատերազմի հենք՝ դա կլինի մեկ տարի հետո, թե տասնամյակներ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031