Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ-մայոր․ «Ռուս սահմանապահներին հանելու դեպքում Թուրքիան Արմավիրում, Արագածոտնում, Շիրակում նոր սահմանագծում կանի ու իր մեծ փայաբաժինը կտանի Հայաստանից»

Մարտ 20,2024 09:00

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում հնչեցրած մտքերը եւ դրանց հնարավոր հետեւանքները՝ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը երեկ «Հայելի» ակումբում ասաց. «Տավուշում առանձին անձանց կողմից կոնկրետ հարցեր հնչեցվեցին, որ իրենք ծնվել եւ ավելի քան 50-60 տարի ապրում են այդ հողում, ծննդական, անձնագիր են ստացել, տունուտեղ են ստեղծել: Ու մի՞թե իրենք իրենց տունուտեղը ստեղծել են Ադրբեջանում, ինչպես կամակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական որեւէ հող չի հանձնելու: Ուրեմն այդ հողերը ո՞ւմն են եղել, եթե մարդը ծնվել այդտեղ, հայկական անձնագիր է ստացել: Կադաստրի վկայական էր Նիկոլը մեջբերում, իբր Հայաստանը չունի: Բայց մարդիկ բնակարաններ ունեն՝ օրինական կարգով ստեղծված:

Ավելին, ես ուսումնասիրեցի իրավական ակտերի մասին սրանց հրապարակումները: Հիշում եք, որ սա հայտարարում էր, թե Արցախը վաղուց էր հանձնված թուրքերին եւ վկայակոչում էր 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Եվ հայտարարում էր, թե Սյունիքից այն կողմ ընկած հատվածը արձանագրված է որպես Ադրբեջանի տարածք: Բա հիմա, որ Տավուշի գյուղերն ուզում ես հանձնել, վարչատարածքային բաժանման մասին օրենքով դա ո՞ւմ է պատկանում: Այդ գյուղերը այդ օրենքով ընդգրկված են Ադրբեջանի՞ կազմում: Իհարկե՝ ոչ: Դրանք ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում:

Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը եւս դատարկվելու են: Ադրբեջանցիները այնտեղ քաղաքացիական բնակիչների չեն բերելու: Նրանք այդ գյուղերը վերածելու են կոնկրետ ռազմաբազաների: Այսինքն, Հայաստանի մարմնի մեջ մտնելու է թուրքական ռազմաբազա։ Ու Ադրբեջանը հսկելու եւ ղեկավարելու է ամբողջ տարածաշրջանը:

Նա գնացել ու գյուղացիներին վախեցնում է, թե եթե այսօր-վաղը այդ գյուղերը չհանձնի, ապա մեկ շաբաթից պատերազմ է լինելու: Իսկ մարդկանց կոնկրետ հարցին, թե արդյո՞ք երաշխավորված է, որ հանձնելուց հետո պատերազմ չի լինի, երկրի ղեկավար կոչվածը պատասխանում է՝ հույս ունենանք, որ չի լինի»,-արձանագրեց Թաթուլ Պետրոսյանը:

Դիտարկմանը, որ Փաշինյանը արդեն խոսում է ոչ միայն Տավուշի, այլեւ Արմավիրի մասին է ակնարկում, գեներալ-մայորը ասաց. «Հայաստանի սահմանները այսօր պահում են ռուսական սահմանապահ զորքերը: Սրանք այդ զորքերի դուրսբերման լուրջ գործընթաց են սկսել, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանից, որի մասին արդեն փաստաթուղթ են ուղարկել: Սրանք ռուս սահմանապահներին հանելով մի շարք գործողություններ անելու նպատակ ունեն։ Օրինակ, մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ Հայաստանի պատկերասրահի նկարները, Մատենադարանի գանձերը վաղը դուրս չեն բերվի Հայաստանից, թանկարժեք քարեր, ոսկի կամաց-կամաց դուրս չեն բերվի, մաքսանենգ ճանապարհով Հայաստանից այլ ապրանքներ դուրս չեն բերի։ Եվ ամենավտանգավորը․ ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղը թուրքերը չեն գա Հայաստան։ Նույն օդանավակայանով կգան, կլցվեն Հայաստան։ Ու կգան այն թուրքերը, որոնք իբրեւ վկայական ունեն, իբրեւ ծննդական ունեն, որ ծնվել են ՀՀ տարածքում։ Չէ՞ որ արեւմտյան Ադրբեջանի պահանջ ունեն։ Եվ պատկերացրեք, 100-150 հազար թուրք գան, լցվեն Սյունիքի հատվածում։ Ու այն նեղ հատվածում, որն Ադրբեջանը կապում է Նախիջեւանի հետ, կարող են նույնիսկ վրանային քաղաք ստեղծել։ Ու նրանց կպաշտպանեն Ադրբեջանի զինված ուժերը։ Հետո միանգամից հրապարակավ կդիմեն միջազգային կառույցներին, թե պաշտպանեք մեր կյանքի, մեր բնակության իրավունքը։ ։

Եվ հիմա էլ խոսելով Արմավիրի մասին՝ պետք է մտածենք, որ Թուրքիայի հետ սահման ունեն նաև Շիրակը, Արագածոտնը, Արարատը: Ռուս սահմանապահ զորքերի դուրս գալուց հետո, համոզված եղեք, թուրքերը հայտարարելու են, թե այդ սահմանները եղել են Սովետական Միության սահմանները։ Չկա Սովետական Միություն, հետեւաբար, չկա գործող սահման: Նրանք կսկսեն նոր սահմանագծում իրականացնել: Եվ հավատացեք, Թուրքիան իր լուրջ փայաբաժինը կվերցնի Հայաստանից»,-ասաց գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031